Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի նախագահին «հանցագործ» է անվանել - Mediamax.am

12386 դիտում

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանի նախագահին «հանցագործ» է անվանել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում պատասխան է տալու Ադրբեջանի ժողովրդի եւ միջազգային արդար դատարանի առջեւ իր արյունահեղ արարքների համար»:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», հայտարարությունը տեղադրված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:

 

«Այդ հանցագործը, ում ձեռքերը կարմրել են անմեղ մարդկանց արյունով՝ Խոջալուում, Լեռնային Ղարաբաղի այլ գյուղերում ու բնակավայրերում, այդ թվում նաեւ նրա մերձակա յոթ շրջաններում իրականացրած հանցագործությունների արդյունքում, մոտ ապագայում անպայման պատասխան է տալու Ադրբեջանի ժողովրդի եւ միջազգային արդար դատարանի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ: 

 

«Ինչ վերաբերում է բալիստիկ հրթիռներին, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, ապա մենք կտրականապես հայտարարում ենք, որ Հայաստանի զինված ուժերի տնօրինության տակ եղած այդ ռազմական տեխնիկան բացարձակ անհամեմատելի է այն ժամանակակից սպառազինության ու տեխնիկայի հետ, որն այսօր ունի Ադրբեջանը: Հայկական բանակում խորհրդային ժամանակներից մնացած անսարք, ժամկետանց եւ հնացած զենքերը, այդ թվում հեղուկ վառելիքով աշխատող «Սքադ» տեսակի հրթիռները, ոչ միայն ի զորու չեն ինչ-որ օբյեկտ ոչնչացնել, այլեւ առհասարակ չեն կարող թռչել», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:   

 

«Եթե Հայաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի Ադրբեջանի դեմ, ադրբեջանական բանակը՝ հագեցած նորագույն, ժամանակակից եւ գերճշգրիտ սպառազինությամբ, կոչնչացնի ցանկացած ռազմական ենթակառուցվածք եւ ռազմավարական օբյեկտ Հայաստանի տարածքում», - նշված է հայտարարության մեջ:

 

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 11-ին ArmNews հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում պատասխանել ադրբեջանական կողմի բոլոր հայտարարություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին