Արարատ Միրզոյան. Մեր նպատակը իրական փոփոխություններն են - Mediamax.am

3529 դիտում

Արարատ Միրզոյան. Մեր նպատակը իրական փոփոխություններն են


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ասել է, որ «ոչ բռնի ժողովրդավար հեղափոխությունը Հայաստանում հույսի նոր զգացում է ներշնչել, որը կօգնի արագացնել Հայաստանի կողմից կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործումը»։

Այս մասին փոխվարչապետը նշել է Նյու Յորքում՝ Բարձրաստիճան քաղաքական ֆորումի շրջանակում, ներկայացնելով Կամավոր ազգային զեկույցը:

 

«ՄԱԿ-ի եւ ԿԶՆ շրջանակի համաձայն, արագացուցիչ է համարվում այն միջամտությունը, որը վերացնում է ԿԶՆ-ների իրագործման ճանապարհին առկա խոչընդոտները եւ համակարգային արգելքները։ Այս իմաստով, հեղափոխությունը մեզ համար ԿԶՆ լավագույն արագացուցիչն է. այն վերացրել է կայուն զարգացման ճանապարհին առկա լրջագույն խոչընդոտը՝ քաղաքական կամքի բացակայությունը»,- հայտարարել է փոխվարչապետը։

 

Անդրադառնալով Հայաստանի կամավոր ազգային զեկույցին՝ Արարատ  Միրզոյանը նշել է, որ «այն ներառում է ԿԶՆ-ների իրագործման հիմքում ընկած կարեւորագույն հանգամանքները եւ գործոնները, ինչպես նաեւ երկրի քաղաքականության եւ կատարողականի վեց ամիս տեւած մանրակրկիտ ուսումնասիրության եւ բազմաշահակից մասնակցային քննարկումների գործընթացը եւ հիմնական եզրահանգումները»։

 

«Կամավոր ազգային զեկույցը Հայաստանում, ինչպես մի շարք այլ պետություններում, կազմվել է համալիր գործընթացի արդյունքում, որը ներառել է փոխկապակցված մի շարք աշխատանքներ, որոնք կարող են խմբավորվել հետեւյալ կերպ. (i) քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքներ, (ii) տվյալների ուղղությամբ տարվող աշխատանքներ, (iii) ինստիտուցիոնալ աշխատանքներ, եւ (iv) երկխոսության աշխատանքներ»,- ասել է փոխվարչապետը:

 

Նրա խոսքով՝ զեկույցում դիտարկվել է ազգային ռազմավարության հայեցակարգը՝ ներառյալ ոլորտային ռազմավարությունները եւ քաղաքականությունները, ինչպես նաեւ դրա կապը ԿԶՆ-ների հետ, մասնավորապես՝ կայուն զարգացման երեք չափումների՝ տնտեսականի, սոցիալականի եւ բնապահպանականի ընդգրկումը։ 

 

«Ռազմավարության իրականացմանն օժանդակելու է ինստիտուցիոնալ այն համակարգը, որով առաջնորդվելու է ԿԶՆ-ների ազգայնացման եւ ԿԶՆ-ների իրականացման աշխատանքը։ Հայաստանն այս նպատակի համար հատուկ ինստիտուցիոնալ համակարգ է ձեւավորել, որը ներառում է Հետ-2015 աշխատանքային խումբը, Կայուն զարգացման ազգային խորհուրդը, ԿԶՆ-ների ազգայնացման միջգերատեսչական աշխատանքային խումբը եւ ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիան»,- նշել է փոխվարչապետը:

 

Արարատ Միրզոյանը, կառավարության քաղաքականությունից եւ գործողություններից բացի, անհրաժեշտ է համարել հասարակության յուրաքանչյուր անդամի, տնտեսվարողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրական եւ ակտիվ ներգրավումը։

 

«Այն փաստը, որ կամավոր ազգային զեկույցի գործընթացը համընկել է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման գործընթացի հետ, լուրջ թափ է հաղորդել ԿԶՆ-ների իրագործման ջանքերը բազմապատկելու եւ ԿԶՆ-ների իրագործումն էլ ավելի արագացնելու նոր ուղիներ փնտրելու համար։ Կամավոր ազգային զեկույցը թույլ է տալիս ավելի հստակորեն պատկերացնել իրավիճակը՝ միեւնույն ժամանակ լրացուցիչ հրատապություն հաղորդելով դրան, որն անշուշտ էական դրդապատճառ է մեր ջանքերի արդյունավետությունն էլ ավելի մեծացնելու համար։

 

Կամավոր ազգային զեկույցը մեր կառավարության համար լավ հնարավորություն է՝ ԿԶՆ-ների շրջանակում կատարված աշխատանքը գնահատելու եւ «Նոր Հայաստանի» մեր տեսլականն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ նորարար եւ ազդեցիկ լուծումներ մշակելու համար։ Մեր նպատակն է իրական փոփոխությունների հասնել Հայաստանում, որոնք կերաշխավորեն մեր քաղաքացիների ազատությունը, երջանկությունը եւ բարեկեցությունը»,- ամփոփել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին