Արմեն Սարգսյանը կարեւորել է ստուգումները հանքավայրերում - Mediamax.am

2407 դիտում

Արմեն Սարգսյանը կարեւորել է ստուգումները հանքավայրերում


Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել համալիր ուսումնասիրություն կատարել բոլոր հանքավայրերում եւ «գտնել ապագային միտված լուծումներ»:

Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում՝ ի պատասխան Հայաստանում բնապահպանական խնդիրների եւ վերջերս բնապահպանների հետ հանդիպմանը հաջորդած քայլերի վերաբերյալ Tert.am-ի հարցման:

 

«Փոփոխությունների եւ սպասումների այս օրերին բնապահպանական խնդիրները բնականորեն դարձել են հիմնական օրակարգային կետերից մեկը:

 

Բնապահպանական ոլորտում ակտիվ քաղաքացիներն իրենց բողոքի ձայն են բարձրացնում, իսկ նոր կառավարությունն այդ հարցերը լսելու եւ քննարկելու, ընդհանուր եւ համակարգային լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել: 

 

Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված տարբեր ուսումնասիրությունների արդյունքները։

 

Նախագահը հանդիպել ու զրուցել է մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիների հետ, նախագահի աշխատակազմը բոլոր կողմերի հետ քննարկումներ է ունեցել:

 

Ուստի, նախագահը դիմում է բոլոր պետական, հետազոտական, գործարար եւ քաղաքացիական հասարակության շահագրգիռ ինստիտուտներին, կոչ անելով ձեւավորել համապատասխան քննարկման հարթակ, կատարել համար համալիր ուսումնասիրություն բոլոր հանքավայրերում եւ գտնել ապագային միտված լուծումներ»,- ասված է նախագահի աշխատակազմի պատասխանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին