Քոչարյանի գրասենյակ․ «Կատարվածը հանցագործություն է» - Mediamax.am

6782 դիտում

Քոչարյանի գրասենյակ․ «Կատարվածը հանցագործություն է»


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշեւիզմի սկզբունքներով եւ ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

 

«Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի եւ ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1-ի» գործին վերաբերող հարցերի, մասնավորապես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ: Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին եւ կարիք չկա վերաշարադրել դրանք:

 

Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարեւոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Դրանք են.

 

1.    Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: 

 

2.    Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը եւ գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` «փակել»/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

 

3.    Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո եւ իրեն վերեւից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել:

 

4.    ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:

 

Կատարվածը հանցագործություն է` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետեւած ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարությունները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ: Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակությունը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե «չար ուժերը» փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել «բարի ուժերի» հերոսական պայքարը կոռուպցիայի եւ հանցավորության դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են: Կարեւոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլեւ գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո եւ հանդուրժողականության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը: Մարդիկ, որոնք առավոտից երեկո խոսում են ժողովրդավարության մասին, ամենակոպիտ ձեւով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները:

 

Հարկ ենք համարում ընդգծել նաեւ հետեւյալը: Վարչապետի, ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել եւ հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաեւ համոզվելով, որ ապօրինի հարստացման եւ առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել: Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը: Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են եւ նոր շրջան են մտնում:

 

Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշեւիզմի սկզբունքներով եւ ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին