Զուտ իրավաբանական քննարկում է եղել, պնդում են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը - Mediamax.am

2592 դիտում

Զուտ իրավաբանական քննարկում է եղել, պնդում են ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հաստատել է, որ համացանցում հայտնված ձայնագրության մեջ խոսում են ինքը եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ 

 

«Այդ խոսակցությունը իրականում մեր մասնակցությամբ է եղել։ Շատ տարօրինակ է, որ այն գաղտնալսվել է ։ Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն եւ կպարզի, թե ով է ձայնագրել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրենը՝ հավելով, որ այս կապակցությամբ Գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ։ 

 

 

«Դա սենսացիա չէ, դա ամոթալի իրողություն է։ Անթույլատրելի բան է»,- հավելել է Արթուր Վանեցյանը։

 

Նա տեղեկացրել է, որ ձայնագրությունում ներկայացված «խոսակցությունը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարանի հայտնի վճիռը կայացնելու օրը»։ 

 

 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջեւ կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք է 100 տոկոս համոզված լինեինք, որ այդ գործում որեւէ թերացում եւ թերություն չկա։ Եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասել է Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ գաղտնալսումը կատարվել է «իրենց սկսած գործը կասեցնելու նպատակով»։

 

«Մեր սկսած պայքարը շարունակելու ենք եւ մեզ ոչ մի խոչընդոտ չի խանգարելու։ Հայաստանից թալանված գումարները վերադարձվելու են, մարդասպանները կանգնելու են դատարանի առջեւ։ Այդ գործընթացն անկասելի է»,- հայտարարել է ԱԱԾ տնօրենը։ 

 

Սասուն Խաչատրյանը եւս ընդգծել է, որ հրապարակված ձայնագրության մեջ քննարկվել են Մարտի 1-ի գործին վերաբերող որոշ հարցեր:

 

«Ես խոսում եմ ձերբակալման հիմքերի մասին եւ ներկայացնում, թե ինչ պայմաններում եւ ինչու այս ձերբակալությունը չի իրականացվել»,- հայտնել է Սասուն Խաչատրյանը:

 

ԱԱԾ եւ ՀՔԾ պետերը, անդրադառնալով իրենց հրաժարականների հնարավորության մասին հարցին, նշել են, որ այդ քայլին կդիմեն միայն այն դեպքում, երբ դա պահանջի ժողովուրդը կամ իրենց ղեկավարությունը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին