Հայաստանն ու Իրանը վերացնում են վիզային ռեժիմը - Mediamax.am

141129 դիտում

Հայաստանն ու Իրանը վերացնում են վիզային ռեժիմը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի եւ Իրանի միջեւ վիզաների ռեժիմի վերացման վերաբերյալ առաջարկությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի փոխանցմամբ՝ վիզաների ռեժիմի վերացումը պայմանավորված է կողմերի ցանկությամբ՝ նպաստելու երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխշահավետ տնտեսական, առեւտրային եւ այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ կանոնակարգելու երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը:

 

Որոշման համաձայն՝ ՀՀ եւ Իրանի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ եւ գտնվել մյուս կողմի պետության տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում: Կացության 90-օրյա ժամկետի երկարաձգումը վերապահված է կողմերի իրավասու մարմիններին:

 

Կողմ հանդիսացող պետությունների քաղաքացին կարող է մուտք գործել, դուրս գալ եւ գտնվել մյուս կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի` ունենալով դիվանագիտական անձնագիր, իր երկրի քաղաքացու անձնագիր եւ իր երկիր վերադարձի վկայական:

 

Մեկ այլ որոշմամբ՝ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին, որոնք ցանկանում են 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով որոշակի նպատակներով գտնվել Շվեյցարիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին