Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանն $ 700 միլիոնից մինչեւ $ 1 միլիարդ արժողությամբ զենք կվաճառի Ադրբեջանին:
Այս մասին այսօր գրում է «Ведомости» թերթը՝ վկայակոչելով ռուսական ռազմական արտադրության իր աղբյուրները:
Թերթի աղբյուրների համաձայն, խոսքը գնում է Տ-90Ս տեսակի 94 տանկի, ԲՄՊ-3 հետեւակի շուրջ 100 մարտական մեքենաների, «Մստա-Ս» տեսակի 18 ինքնագնաց հաուբիցի, 18 «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերի, 18 «Վենա» ինքնագնաց հրետանային կայանների ձեռքբերման մասին:
Թերթը նշում է, որ սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ զենքի վաճառքի առաջին խոշոր փաթեթը չէ: Թերթի տվյալներով, 2010-2011 թթ. կողմերի միջեւ ստորագրվել եւ իրականացվել են շուրջ $ 3 միլիարդ արժողությամբ գործարքներ:
«Ադրբեջանին՝ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նյարդային եւ ցավոտ արձագանք է գտնում ոչ միայն Հայաստանի հասարակության, այլեւ վերնախավի մոտ: Բայց այս արձագանքի դեպքում հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը զենք է գնում Ռուսաստանից ներռուսաստանյան գներով, եւ Ռուսաստանը հավասարակշռում է զենքի առաքումը Հայաստանին եւ Ադրբեջանին, ասում է ռուս փորձագետ Ալեքսանդր Կռիլովը:
Զենքի մատակարարումը Ադրբեջանին թույլ է տալիս Ռուսաստանին պահել այդ երկիրն իր ազդեցության տակ եւ կրճատում են Բաքվի գնումները միջազգային շուկայում, նկատում է Կռիլովը:
Այս իրավիճակում կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի քաղաքականության հետ, որոնք մեծ քանակով զենք են մատակարարում միառժամանակ Եգիպտոսին եւ Իսրայելին, Հունաստանին եւ Թուրքիային. այս երկրների կախումը զենքի մեկ մատակարարից թույլ է տալիս ԱՄՆ-ին եւ Արեւմուտքին զսպել հակամարտություններն իրենց հաճախորդ-երկրների միջեւ, ասում է Ռազմավարության եւ տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն»,- գրում է «Ведомости»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: