Փաշինյանը մեկնաբանել է գաղտնալսված զրույցը. «Շանտաժի չենք տրվելու» - Mediamax.am

5765 դիտում

Փաշինյանը մեկնաբանել է գաղտնալսված զրույցը. «Շանտաժի չենք տրվելու»


Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է համացանցում տարածված հեռախոսազրույցին, որում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են 2008թ. մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին հարցաքնելու եւ կալանավորելու հարցերը։

«Ես կոնտեքստին, բնականաբար, տեղյակ եմ, բայց այսօր դեռեւս մանրամասներին չեմ անդրադառնա: Տեղի է ունեցել ՀՔԾ կամ ԱԱԾ պետի գաղտնալսում: Ո՞վ է արել դա, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, արդյոք օրենքով նա իրավունք ունեցե՞լ է այդ գաղտնալսումն իրականացնել: Ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը: Ես դեռեւս օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել եմ, որ, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, մարտի 1-ի գործը բացահատված է, եւ բոլոր մարդասպանները պիտի կանգնեն դատարանի առաջ»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, «այսօր Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայմաններում, երբ ամբողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն համակարգի կողմից եւ սպասարկել է այդ համակարգին»:

 

«Ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ չեն զանգել մեզ, չեն հարցրել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշ մարդիկ ուզում են կանխել Հայաստանում ընթացող գործընթացները.

 

«Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան… Տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է, եւ նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով: Սրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդասպաններին դատարաններ բերելու գործընթացը կանխելն է»:

 

Վարչապետն ընդգծել է, որ հաշվետու են հանրության առաջ, բայց շանտաժի չեն տրվելու, եւ մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի, իսկ մարդասպանները՝ կանգնեն դատարանի առաջ:

 

Անդրադառնալով գաղտնալսված խոսակցության մեջ իր անվան հիշատակմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ես խոստացել եմ, որ որեւէ գործի քննության համար քաղաքական խոչընդոտ չի լինելու: Հիմա էլ եմ ասում՝ նախաքննության մարմինները պետք է անկաշկանդ լինեն եւ չմտածեն՝ այսինչ անուն-ազգանունով մարդուն կարելի՞ է կալանավորել: Ցանկացած դեպքում, եթե նախաքննության մարմինը կգտնի, որ ինչ-որ մեկին պետք է կալանավորել, թող գնա՝ կալանավորի»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին