Բոլոր հանցագործները պատժվելու են, վստահեցրել է վարչապետը - Mediamax.am

5702 դիտում

Բոլոր հանցագործները պատժվելու են, վստահեցրել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «բոլոր հանցագործները ենթարկվելու են պատասխանատվության, ժողովրդից գողացված ամեն մի լումա վերադարձվելու է»:

Այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսաուղերձի ընթացքում կառավարության ղեկավարն ասել է, որ «որ ժողովրդական հեղափոխության հաղթարշավն այլընտրանք չունի»:

 

«Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանությունը եւ չկա որեւէ ուժ, որն ի վիճակի կլինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն ժողովրդի ճանապարհին, «կհայտնվեն պատմության աղբանոցում»:

 

«Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի: Պետության եւ ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով եւ ձեւերով: Մենք այս ողջ քաղաքական գործընթացը կազմակերպելու ենք ժողովրդից ստացած լիազորությունների սահմաններում, եւ այդ սահմանները չենք անցնելու: Մենք չենք ուզում ուրիշների ապօրինությունները փոխարինել մեր ապօրինություններով, չենք ուզում ուրիշների թալանը փոխարինել մեր թալանով, ուրիշների գողացածը տեղափոխել մեր գրպաններ, մենք ուզում ենք ուրիշների գողացածը տեղափոխել ՀՀ պետբյուջե եւ ծառայեցնել ժողովրդի կարիքներին»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը հիշեցրել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 18.30-ին Հանրապետության հրապարակում կայանալու է հանրահավաք, որի ընթացքում ամփոփվելու է  «քաղաքացու իշխանության 100 օրը»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին