Նիկոլ Փաշինյան. Մեզ համար սկզբունքային է վարչապետի հարցը - Mediamax.am

5327 դիտում

Նիկոլ Փաշինյան. Մեզ համար սկզբունքային է վարչապետի հարցը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ իշխանությունը պետք է հանձնվի «ժողովրդական վարչապետին», որից հետո միայն անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք բազմիցս տեսել ենք ՀՀԿ-ի կազմակերպած ընտրությունները, եւ նոր, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել արդար, եթե դրանք ՀՀԿ-ն կազմակերպի: ՀՀԿ-ն եւ Կարեն Կարապետյանը Հայաստանում չունեն իշխանություն եւ չեն կարող կազմակերպել ընտրություններ: Մենք պետք է շատ սթափ գնահատենք իրավիճակը, իշխանափոխության արդյունքները պետք է արձանագրվեն, այլապես ճգնաժամը կշարունակվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին տված հարցազրույցում: 

 

Նա նշել է, որ ընտրությունները վերահսկելու համար կա մեկ լծակ, դա ՀՀ վարչապետի կարգավիճակն է եւ այն ՀՀԿ-ն պետք է զիջի ժողովրդին: 

 

«Հաղթանակը կերտած ժողովուրդը պետք է համոզված լինի, որ իր հաղթանակը ճանաչվելու է: Ընտրությունները վերահսկող մյուս ինստիտուտների հարցն ու դրանցում ՀՀԿ-ի ներկայությունը պատրաստ ենք քննարկել»,- ասել է նա:  

 

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ 40-50 օր աշխատող վարչապետը լինի ՀՀԿ-ական, իսկ փոխվարչապետերը՝ «Ելք»-ից, ի՞նչն է խանգարելու վերահսկել ընտրությունները կազմակերպելու ընթացքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.

 

«Ժողովուրդը հաղթել է, եւ եթե դուք խոսում եք 40 օրվա մասին, ես կարծում եմ՝ մենք բոլորս համոզվեցինք, որ 5-6 օրերը կարող են լուրջ նշանակություն ունենալ մեր քաղաքական պրոցեսներում: Մենք չենք կարող ՀՀԿ-ի այս կոռումպացված համակարգին նորից վստահել ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը: Մեզ համար սկզբունքային է վարչապետի հարցը, քանի որ իշխանության լծակները կենտրոնացած են վարչապետի ձեռքում, եւ ես չեմ բացառում, որ գործող կառավարության որոշ անդամներ կլինեն կառավարության կազմում»:

 

Նա պնդել է, որ վարչապետի ընտրությունները տեղի ունենան Ազգային ժողովում՝ Սահմանադրությանը համաձայն եւ հույս հայտնել, որ խմբակցությունները կանեն իրենց քայլն ու կընտրեն ժողովրդի կողմից առաջարկված վարչապետին, իսկ նրա ձեւավորած ժամանակավոր կառավարությունը կապահովի ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումը: 

 

Ինչ վերաբերում է վարչապետի փոխզիջումային տարբերակին, որը չի լինի ոչ «Ելք»-ից, ոչ ՀՀԿ-ից, Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշեցրել է ժողովրդի հաղթանակի մասին.

 

«Ժողովուրդը հաղթել է, չի կարող լինել քաղաքական լուծում առանց քաղաքական իրավիճակի արձանագրման: Ուժերի հարաբերակցությունը պետք է արձանագրվի ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում, այլ այսօր: ԱԺ-ում վարչապետի ընտրություններում պետք է քաղաքական իրավիճակն արձանագրվի: Եթե փորձ արվի չարձանագրել ժողովրդի հաղթանակը, մենք կվերադառնանք նախնական պլանին եւ կշրջափակենք ԱԺ-ն»: 

 

Նա հիշեցրել է, որ համակարգի դեմ են պայքարում, եւ «նոր իշխանությունը կուժեղացնի փոխզսպումների ու հակակշիռների մեխանիզմը, իսկ իրենց կողմից քննադատված՝ վարչապետի ձեռքում սուպերլիազորությունների կենտրոնացումը կբալանսավորվի»:

 

Նա վստահեցրել է. «Արդյունքում իրենց (ՀՀԿ-ի- Մեդիամաքսօլիգարխներին մեր օլիգարխները չեն փոխարինելու, եթե այդպես լինի, այս ողջ փոփոխությունն անիմաստ է դառնում: Դրանով մենք անհարգալից վերաբերմունք կցուցաբերենք մեր իսկ անցած ճանապարհի եւ ժողովրդի նկատմամբ: Փոփոխությունները միայն դրական են լինելու, որեւէ մեկը վախենալու կարիք չունի, վհուկների որս չի լինելու»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին