Վազգեն Մանուկյանն առաջարկներ է ներկայացնել Նիկոլ Փաշինյանին - Mediamax.am

2429 դիտում

Վազգեն Մանուկյանն առաջարկներ է ներկայացնել Նիկոլ Փաշինյանին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քննարկման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության վերաբերյալ:

Կրթություն

 

1) Պետք է անջատել դպրոցը բուհից եւ գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձեւավորմամբ:

 

2) Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից եւ տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:

 

3) Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների եւ միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» եւ այլն) գործունեությունը եւ դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:

 

4) Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: 

 

5) Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ եւ դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում:

 

Հանքարդյունաբերություն

 

1) Հանքարդյունաբերության ոլորտում նախեւառաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմանվի էկոլոգիայի եւ տնտեսական զարգացման ոսկե միջինը: Առաջնահերթությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան: Այստեղ ամենակարեւորը ճշգրիտ եզրը գտնելն է:

 

2) Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:

 

3) Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով:

 

Գյուղատնտեսություն

 

Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենակարեւոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետեւ փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ:

 

«Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր եւ իբրեւ խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, եւ մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացումը»,- ասել է ՀԽ նախագահը:

 

Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, ապա Վազգեն Մանուկյանը կարեւորել է, որպեսզի պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով  համապատասխան արտադրություններ: 

 

Վազգեն Մանուկյանը կարեւոր է համարել նաեւ համաշխարհային հայկական կառույցի ձեւավորման նախաձեռնումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին