Հեղաշրջման փորձը Թուրքիայում կանխվել է - Mediamax.am

135363 դիտում

Հեղաշրջման փորձը Թուրքիայում կանխվել է


Լուսանկարը` meduza.io


Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում մի խումբ զինվորականների կողմից ձեռնարկված հեղաշրջման փորձը կանխվել է:

Ինչպես հաղորդում են համաշխարհային ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Նուխ Յիլմազը:

 

Նրա խոսքով, հատուկ ծառայությունները ձերբակալել են զինվորական հագուստով 13 անձանց, որոնք փորձում էին ներթափանցել նախագահի նստավայր Անկարայում:

 

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն, իր հերթին, նույնպես արձանագրել է իշխանափոխության փորձի ձախողումը: «Արդեն սկսվել են հեղաշրջման կազմակերպիչների ձերբակալությունները»: NTV հեռուսատաալիքի փոխանցմամբ, կալանավորվել է Բուրսա նահանգի ժանդարմերիայի ղեկավարը:

 

Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Կառավարության ղեկավարը խոստացել էր, որ իշխանությունները կանեն ամեն ինչ կարգուկանոնը պահպանելու համար, եւ հավաստիացրել էր, որ զինվորականները խստագույն պատիժ կկրեն:

 

Վարչապետի հայտարարությանը հաջորդել էր զինվորականների հայտարարությունը՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու մասին: Շուտով հաղորդվել էր այն մասին, որ հեղաշրջման կազմակերպիչները պատանդ են վերցրել երկրի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Ակային: Բացի այդ, նրանք հսկողության տակ էին առել ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, այդ թվում՝ պետական հեռուստաալիքը: Անկարայում եւ Ստամբուլում նկատվել են տանկեր, լսվել են կրակոցներ եւ պայթյուններ:

 

Երկրի նախագահ Րեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում տեղի ունեղոց իրադարձությունները մի խումբ զինվորականների կողմից իրականացվող խռովություն է: «Կառավարությունը շատ թշնամիներ ունի: Բոլոր նրանք, ովքեր ներքաշված են այս գործողություններում, խորապես ափսոսալու են»:

 

Ավելի ուշ Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ Թուրքիան ամբողջովին փակում է իր օդային տարածքը: «Մենք խոցելու ենք բոլոր ինքնաթիռները, որոնք օդ կբարձրանան առանց մեր զինված ուժերի ղեկավարույան թույլտվության», - ասել էր վարչապետը:

 

Ազգային հետախուզություն տվյալների համաձայն, հեղաշրջման փորձը իրականացվել էր Թուրքիայի Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը՝ ժանդարմերիայի հետ համատեղ:

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ, բացահայտվել են հեղաշրջման փորձի 104 մասնակիցներ, որոնց մի մասն արդեն ձերբակալվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին