Փրկարարները` Արմեն Գյուրջինյան - Mediamax.am

exclusive
5091 դիտում

Փրկարարները` Արմեն Գյուրջինյան

ԱԻՆ Հատուկ փրկարար ջոկատի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Արմեն Գյուրջինյան

Արմեն Գյուրջինյան
Արմեն Գյուրջինյան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ, շարունակում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

 

ԱԻՆ Հատուկ փրկարար ջոկատի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության կապիտան Արմեն Գյուրջինյան 

 

Ծնվել է 1978 թ.-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

 

Ծառայել է ազգային բանակում:

 

2000 թ.-ին աշխատանքի է անցել Հրշեջ պահպանության ծառայությունում:

 

Մասնագիտությամբ իրավաբան-տնտեսագետ է:

 

Առաջին անգամ հասկացա փրկարարի առաքելությունը, երբ փրկեցի հարեւանիս կյանքը

 

Արմեն Գյուրջինյանը ԱԻՆ համակարգ է ընդունվել 2000 թ.-ին: Այն ժամանակ դեռեւս ՆԳՆ կազմում գործող Հրշեջ պահպանությունում նա աշխատեց հինգ տարի: Հիշում է, որ առաջին հրշեջման աշխատանքներն իրականացնելիս փոքր-ինչ հիասթափվել էր`սպասումներն ավելի մեծ էին, քան հրդեհները:

 

«Աշխատանքս համատեղել եմ ուսման հետ: Ստացա բարձրագույն կրթություն, հետո երկրորդը բուհական կրթությունս: Հրշեջ պահպանությունում մեծ փորձ ձեռք բերեցի, հասկացա` ինչ է թիմային աշխատանքը»:

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

2006 թ.-ին Հատուկ փրկարար ջոկատ տեղափոխվելու առաջարկ ստացավ: Փրկարարի աշխատանքը իրավաբան-տնտեսագետի մասնագիտություն ստացած Արմեն Գյուրջինյանի համար մանկության երազանք չէր: Առաջին անգամ նա հասկացավ փրկարարի առաքելությունը, երբ փրկեց հարեւանի կյանքը:

 

«Հարեւանս անզգուշությամբ դիզելային վառելիքը լցրել էր իր վրա, որը հրդեհվել էր: Բակից լսեցի նրա աղերսող կանչը եւ օգնության հասա: Ընդամենը 4 ամիս էի հրշեջ աշխատում: Մեկ դույլ ջուր, ծածկոց վերցրեցի եւ շտապեցի ներքեւ: Այդ օրը հասկացա, թե որքան կարեւոր է օգնություն հասցնել պրոֆեսիոնալ կերպով` մինչ շտապօգնության ժամանելը չէի կարող առաջին օգնություն ցույց տալ տուժողին: Ինձ հաջողվեց միայն կրակը մարել»:

 

«Աստծո օգնական գործիքները»

 

Արմեն Գյուրջինյանն իր մասնագիտական կարիերայի 12 տարիների ընթացքում եկել է այն եզրակացության, որ փրկարարը սովորական մասնագիտություն չէ: Այն պահանջում է ոչ միայն գիտելիքներ, այլեւ ներքին դաստիարակություն:

 

«Հարեւանիս հետ կապված դեպքից հետո հասկացա, որ աշխատանքի մեջ թույլ տրված յուրաքանչյուր սխալի համար կարող ես շատ թանկ վճարել»:

 

Հարեւանի կյանքը փրկելուց հետո նա այցելեց եկեղեցի եւ մոմ վառեց`շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ իրեն հաջողվեց կյանք փրկել: Հիմա էլ, ամեն դեպքից հետո, նա այցելում է եկեղեցի: 

 

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Ընկերական շրջապատում փրկարարները կատակում են, իրենց «Աստծո օգնական գործիքներն» անվանելով:

 

«Խուճապի մեջ էի, երբ ստիպված էի փրկել երեխայիս կյանքը»

 

Արմեն Գյուրջինյանը խուճապ է ապրել մեկ անգամ` երբ փրկել է սեփական երեխայի կյանքը:

 

«Աշխատանքից հոգնած վերադարձել էի տուն, հանգստանում էի սենյակումս, երբ կարծես երազի մեջ լսեցի կնոջս ձայնը: Վեր կացա ու վազեցի դռան ուղղությամբ: Երբ դուրս եկա սենյակից, տեսա կնոջս` մեկ տարեկան երեխայիս գրկած, որի շնչափողի մեջ սննդի մնացորդ էր մնացել: Նա շնչահեղձ էր լինում, չէր արձագանքում ոչ մի կանչի: Մի կերպ բացեցի երեխայիս շնչուղիները, նա սկսեց շնչել: Ընտանիքիս անդամները սկսեցին ծափահարել: Դժվար է նկարագրել այդ պահն ու ապրումները, երբ փրկում ես սեփական երեխայիդ կյանքը»:

 

Փրկարարը պարտավոր է կատարել իր խոստումը

 

«Ճգնաժամային  կառավարման կենտրոնից ահազանգ ստացանք, որ Ինա Շիրինյանի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: Հասանք հիվանդանոց: Բժիշկները երեխային ցավազրկել էին: Նրանք պնդում էին, որ միակ տարբերակը երեխայի ձեռքը հեռացնելն է: Նրան արդեն տարել էին վիրահատարան: Սակայն ինձ մի բան հուշում էր, որ կարող եմ օգնել տուժածին: Մտա վիրահատարան, ներկայացա եւ խնդրեցի, որ թույլ տան միջամտել եւ էլեկտրական շլիֆով կտրել մսաղացը: Ինձ թույլ տվեցին փորձել: Երեխային անկեղծորեն բացատրեցի, թե ինչ եմ պատրաստվում անել` խոստանալով, որ թույլ չեմ տա հեռացնել նրա ձեռքը: Նա ինձ վստահեց, ու ես հասկացա, ու պարտավոր եմ արդարացնել նրա սպասումները: Երեխային խոսք տվեցի, որ միասին վոլեյբոլ էինք խաղալու: Աշխատանքը տեւեց 50 րոպե: Երբ ազատեցի երեխայի ձեռքը, տեսանք, որ վնասվել էր միայն վերջույթի` մատների մասը: Դրանից հետո Ինան ասաց, որ ուզում է փրկարար դառնալ»:

 

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

Արմեն Գյուրջինյանը փրկարար է աշխատում նաեւ այն ժամանակ, երբ պաշտոնապես աշխատանքի մեջ չէ: Շատ են եղել դեպքեր, երբ պատահմամբ հայտնվել է ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին:

 

Առօրյայում նա հասարակ մարդ է` հայր, ամուսին, ընկեր: Արմենի համար ամենաթանկ ժամանակը հնգամյա որդու հետ անցկացրած պահերն են:

 

«Փորձում եմ տանը չխոսել աշխատանքի մասին, այդ ծանր ապրումները չբերել տուն: Փորձում եմ վերլուծել ինքս ինձ մեջ, ինչ կարելի էր անել, որ չեմ արել»:

 

«Մի գողացեք ուրիշի փառքը»

 

Մեր այն հարցին, թե «կհիշեք, թե քանի՞ կյանք եք փրկել», Արմենը պատասխանեց` մարդկային կյանքը չի կարելի թվերի վերածել: Անգամ ընկերական շրջապատում չի սիրում պատմել, թե օրվա ընթացքում ինչով է զբաղվել:

 

Լուսանկարը`Մեդիամաքս:

 

«Փրկարարին փառասիրությունը հարիր չէ: Ես միշտ ասում եմ `Փառքն Աստծունն է, պատիվը` փրկարարինը: Դասավանդելով երիտասարդներին` միշտ ասում եմ` մի գողացեք ուրիշի փառքը»:   

 

Արմեն Գյուրջինյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին