Ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի «լայվից» - Mediamax.am

5467 դիտում

Ամենակարեւորը՝ Նիկոլ Փաշինյանի «լայվից»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 2-ի երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին:

Մեդիամաքսն առանձնացրել է վարչապետի խոսքի հիմնական թեմաները:

 

Արտահերթ ընտրություններ կազմակերպելու մեխանիզմների մասին

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ գործող Սահմանադրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմն այն է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, ինչից հետո խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով պետք է արձակվի:

 

«Ըստ էության, կառավարության ծրագրով, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, այս քաղաքական պայմանավորվածությունը հստակ արձանագրվել է: Սակայն Հայաստանի քաղաքացիները երաշխիքներ են ուզում առ այն, որ վարչապետի ենթադրվող հրաժարականից հետո իրենք նորից ստիպված չեն լինելու հեղափոխություն անել:

 

Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի քաղաքացիները կանեն այդ հեղափոխությունը, բայց նաեւ մարդկանց այս ուղերձը ընկալելով, կարծում եմ, որ մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ հակաժողովրդական գործընթացներ ձեռնարկելու փորձեր չեն արվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

«Առաջին տարբերակի մասին արդեն խոսել եմ՝ պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որտեղ խորհրդարանի արձակումը կարող է տեղի ունենալ նաեւ առանց վարչապետի հրաժարականի: Այսինքն, խորհրդարանը ինքն ընդունի ինքնալուծարման մասին որոշում: Սա ամենաերաշխավորված տարբերակներից մեկն է: Հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա: Փաթեթը շուտով պատրաստ կլինի, եւ մենք այն կուղարկենք խորհրդարան»,- ասել է վարչապետը:

 

Արտահերթ ընտրությունների ժամկետի մասին

 

Վարչապետն ասել է, որ ընտրությունները պետք է կայանան ամենաուշը 2019 թվականի մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում: 

 

Ամուլսարի ծրագրի մասին

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեսչական մարմինները ստուգումներ են անցկացրել, որոնք թույլ են տալիս որոշակի միջանկյալ եզրակացության գալ, իսկ վերջնական եզրակացության գալու համար անհրաժեշտ է եւս մեկ միջազգային փորձաքննություն իրականացնել: 

 

«Շատ կարեւոր է, որ այդ փորձաքննությունը իրականացնի միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որպեսզի արդյունքները ընդունելի եւ անառարկելի լինեն ոչ միայն ՀՀ կառավարության, այլեւ միջազգային հանրության համար, քանի որ սա չափազանց կարեւոր հարց է: Կառավարության որոշումը Ամուլսարի հետ կապված կարող է հիմնված լինել բացառապես անառարկելի փաստերի վրա», - ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «այս պահի դրությամբ այդպիսի փաստեր չկան»`«կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են»:

 

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների մասին

 

Վարչապետն ասել է, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորումները։

 

«Պետք է ունենալ գազի եւ էլեկտրաէներգիայի արդյունավետ սակագին եւ վստահ լինել, որ այն ձեւավորվել է արդյունավետ շուկայական տրամաբանության շրջանակում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին

 

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում մեկնելու է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու նպատակով:

 

«Երրորդ հանդիպումն եմ ունենալու Պուտինի հետ։ Մանրակրկիտ կքննարկենք մեր օրակարգի բազմաթիվ հարցեր», -  ասել է կառավարության ղեկավարը։ 

 

«Չեմ ասում, որ բոլոր հարցերը լուծված են, բայց մեր համագործակցությունը շարունակվում է եւ համոզված եմ, որ բնականոն կերպով կշարունակվի»,- նշել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին