Փաշինյանն առաջարկում է նոր ընտրություններն անցկացնել մեկ տարում - Mediamax.am

3668 դիտում

Փաշինյանն առաջարկում է նոր ընտրություններն անցկացնել մեկ տարում


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ նոր կառավարությունն առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում:

«Անկեղծ ասած, ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած եւ առաջնորդած թավշյա հեղափոխության ոգեւորությունը գտնվում է իր գագաթնակետին, եւ որեւէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: 

 

Սակայն, եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ: Դա կնշանակի, որ իշխանությանն առաջ է մղում բացառապես իշխանությունը պահելու մոլուցքը, իսկ ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդն ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի՝ հետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Վարչապետի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում ընտրությունների անցկացումը թույլ կտա «ոչ միայն էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլեւ հնարավորություն կընձեռի քաղաքական մյուս ուժերին դուրս գալ ցայտնոտի վիճակից եւ ընտրական նախապատրաստություններ տեսնել»: 

 

«Բացի այդ, այս ժամանակացույցը քաղաքացիներին հնարավորություն կտա 

կատարել տեղեկացված ընտրություն (informed decision)՝ հիմնվելով գործող կառավարության եւ իշխող թիմի արդյունքների վրա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Վարչապետն ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը ենթարկվելու է լրջագույն փոփոխությունների, իսկ ընտրությունների թափանցիկությունը երաշխավորելու համար կստեղծվի աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն ԱԺ բոլոր խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին