Փաշինյան. «Գոլդ» համարների հետ կապված ամեն ինչ ավարտված է - Mediamax.am

8421 դիտում

Փաշինյան. «Գոլդ» համարների հետ կապված ամեն ինչ ավարտված է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր բացառել շարժական տեխնիկական միջոցների կիրառումը ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս։

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ ոստիկանությունը կարեւորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ:

 

 

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է անել հնարավորը «քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները չմեծացնելու համար»։ 

 

«Սա քաղաքական հստակ պահանջ է, որը պետք է կատարվի, բայց ոչ ի հաշիվ ուրիշների կյանքի եւ առողջության,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Տեսախցիկներից եւ արագաչափերից չպրծած՝ փողոցներն ուզում ենք շարժական արագաչափերով ողողել»։

 

Նա առաջարկել է երթեւեկության անվտանգությանն առնչվող խնդիրները լուծել այլ միջոցներով, մասնավորապես՝ նախազգուշացումների համակարգի ներդրման, ճանապարհների որակի բարձրացման, ինչպես նաեւ համապատասխան ճանապարհային նշանների կահավորման միջոցով։ 

 

 

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անպատժելիության մթնոլորտ չպետք է լինի։

 

«Ես հասկանում են, որ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն օգտվել իրավիճակից։ Մենք պետք է նոր տրամաբանությամբ լուծենք նոր խնդիրները։ «Գոլդ» համարները եւ դրանց հետ կապված ամեն ինչ ավարտված է, եւ դա մենք պետք է պրակտիկայում տեսնենք։ Ինչքան ավելի գոլդ է քաղաքացու մեքենայի համարը, այնքան նա պետք է ավելի զգույշ լինի, քանի որ ճանապարհային ոստիկանը հասցեական հենց իրենով է զբաղվելու։ Ի վերջո, եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոշարասյունները վարում են օրենքով, մյուսները եւս պետք է այդպես անեն»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Վալերի Օսիպյանն էլ արձագանքել է՝ նշելով, որ բարձրացված հարցերի վերաբերյալ այս ամսվա վերջ կներկայացնի առաջարկությունների փաթեթ։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին