Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ճանաչել միջազգային քրեական դատարանի իրավասությունը - Mediamax.am

4595 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ճանաչել միջազգային քրեական դատարանի իրավասությունը


Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պահանջել "գումարել Սահմանադիր ժողով` ՀՀ նոր Սահմանադրության հեղինակման եւ ընդունման համար":

“Մայր օրենքը պետք է մշակվի եւ հաստատվի ժողովրդի կողմից, այլ ոչ թե իր որակներով հայտնի Ազգային ժողովում, ինչպես կարծում է հավերժ թագավորել պատրաստվող կուսակցապետական վերնախավը: Ժողովրդի այս պահանջի մերժումը նշանակում է անձնական իշխանությունը վեր դասել ազգային շահերից”, - ասել է  Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նա նաեւ պահանջել է, “որ Հայաստանը ճանաչի միջազգային քրեական դատարանի իրավասությունը”:

 

“Ի՞նչը կարող է ձեզ եւ մեզ սթափեցնել, ո~վ հայ քաղաքական գործիչներ: Մի՞թե լոկ անձնական քրեական պատասխանատվությունը: Եթե մեր ազգային արդարադատությունն անզոր է երկրում ապահովել օրենքների պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, ուրեմն Հայաստանի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա դիմելու միջազգային արդարադատությանը: Սույն առաջարկը մերժելու դեպքում ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվություն կրելու հավաստիացումներն ուղղակի դատարկ խոսքեր են”, - ասել է “Ժառանգության” առաջնորդը:

 

Նա նաեւ պահանջել, որ “Հայաստանի նախագահը ստորագրության հետկանչով չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները եւ պաշտոնապես ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` սահմանադրորեն ամրակայված նրա սահմաններով”:

Մեր ընտրանին