ISIS-ը պայթեցրել է Դեր Զորի հայկական եկեղեցին - Mediamax.am

12840 դիտում

ISIS-ը պայթեցրել է Դեր Զորի հայկական եկեղեցին


Լուսանկարը` http://www.independent.ie


Երեւան: Մեդիամաքս: «Իսլամական պետության» (ISIS) ահաբեկչական խմբավորման անդամները ականապատել եւ պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ  կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները», - ասված է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:

 

Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

 

«Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց Ցեղասպանության զոհերի մասունքները, պայթեցվել է ISIS գրոհայինների կողմից: Սա եւս մեկ վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ մինչեւ ցեղասպանությունը լիարժեքորեն դատապարտված, ճանաչված եւ պատժված չէ, այն շարունակվում է: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը պատմության հարց չէ, այլ` քաղաքականության:

 

Եթե քաղաքականությունը չի հենվում սկզբունքների վրա, այն միշտ տանուլ է տալու այժմէական շահերին: Սկզբունքներն ու բարոյականությունը վեր են ամեն ինչից:

Եթե Թուրքիան կանգնած չէ հայերի համար այս բացառիկ նշանակություն ունեցող եկեղեցու պայթեցման ահաբեկչության թիկունքին, այն անմիջապես պետք է հանդես գա դատապարտող հայտարարությամբ», - գրել է Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում:

 

2010 թվականի մարտին Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Դեր Ձորի Սրբոց Նահատակաց եկեղեցին:

 

«Դեյր Զորի անապատը դարձավ հարյուր հազարավոր հայերի վերջին հանգրվանը: Աշխարհում ամենամեծ հայկական գերեզմանատուն-հանգստարանը: Վստահ եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները դեռ մարդկային արդարության ականատեսն են լինելու: Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները մարդկությանը հիշեցնում են, որ դեռ ոչնչացված չէ այն մամլիչը, այն չարագործ մեխանիզմը, որ մարդուն պատրաստ է արտաքսել միայն ու միայն որեւէ ազգի պատկանելու «մեղքի» համար», - ասել էր Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին