Փրկարարները` Արմեն Ներսիսյան - Mediamax.am

exclusive
5365 դիտում

Փրկարարները` Արմեն Ներսիսյան

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ հրամանատարական ջոկատի 1-ին փրկարարական խմբի հրամանատար, փ/ծ լեյտենանտ Արմեն Ներսիսյան

Արմեն Ներսիսյանը
Արմեն Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ներսիսյանը
Արմեն Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ներսիսյանը
Արմեն Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ներսիսյանը
Արմեն Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Ներսիսյանը
Արմեն Ներսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը` Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ հրամանատարական ջոկատի 1-ին փրկարարական խմբի հրամանատար, փ/ծ լեյտենանտ Արմեն Ներսիսյան

 

Ծնվել է 1971թ  սեպտեմբերի 7-ին,  Երեւանում:

Ավարտել է 159 միջնակարգ  դպրոցը:

1989-1991-ին ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1993-1995-ին ծառայել է Ներքին գործերի հատուկ նշանակության ջոկատում:

1997-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում:

2011-ին ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական բաժինը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

«Մասնագիտությունս գտավ ինձ, հետո դարձավ ապրելակերպ»

 

Փրկարար մասնագիտությունն ինքը, ճակատագրի բերումով,  գտավ Արմեն Ներսիսյանին: 1996-ին նա տեղեկացավ հասարակական փրկարարական ջոկատի ստեղծման մասին, ընկերոջ խորհրդով փորձեց ճանաչել ծառայության բնույթը: 1997-ին, երբ ստեղծվեց պետական փրկարար ջոկատը, առաջարկ ստացավ եւ մինչ օրս ծառայում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում: Վերջին 11 տարիներին նա խմբի հրամանատարի տեղակալն է:

 

«Սկզբում չգիտես` ի՞նչ ասել է փրկարար ծառայություն: Փրկարարի գործն  այն ժամանակ մեզ մոտ դեռ տարածված չէր, հետաքրքրություն կար` ինչպիսի՞ն կլինի այն մեզանում: Ուրիշի փորձի հիման վրա, բայց մեր ուժերով ստեղծվեց մի ջոկատ, որին անդամակցում էին նախկին 03 ծառայության աշխատակիցներն ու մենք` նորեկներս»: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Փրկարարը հիշում է, թե ինչպես կարճ ժամանակում տղաներին հաջողվեց  հասկանալ միմյանց, հմտանալ աշխատանքում եւ տարբեր ուսումնամարզական հավաքների արդյունքում ստեղծել 4 խմբից բաղկացած մի ջոկատ, որը պատրաստ էր մեկնել օգնության ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

 

Փրկարար լինելն ապրելակերպ է

 

Իր մասնագիտությունն Արմենն ապրելակերպ է համարում, կյանքի իմաստ: Անկախ գտնվելու վայրից ու կարգավիճակից` նա փրկարար է` ուսապարկում պահած առաջին օգնության պարագաները, իսկ մտքում` դիմացինին օգնելու ցանկությունը:

 

«Կյանքը ցույց տվեց, որ իմ մասնագիտությունն այլ է»

 

Մանուկ հասակում Արմեն Ներսիսյանը շատ ժամանակ է հատկացրել սպորտին, իսկ դպրոցական տարիներին երազել կինոարվեստի մասին:

 

«Կյանքը, սակայն,  ցույց տվեց, որ իմ մասնագիտությունն այլ է: Ես փրկարար եմ,  ինչին ինձ նվիրել եմ արդեն 16 տարի»:

 

Հասկանալ յուրաքանչյուրին` սեփական եսը մի կողմ դնելով

 

Արմենի կարծիքով փրկարարի գործը սեփական եսը մի կողմ դնելով յուրաքանչյուրին հասկանալն է:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Երկարատեւ ու համբերատար զրուցելով հաճախ փորձում ենք մարդկանց հետ պահել ինքնասպանությունից եւ կանխել այն: Յուրաքանչյուրի մոտ էլ դիմացինին օգնություն ցույց տալու ցանկությունը կա, բայց երբ ունես խոր գիտակցում, որ քո անձը հետ մղելով` կարող ես փրկել դիմացինին, այդ ցանկությունն ավելի զորեղ է դառնում»: 

 

Մեկ տասնյակից ավել մարդկային կյանքեր` 16 տարիների ընթացքում

 

Իր աշխատանքային գործունեության 16 տարիների ընթացքում Արմեն Ներսիսյանը մասնակցել է հարյուրավոր դեպքերի, որոնցից յուրաքանչյուրն իր բարդությունն ու նրբությունն է ունեցել: Փրկարարը, սակայն դժվարանում է հիշել, թե քանի մարդկային կյանք է իրեն հաջողվել փրկել:

 

«Երբեմն լինում են դեպքեր, երբ առաջին օգնություն ես ցույց տալիս, փրկում ես մարդուն, բայց քո գործն ավարտված չէ.  ընթացքում հետաքրքիրվում ես մարդու առողջական վիճակով, դրական արդյունքի դեպքում նոր մտածում, որ իսկապես կյանքն ես փրկել: Երբեք չեմ հաշվել` քանի մարդկայնին կյանք եմ փրկել, կարծում եմ` 10-ից ավել…»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

Երեխայի կյանքը փրկելն ամենաոգեւորողն է

 

Փրկարարն առանձնացնում է երեխաներին փրկելու դեպքերը, որոնց ամենաոգեւորողն է համարում.

 

«Մոտ տասը տարի առաջ էր. մի խումբ մարդիկ Արայի լեռ էին գնացել, հետադարձի ժամանակ երեխաներից մեկը կարծել էր,  թե կարճ ճանապարհով է գնում, փոխել էր ուղղությունն ու կորել:  Շուրջ երկու օր փնտրեցինք այդ երեխային` ձայնը լսվում էր, բայց նրան չէինք կարողանում գտնել: Երբ գտանք տղային, պարզվեց, որ նա նեղ արահետով հասել էր մի անդունդի եզրին ու կանգ առել, հայտնվելով վտանգավոր գոտում եւ հետադարձ ճանապարհի հնարավորություն չունենալով` երեխան անգամ մտածել էր ինքնասպանության գործելու մասին...»:

 

«Ամենացավալին մարդկային կորստի մասին հայտնելն է»

 

«Մեր աշխատանքում ամենացավալին մարդկային կորստի մասին հայտնելն է: Փորձում ենք հնարավորին մեղմ ու սառնասրտորեն անել դա` մարդկանց ծանր հոգեկան ապրումներից զերծ պահելու համար»:

 

Զավեշտն ու ռիսկն անպակաս են

 

Արմեն Ներսիսյանն իր աշխատանքից անպակաս է համարում նաեւ զավեշտալի դեպքերն ու ռիսկի առկայությունը:

 

«Շատ են լինում կեղծ ահազանգերն ու զավեշտալի դեպքերը: Երբեմն, կանչ է լինում, որի ժամանակ քաղաքացուն հետաքրքրում է թե ի՞նչ պետք է անի բակից գտած օձի ձուն, կամ ինչպես կատվին դուրս բերի օդատար խողովակից: Ի դեպ, այդ նույն կատուն երկրորդ անգամ էլ էր մտել օդատար խողովակի մեջ, եւ մենք կրկին դուրս բերեցինք նրան (ծիծաղում է)»:

 

Լուսանկարը` Մեդիամաքս:

 

«Մեր կարողությունները դրսեւորենք միայն ուսումնավարժանքների համար»

 

Փրկարարի ցանկությունն արտակարգ իրավիճակներից հնարավորինս զերծ մնալն է:

 

«Կցանկանայի, որ մեր մասնագիտական կարողությունները դրսեւորենք միայն ուսումնավարժանքների համար, իսկ գրանցված դեպքերը` հեշտ լուծելի եւ հաղթահարելի լինեն»:

 

Արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց Արմեն Ներսիսյանը խորհուրդ է տալիս ինքնագործունեությամբ չզբաղվել եւ ժամանակին դիմել համապատասխան մասնագետներին:

 

Արմեն Ներսիսյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի (Մեդիամաքս)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին