Փրկարարները` Ավետիս Մանուկյան - Mediamax.am

exclusive
6532 դիտում

Փրկարարները` Ավետիս Մանուկյան

Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը
Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը
Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը
Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը
Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը
Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս:


Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար, գնդապետ Ավետիս Մանուկյան

 

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 5-ին, Շիրակի մարզի Ախուրյան շրջանի Արեւիկ գյուղում:

 

1981-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

 

1995 թ. ընդունվել է Շահումյանի շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատ:

 

1997թ.-ին տեղափոխվել է Շենգավիթի շրջանի հրշեջ-փրկարարական խումբ՝ որպես պահակախմբի պետ:

 

1999թ. եղել է Կենտրոն համայնքի առաջին հրշեջ-փրկարարական ջոկատի  հրամանատարի տեղակալ:

 

2005թ-ից մինչեւ 2007 թ. հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:

 

2007 թ. նշանակվել է Հատուկ փրկարար ջոկատի հրամանատար:

 

Նա մասնակցել է անկախ Հայաստանի պատմության ընթացքում կատարված ամենախոշոր աղետներին ՝ «Նաիրիտ» գործարանի, արդարադատության նախարարության շենքի հրդեհի հրշեջման աշխատանքներին, Տավուշի մարզի սողանքի փրկարարական աշխատանքներին: Վերջին օրինակը ՝ Խանջյան փողոցի կիսակառույց շենքի փլուզումն էր:

Առաջին հրդեհը

 

1988 թ.-ին ծառայում էր խորհրդային բանակում, երբ իմացավ Սպիտակի երկրաշարժի մասին: Առաջին միտքը՝ հարազատներն էին, ովքեր բնակվում էին Շիրակի դաշտավայրում: «Մի քանի օր տեղեկություններ չունեինք Հայաստանից, իսկ եղած տեղեկություններն էլ շատ հակասական էին: Ասում էին, որ Հայաստանը, առավել եւս Շիրակի դաշտավայրը եւ Սպիտակը, այլեւս չկան:»

 

Երկրաշարժի մասին իմանալով` շտապում է գալ հայրենիք: Ստորագրվում է նա զորացրման հրամանը եւ մի քանի օր անց Ավետիս Մանուկյանն արդեն մասնակցում էր փրկարարական աշխատանքներին աղետի գոտում:

 

Մինչեւ 1995 թթ. զբաղվում էր տարբեր աշխատանքով: 1995-ին ընդունվեց ներքին գործերի նախարարության կազմում գործող Հրշեջ պահպանության վարչություն՝ որպես Շահումյանի շրջանի տեսուչ:

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

Իր մասնագիտական կյանքի առաջին հրդեհը հիշում է այսօրվա պես:

 

«Երեւանի Ծերեթելի փողոցի շենքում այրվում էր տան նկուղը: Կային վիրավորներ: Այդ ժամանակ տեսուչ էի եւ անմիջականորեն չէի մասնակցում հրշեջման աշխատանքներին: Կանգնած էի դրսում, տղաները ներսում էին: Մի պահ նկատեցի, որ հրշեջ պահակախմբի պետը՝ Գեւորգը, դուրս գալով նկուղից, շնչահեղձ էր լինում: Հոգնած էր: Ներսում սպա չկար, կային լավ հրշեջներ: Գեւորգին խնդրեցի, որպեսզի թույլ տա ինձ ներս մտնել եւ օգնել տղաներին: Իհարկե, այդ պահին խախտում արեցի՝ հագնելով մեկ ուրիշի անհատական թթվածնային մեկուսիչ հակագազը: Մտա ներս ու առաջին անգամ տեսա, թե ինչ է կրակը, ինչպես է այն «շնչում»: Ծխապատ գոտի:  Նկուղից դուրս բերեցինք վիրավոր կնոջ, երկու տարաներով բենզին եւ մեկ լիցքավորված գազի բալոն: Հրդեհի շարունակության դեպքում հետեւանքները կարող էին անկանխատեսելի լինել»:

 

Ի՞նչ է վախը

 

Մեր հերոսը մեկ հստակ համոզմունք ունի, որը ձեւավորվել է աշխատանքի տարիների ընթացքում. «Երբ մտնում ես ծխապատ գոտի եւ գեթ մեկ պահ սկսում ես կասկածել՝ դուրս կգա՞ս այնտեղից, թե ոչ, հետեւանքները կարող են անդառնալի լինել»:

«Իհարկե, մարդը միշտ վախ ունի, անվախ մարդ չկա: Բայց հարց է, թե վախի ի՞նչ աստիճան ունես: Վախը մարդու հետ է ծնված օրվանից, եւ բնական է դրա առկայությունը: Սակայն պետք է կարողանաս կառավարել այն, միշտ վստահ լինես, որ կարող ես դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երբեք չեմ մտածել, որ կարող եմ մնալ ծխապատ գոտում եւ չեմ կարողանա այնտեղից դուրս գալ: Ինչու՞, որովհետեւ ինձ հետ են իմ ընկերները: Վստահ եմ, որ ինձ միայնակ չեն թողնի ու կօգնեն: Վստահ եմ նաեւ իմ տեխնիկայի եւ գիտելիքներիս վրա»:

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Քանի՞ կյանք ենք փրկել՝  դա հարաբերական հարց է

«Փրկարարները դժվարությամբ են հիշում, թե քանի կյանք են փրկել: Մենք անում ենք մեր աշխատանքը, դա մեր մասնագիտական պարտականություն է»:

 

Ավետիս Մանուկյանը պնդում է՝ փրկարարը հստակ չի կարող ասել, թե քանի կյանքն է փրկել: Իր համար, օրինակ, փրկված մարդ է նա, ում անձամբ հրդեհից դուրս է հանել դեպի անվտանգ գոտի: Հրամանատարի հաշվարկներով, նա փրկել է 8-ից 10 մարդկային կյանք:

 

Ամենածայրահեղ իրավիճակը «Նաիրիտ» գործարանի հրդեհն էր

   

2009 թ. «Նաիրիտ» գործարանում պայթյուն տեղի ունեցավ: Գործարանի տարածքում հրդեհ էր բռնկվել: Ավետիս Մանուկյանը քսան փրկարարների հետ փորձել է փրկել ողջ մնացած մարդկանց: Ծխապատ գոտի, հրդեհ, թունավոր նյութերի արտանետում, անանցանելի ճանապարհ, վիրավորներ:

 

«Իրավիճակը ծայրահեղ վտանգավոր դարձավ, երբ հրդեհի ժամանակ որոտաց երրորդ պայթյունը: Այդ պայթյունից հետո մենք պետք է լքեինք շենքը: Երեք զոհված մարդկանց մարմին իջեցրինք: Ես եւ մի քանի տղաներ թունավորվել էինք հրշեջման աշխատանքների ընթացքում»:

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

Ո՞վ կարող է փրկարար դառնալ

 

«Փրկարարը պետք է դիմացկուն լինի, համբերատար: Սիրի իր գործը, պատրաստ լինի հրամանների անշեղորեն կատարմանը եւ հարկ եղած դեպքում նաեւ ինքնազոհության գնա»:

 

Փրկարարի համար էական չէ, թե ում է փրկում՝ բարձրաստիճան պաշտոնյայի, շարքային քաղաքացու, հանցագործի, մտավորականի: Նրանք չեն դատում, նրանց գործը փրկելն է, մարդուն անվտանգ գոտի տեղափոխելը:

 

Հրամանատարը շատ է կարեւորում փրկարարների գիտելիքներով զինված լինելը, ինչպես նաեւ պատասխանատվության բարձր զգացումը:

«Սիրել գործը, պատրաստ լինել կատարելու հրամանը, պատասխանատու եւ մարդասեր լինել: Եթե այս հատկությունները ունեցար, ապա մնացածը կսովորեցնենք»:           

 

Մարդիկ փորձում են վարձահատույց լինել փրկարարին

 

Ավետիս Մանուկյանը, որը 17 տարի աշխատում է որպես փրկարար, այսօր ուրախությամբ է նշում, որ ներկայումս Հայաստանում կան ԱԻՆ հզոր համակարգ, արհեստավարժ փրկարարներ: Նա նկատում է, որ փոխվել է անգամ մարդկանց վերաբերմունքը փրկարարի նկատմամբ:

«Լինում են դեպքեր, երբ մարդիկ անգամ ցանկանում են վարձահատույց լինել փրկարարներին: Շատերն իրենց շնորհակալությունն են ուզում հայտնել գումարի, նվերի միջոցով: Օրինակ, Տավուշի մարզում 2011 թ.-ի աշնանը տեղի ունեցած սողանքից հետո վնասված ավտոմեքենաների տերերը մեր ջոկատին հրավիրեցին մատաղի, սակայն զբաղվածությունից ելնելով, չկարողացանք  մասնակցել»:

 

Անձնական հարաբերությունները փրկարարների միջեւ շատ կարեւոր են

 

Փրկարարներին միավորում է ոչ միայն ծառայությունը: Նրանք միասին «տեսնում են մահը», միասին «հաց են կիսում»:

 

Ավետիս Մանուկյանն ունի շատ մարտական ընկերներ:Նա կարեւորում է անձնական հարաբերությունները փրկարարների միջեւ: Համոզված է, որ միայն անձնական մտերմության, շփման ընթացքում հնարավոր է փոխվստահության հասնել: 

«Հրշեջ-փրկարարական ջոկատի իմ դասակի հետ յոթ տարի անընդմեջ ամռանը հանգստացել ենք Սեւանում: Բացի այդ, մարտական ընկերներիս հետ ընկերություն ենք անում ընտանիքներով: Սա միայն ծառայություն չէ: Միասին նշում ենք ծննդյան տարեդարձները, հարսանիքները, այլ միջոցառումներ»:

 

Դժվար է աշխատանքային տրամադրությունը չտանել տուն

 

Փրկարարի աշխատանքը պահանջում է մշտական պատրաստվածություն, զգոնություն՝ շաբաթը յոթ օր, օրը 24 ժամ: Հատուկ փրկարար ջոկատն ամեն օր ընդունում է 8-12 կանչ՝ ինքնասպանության փորձ, հրդեհ,  խողովակում մնացած կատու եւ այլն: 

«Օրվա մեջ բազմաթիվ որոշումներ ենք կայացնում, որոնք, հիմնականում, կապված են մարդկային կյանքի հետ: Մտածում ես ոչ միայն քաղաքացիների, այլեւ ենթականերիդ անվտանգության մասին: Այս պայմաններում աշխատելով, անհնար է չհոգնել  եւ խնդիրը միայն ֆիզիկական հոգնածությունը չէ: Շատ դժվար է աշխատանքային մթնոլորտը, տրամադրությունը չտանել տուն»:

 

Նա խոստովանում է ՝ ուսադիրներ կրող մարդը միշտ սովոր է հրամաններ տալ, եւ երբեմն կարող է մոռանալ, թե որտեղ է գտնվում:

 

Միակ պահը, երբ Ավետիս Մանուկյանն իրոք հանգստանում է, զույգ թոռնիկների հետ հանդիպումն է: 

 

Lուսանկարը` Մեդիամաքս:

 

«Սովորաբար այնքան հոգնած եմ հասնում տուն, որ այլ բանի ժամանակ չի մնում: Սիրում եմ ազատ ժամերին հեռուստացույց դիտել, ընկերներիս տեսնել: Ցավում եմ, որ ուշ-ուշ եմ մայրիկիս տեսնում: Շատ դեպքերում նա է գալիս ինձ այցի՝ հասկանալով իմ զբաղվածությունը»:

 

Ավետիս Մանուկյանն իր մասնագիտական կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգեւների, պատվոգրերի: Սակայն ամենից շատ նրան ուրախացնում է այն, որ եթե թաղամասում որեւէ դեպք է պատահում, առաջինն իրեն են դիմում:

 

Ավետիս Մանուկյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին