Վազգեն Մանուկյանը չորս կետ է առաջարկում - Mediamax.am

7780 դիտում

Վազգեն Մանուկյանը չորս կետ է առաջարկում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։

«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, եւ անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին եւ այս ձեւով»,- ասել է Վազգեն Մանուկյանը:

 

«Ինչքանով կարողանում եմ դատել, ժողովրդական ցուցարարների կողմը հստակ ձեւակերպել է իր պահանջը, որի հիմքում ընկած է Ազգային ժողովը լուծարումը եւ նոր խորհրդարանի ձեւավորումը: Կարեն Կարապետյանը նույնպես հայտարարեց, որ իշխանությունները համաձայն են քննարկել խորհրդարանը լուծարելու, անգամ անհապաղ լուծարելու հարցը, բայց դա պետք է որոշում դառնա բանակցությունների միջոցով»,- նշել է Հանրային խորհրդի նախագահը: 

 

Նա ներկայացրել է իրավիճակի լուծման իր տարբերակը՝

 

1.      Ազգային ժողովը ձեւավորում է Ազգային համաձայնության կառավարություն:

2.      Ազգային ժողովն անհապաղ (20-30 օրվա ընթացքում) մշակում է նոր ընտրական օրենքի նախագիծ, ընդ որում, նախագիծը հիմնականում մշակում է ընդդիմությունը, եւ եթե օրենքի նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային օրենքներին, ապա Ազգային ժողովը պարտավորվում է այն ընդունել:

3.      Տեղի են ունենում նոր խորհրդարանական ընտրություններ: Բայց այստեղ մի կարեւոր հարց կա. ընդհանրապես գոյություն ունի միջազգային նորմ, որը պարտադիր չէ, բայց ավանդույթի ուժ ունի, ըստ որի՝ ընտրական օրենքը կարելի է փոխել միայն ընտրություններից առնվազն 6 ամիս առաջ: Կարելի է այդ նորմը բանի տեղ չդնել եւ խորհրդարանական ընտրություններն անցկացնել անմիջապես, բայց այդ 6 ամսի պահանջն ունի ներքին տրամաբանություն. երբ խաղի կանոնները փոխվում են, կուսակցություններին տրվում է ժամանակ, որպեսզի կարողանան նոր խաղի կանոններով առաջնորդվել, եւ ես կարծում եմ՝ դա ճիշտ է: Այս պահին նոր ընտրություններ անցկացնելը կնշանակի ձեւավորել մի խորհրդարան, որտեղ ներկայացված չէ հասարակության ամբողջ պալիտրան: Իսկ հասարակության պալիտրան այս օրերի ընթացքում արագորեն փոխվում է, եւ գոնե 6 ամիս ժամանակ է պետք, որպեսզի այն ձեւավորվի կուսակցաշինության միջոցով եւ ոչ թե հեղափոխական տրամադրություններով: Ես նույնիսկ գտնում եմ, որ ազգային համաձայնության կառավարությունը պետք է գործի գոնե մեկ տարի:

4.      Այս բոլոր հարցերի վերաբերյալ ստորագրվում է համաձայնագիր Ազգային ժողովի խմբակցությունների միջեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին