Հայ-իրանական կապերը զարգացման մեծ հեռանկար ունեն, ասել է դեսպանը - Mediamax.am

123390 դիտում

Հայ-իրանական կապերը զարգացման մեծ հեռանկար ունեն, ասել է դեսպանը


Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին
Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին այսօր ասել է, որ հայ-իրանական համագործակցության հետագա զարգացման եւ ընլայնման համար որեւէ սահմանափակում չկա:

Այս մասին Իրանի դեսպանն ասել է ԵՊՀ-ում մեկնարկած «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. Համագործակցության 25 տարին» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:  

 

«Իրանի տեսանկյունից՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման համար որեւէ սահմանափակում չկա: Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարությունը նույն տեսակետն ունի»,- նշել է դիվանագետը:

 

Նա հիշեցրել է, որ Իրանն ու Հայաստանը «միմյանց համար ամենածանր ժամանակներում օգնել են իրար, եւ այդ վերաբերմունքն անփոփոխ է»: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ Արեւմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունները զարգացման առավել մեծ հեռանկար ունեն:   

 

«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո լայն հնարավորություններ են բացվում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս հնարավորությունը պետք է լրջագույնս օգտագործել»,- նկատել է Սեյյեդ Քազեմ Սաջադին:

 

Դեսպանի խոսքով՝ ներկայում ՀՀ-ի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները կազմում են $ 300 մլն: Իրանը Հայաստանի առեւտրային գործընկերների շարքում զբաղեցնում է 4 -րդ տեղը:

 

Մյուս կողմից, Սեյյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ այս ցուցանիշները գոհացուցիչ չեն Իրանի համար՝ հույս հայտնելով, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի  կառուցումը, ինչպես նաեւ Երեւանում Իրանի առեւտրային կենտրոնի հիմնումը կօգնեն մեծացնել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական ծավալները:

 

Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը Թեհրան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին