Փաշինյան. Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում - Mediamax.am

8465 դիտում

Փաշինյան. Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ամփոփել է կառավարության գործունեության 100 օրը։

Մեդիամաքսն առանձնացրել է նրա ելույթի առավել ուշագրավ հատվածները։

 

Թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների շրջան

 

Հետհեղափոխական առաջին ամսում՝ հունիսին, գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8,9% է, ուստի, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճել։

 

Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ամենակարեւոր արդյունքը՝ Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում են։ Սա կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլ:

 

Այս տարվա մայիսի 10-ից օգոստոսի 14-ը ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29 986-ով ավելի շատ մարդ, քան մեկնել է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածների թիվը գերազանցել է շուրջ 6000-ով։

 

Վերջին երեք ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 000-ով ավելի օտարերկրացի։ Սա, ըստ էության, նշանակում է ներդրումային եւ զբոսաշրջության հետաքրքրության աճ։ 

Լուսանկարը` Photolure

Երեւանում եւ ՀՀ բազմաթիվ այլ քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են շուրջ 20%-ով: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները  ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլեւ բնակարաններ են գնում։

 

Այսօր պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 մլրդ-ով ավելի շատ գումար, իսկ ՀՀ բանկերում ավանդներն ավելացել են 116 մլրդ դրամով՝ մոտ 250 մլն դոլարով։

 

Վերջին երեք ամսում ՀՀ բանկերի վարկային պորտֆելն աճել է 99 մլրդ դրամով։

 

Օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ եւ բանջարեղեն, որքան նախորդ ամբողջ տարին՝ միասին վերցրած։

 

Վերջին երեք ամսվա ընթացքում հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել են 28,8 մլրդ դրամով ավելի գումար, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցվել է 26 մլրդ դրամով:

 

Ընդհանուր առմամբ, այս թվերը մի բան են նշանակում, որ Հայաստանում թեւակոխել ենք տնտեսական հաղթանակների ժամանակաշրջան։ 

 

Տնտեսական հավասար հնարավորություններ

 

Տնտեսական համակարգում լրջագույն հաջողություններ ենք ունենալու։ Այն մոդելը, որ ունենք, ցանկանում ենք փոխել։ 

Լուսանկարը` Photolure

Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունները եւ ազատությունները։ 

 

Մենք վերացրել ենք տնտեսական մենաշնորհները, եւ բոլորն ազատ են բիզնես անել։ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ այդ հնարավորությունը կիրառելի լինի։ 

 

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է

 

Մեր կառավարության 100-օրյա գործունեության ամենահիշարժան ձեռքբերումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Մենք հերթով բացահայտում ենք Հայաստանի բոլոր թալանչիներին, եւ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարեւորագույն խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ գումարները պետական բյուջե վերադարձնելը։ 

 

Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին, որ բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են այդ համակարգի մաս եւ այս իմաստով անվստահությունը դատական  մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ։ Սա շատ նուրբ թեմա է եւ մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու գայթակղությանը, եւ ես հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։

 

Քաղաքացիական պատերազմի մասին 

 

Կան մարդիկ, որ խոսում են, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել:

 

Եթե որեւէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրենով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու։ Խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել:

 

ԼՂ խնդրի լուծողը ժողովուրդն է

 

Ես Լեռնային Ղարաբաղի հարցով դեռ ոչ մի բան չեմ բանակցել: Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետությունը, իսկ ես բանակցում եմ ՀՀ-ի անունից: 

 

Բայց մենք նաեւ պատերազմ չենք ուզում, մենք իսկապես պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, բայց նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, չի հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ոչ թե կառավարությունն է, այլ ժողովուրդը:

Լուսանկարը` Photolure

Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որի շուրջ կարելի է խոսել, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ, եւ դուք կորոշեք՝ գնում ենք, թե չենք գնում:

 

Հայ-ռուսական կապերն ավելի են լավանալու

 

Ծիծաղելի է այն գնահատականը, թե հայ-ռուսական հարաբերություները վատ մակարդակի վրա են: Ես երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ երեք անգամ՝ հեռախոսազրույց: 

 

Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ գնալով ավելի ու ավելի լավանալու են: 

 

Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերենսներ չեն լինելու, եւ նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն: 

 

Շուտով կտեղեկացնենք հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին: Դա լինելու է մի համագործակցություն, որը նախադեպ չի ունեցել եւ լինելու է կոնկրետ ապացույցը, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: 

 

Մարտի 1-ի գործը բացահայտված է 

 

Ըստ էության, կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է: 

Բացառում եմ, որ որեւէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու եւ ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:

 

Սահմանադրական փոփոխություններ կկատարվեն

 

Հայաստանում մինչեւ մայիս պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ եւ խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 

Հիմա նրանք մտածում են, թողենք, հրաժարական տան, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ: Բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին