Փրկարարները` Արտակ Էլմասակյան - Mediamax.am

exclusive
5358 դիտում

Փրկարարները` Արտակ Էլմասակյան

Մեդիամաքս-ը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

Արտակ Էլմասակյանը
Արտակ Էլմասակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Էլմասակյանը
Արտակ Էլմասակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արտակ Էլմասակյանը
Արտակ Էլմասակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս-ը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ ներկայացնում է «Փրկարարները» հատուկ նախագիծը: Նախագծի շրջանակներում ներկայացնում ենք այն մարդկանց, ում մասնագիտությունը կյանք փրկելն է:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ ՓՈՒՎ հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզական խմբի հրամանատար, փ/ծ լեյտենանտ Արտակ Էլմասակյան

 

Ծնվել է 1964թ. փետրվարի 3-ին Երեւանում:

 

1971թ. ընդունվել է Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոց:

 

1979-1982 սովորել է Երեւանի թիվ 2 ուսումնարանում:

 

Ծառայել է ԽՍՀՄ բանակում:

 

2006-2011թթ. սովորել է եւ գերազանցությամբ ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան:

 

Ներկայումս սովորում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի ավարտական կուրսում:

 

Նա Հայաստանի ՓԾ  ՓՈՒՎ հատուկ փրկարարական ջոկատի միակ ջրասուզակն է: Արտակ Էլմասակյանը հաղթահարում է սուզման ամերիկյան չափորոշիչը`46մ խորություն: Նրան հաջողվել է մի շարք բարդ իրավիճակներում գործի դնել մասնագիտական հմտություններն ու կատարել իր առջեւ դրված խնդիրը: Ջրասուզակը երբեք չի հաշվում մասնագիտական կարիերայի ընթացքում կատարված դեպքերը, հաճախ աշխատում է մոռանալ եւ չխոսել դրանց մասին:

 

Մասնագիտությունն ինքն ընտրեց Արտակ Էլմասակյանին

 

Փրկարարի մասնագիտությունը ճակատագրի բերումով ինքն է ընտրել Արտակ Էլմասակյանին: Արտակի ընտանիքում եղել են ստորջրյա լողի մասնագետներ` եղբայրը (ԽՍՀՄ սպորտի վարպետ, Անդրկովկասյան առաջնության երրորդ տեղի մրցանակակիր), ստորջրյա լողով զբաղվող ավագ քույրը եւ մորեղբայրը (ջրալողի Սովետական միության հավաքականի մարզիչ): Վաղ հասակից զբաղվել է ստորջրյա լողով:

 

Արտակ Էլմասակյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Ցավոք, ես չկայացած օդաչու եմ: Տեսնելով, որ տիեզերագնացները եւս բավականին լավ սուզվում են, օդապարիկով ցատկում, որոշեցի անցել նաեւ այդ դպրոցը»:

 

Արտակ Էլմասակյանը լրջորեն զբաղվել է ջրասպորտով, պարաշյուտային եւ սավառնակային սպորտով, սպորտային ինքնաթիռի թռիչքով: Բանակից զորացրվելուց հետո նա  լրացրել է  ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմատիվը, մասնակցել է մի շարք առաջնությունների: ԽՍՀՄ փլուզումից եւ Աերոակումբի փակվելուց հետո նրա մասնագիտական ուղղվածությունը փոխվել է:

 

2000 թ-ին նա աշխատանքի է անցել Հատուկ նշանակության զինված փրկարար ուժերի վարչությունում` որպես մանեւրային խմբի ջրասուզակ: Տարիների ընթացքում ստանալով նոր կոչումներ եւ պաշտոններ` Արտակ Էլմասակյանն այսօր արդեն հատուկ փրկարարական ջոկատի ջրասուզական խմբի հրամանատարն է:

 

Յուրաքանչյուր օրը սկսվում եւ ավարտվում է սպասումով

 

Արտակն իր աշխատանքի սիրահարն է: Այն հատկապես սիրելի դարձավ, երբ ծառայությունում սկսվեց պարաշյուտադեսանտային պատրաստությունը:

 

«Ես կարողացա վերապրել աերոակումբում անցկացված տարիները. ինձ համար ճակատագրի մեծ պարգեւ է 48 տարեկան հասակում կրկին պարաշյուտով թռչելը»:

 

Նրա յուրաքանչյուր օրը սկսվում եւ ավարտվում է սպասումով: Առավոտյան ներկայանում է ծառայության, ստուգում ջրասուզական գույքը, մարզվում եւ կրկին սպասում…

 

Մարդկային անզգուշությունն անարգել է

 

Ջրասուզակ-փրկարարը համոզված է` մարդիկ ջրում զոհվում են իրենց անզգուշության պատճառով. մարդկային անզգուշությունն անարգել է: Նա ցավով է նշում, որ իր աշխատանքը կապված է սթրեսների հետ:

 

«Հեշտ չէ տեսնել ինչ-որ մեկի ոչ բնական, դաժան մահը»:

 

Արտակ Էլմասակյանի մասնագիտական պրակտիկայում ամենաբարդ դեպքը եղել է 2005 թվականին՝ Եղեգնաձորի սահմանամերձ տարածքի լեռնային բարձրադիր լճերից մեկում, երբ պետք էր ջրից հանել զոհված զինվորի դին:

 

«Սուզվելու եւ ջրահեղձման կետը ոչ ոք չէր ասում, գույքը բավականին հին էր, իսկ ջուրը` սառը: Բայց, քանի որ զինվորի պատիվը շատ բարձր եմ գնահատում, ներդրեցի բոլոր հնարավոր միջոցներն ու իմ ողջ հմտությունը եւ կարողացա նրա դին հանել ջրից`  քրիստոնեաբար հողին հանձնելու համար»:

 

Ջրասուզակ-փրկարարը փորձում է չմտածել կատարած աշխատանքի մասին, չհիշել մանրամասները, չհաշվել դեպքերը, ոչ ոքի չպատմել դրանց մասին: Յուրաքանչյուր պարագայում աշխատում է ցուցաբերել կամքի ուժ եւ սառնարյուն լինել:

 

«Ասում են՝ ջուրը կյանք է. միեւնույն ժամանակ այն կարող է նաեւ մահ դառնալ»

 

Ջրասուզակի համար դժվար է հատկապես գիշերային սուզում կատարելը, վտանգավոր է աշխատել այնտեղ, որտեղ կատարվում է ձկնագողություն եւ կան ցանցեր. մեծ վարպետություն է պետք ցանցը պատռելու համար:

 

Արտակ Էլմասակյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Ջրասուզակի գործը բարդ է, քանի որ աշխատում է անբնական միջավայրում: Ասում են՝ ջուրը կյանք է. միեւնույն ժամանակ այն կարող է նաեւ մահ դառնալ: Մարդու օդի պաշարը սահմանափակ է ջրի տակ»:

 

Արտակն իր պրակտիկայից առանձնացնում է նաեւ Արցախում եղած մի դեպք, երբ պետք է ջրից դուրս հաներ արդեն 5 օր խեղդված մարդու դին:

 

«Իմ կյանքում առաջին անգամ եղավ նման դեպք, երբ մոտ 17-18 մետր խորության վրա դին ինքն էր ինձ վեր քաշում: Բավական վտանգավոր էր, խախտելով վեր ելման բոլոր ռեժիմները, դուրս եկա, արագ հանձնեցի դին եւ հետ իջա` ճնշումը բալանսի բերելու համար»:

 

Արտակ Էլմասակյանն ասում է, որ ջրասուզակի համար ամենաբարդը ոչ թե իջնելն է, այլ ջրից դուրս գալը. կան մի շարք վտանգավոր հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ սխալ սուզվելու կամ վեր բարձրանալու ժամանակ:

 

«Տարիների ընթացքում առաջացել է զարմանալի հմտություն...»

 

Ունենալով դրական լիցքերով լի միջավայր` Արտակին հաջողվում է հաղթահարել աշխատանքի բերումով առաջացած սթրեսները, սակայն դրանք ունենում են իրենց ազդեցությունը: 

 

«Տարիների ընթացքում ինձ մոտ առաջացել է զարմանալի հմտություն. ինձանից անկախ բազմաթիվ լողացողների մեջ տեսնում եմ այն գլուխը, որը մտնում է ջուրն ու դուրս չի գալիս: Ջուրը մտնելու ձեւից հասկանալի է, թե ինչ եղավ այդ մարդու հետ»:

 

«Ջրի մեջ ինձ երբեք օգնող չի եղել»

 

Արտակ Էլմասակյանը ցավով է նշում, որ աշխատանքային առաջին օրվանից մինչ օրս սուզվում է միայնակ` որպես ծառայության միակ ջրասուզակ:

 

«Ջրի մեջ ինձ երբեք օգնող չի եղել: Եղել են դեպքեր, երբ արագահոս գետի մեջ շատ բարդ իրավիճակում եմ եղել, վերեւից կարողացել են օգնել: Մի ջրասուզակի սուզվելը հիմա միջազգային կանոնակարգով խստիվ արգելված է, ես, ելնելով այն բանից, որ առայժմ ճակատի միակ ջրասուզակն եմ, խախտումով եմ աշխատում: Սուզվում եմ 1982-ից, ինչը չէր թույլատրվում այդ տարիքում»:

 

Իր աշխատանքը նա հոգեբանորեն բարդ է որակում: Ասում է` կան մարդիկ, ովքեր հրաշալի սուզվում են, բայց երբեք ջրասուզակ չեն  կարող աշխատել:

 

30-ից ավել մարդկային կյանք` պատահականության սկզբունքով

 

Փրկարար-ջրասուզակին գործնականում մարդու փրկել երբեք չի հաջողվել, ինչը նա ցավալի է համարում. մասնագիտության բերումով կանչերը սովորաբար լինում են այն ժամանակ, երբ արդեն կա ջրահեղձված:

 

Այնուամենայնիվ, Արտակ Էլմասակյանին հաջողվել է պատահաբար փրկել 30-ից ավել մարդկային կյանք, երբ ծառայությունից դուրս եղել է որեւէ ջրատարածքում եւ շտապ օգնություն ցուցաբերել: Մարդկային կյանք փրկելու առաջին եւ ամենաբարդ դեպքը նրա կյանքում եղել է 16 տարեկանում: Արտակը սովորում էր ուսումնարանում, որի մոտով անցնող Արարատյան դաշտի ոռոգման ջրանցքի մեջ շրջվել էր Զիլ-130 մակնիշի մեքենան:

 

«Մեքենայում ընտանիք  էր` հայրը, մայրը եւ երեք երեխան: Այն ժամանակ արդեն առաջին կարգի լողորդ էի, անգիտակցաբար թռա ջրի մեջ, հոսանքի բարդությունը հետո զգացի, բայց վարորդները, որոնք տարածքում էին, խորհուրդ տվեցին չվախենալ: Վարորդների օգնությամբ կարողացա բոլորին առողջ դուրս հանել ջրից: Այդ ժամանակ 16 տարեկան էի, դա մարդկային կյանք փրկելու իմ առաջին փորձն էր: Ի դեպ, երեխաներից մեկը դեռ գրկի էր»:

 

Հաճախ մարդիկ գերագնահատում են իրենց լողալու կարողությունը

 

Ջրասուզակն ասում է, որ մարդիկ հաճախ գերագնահատում են իրենց լողալու կարողությունը, շատ են լինում նաեւ անսթափ վիճակում խեղդվածները:

 

Արտակ Էլմասակյանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս:

 

«Հայաստանում լողալու ենթակա ջրամբարների քանակը շատ չէ, մենք ունենք 260-ից ավել ջրամբար, որոնցից յուրաքանչյուրը կարող է ծածկել մարդուն եւ խեղդել»:

 

Որպես լողալու ենթակա ջրատարածք նա նշում է միայն Սեւանն ու Ակնա լիճը, բայց հավելում, որ ներկայումս վերահսկողություն կա միայն Սեւանում:

 

«Պետք է լողալ միայն վերահսկվող տարածքներում: Ջրահեղձ լինելու հիմքը անզգուշությունն է, անսթափ վիճակն ու չվերահսկվող լողափում լողալը»:

 

Ջրասուզակը հիշեցնում է` լողալ կարելի է միայն վերահսկվող տարածքներում, սթափ վիճակում: Խոզի յուղոտ միս ուտելուց հետո ջուրը մտնել չի կարելի, քանի որ դա բերում է մկանային կծկման եւ սպազմի: Երբեք պետք չէ ցատկել ջուրը, նախ ստուգեք ջրի սառնությունը, նոր մտեք ջրատարածք:

 

«Իմ մեծ ցանկությունն է, որ մեզանում հնարավորինս քիչ լինի ջրասուզակի պահանջը, եւ եթե նույնիսկ ինձ կրճատեն աշխատանքից այն պատճառով, որ Հայաստանին այլեւս ջրասուզակ պետք չի, թող այդ օրը գա»:

 

Ընտանիքին քիչ ժամանակ է մնում

 

Էլմասակյանների ընտանիքը չորս անձից է բաղկացած` Արտակը, որդին` հոր համախոհը, դուստրը եւ «բոլորի քմահաճույքները հերոսաբար տանող» կինը, ով եւս ջրային մարդ է` ջրացատկող:

 

«Ընտանիքիս ժամանակ շատ քիչ է մնում: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները, իհարկե, կան նաեւ ընդհանուր հետաքրքրություններ: Ընտանիքիս, սակայն, դուր չի գալիս իմ մասնագիտությունը»:

 

Փրկարարը պատմում է, որ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ որդին ներկա է եղել:

 

«Նա դայվինգի առաջին աստիճան ունի, մինչեւ 17 մետր սուզվում է, սիրում է ժայռամագլցել: Բայց այլեւս թույլ չեմ տալիս ներկա լինել իմ աշխատանքին. քանի որ նա ոչ մի դրական բան չի սովորում դրանից»:

 

Իր ազատ ժամանակն Արտակը նվիրում է դայվինգին, թռիչքին եւ ջազ լսում` նախապատվությունը տալով Լուի Ամսթրոնգին:

 

Փրկարարի գործը թողնելուց հետո կզբաղվի դայվինգով

 

Ծառայությանը զուգահեռ Արտակն աշխատում է «Այաս» ակումբում` որպես հրահանգիչ, զբաղվում է դայվինգով: 2011-ին Արտակ Էլմասակյանը  «Այաս»-ի ընկերների հետ սահմանել է լեռնային բարձրադիր լճերի սուզման ռեկորդ` ծովի մակերեւույթի 3207մ բարձրության վրա գտնվող Արագածի Քարի լճում սուզում կատարելով:

 

«Դայվինգը բավական հետաքրքիր զբաղմունք է, դրանով աշխարհում շատերն են վարակված: Փրկարարի գործը թողնելուց հետո կզբաղվեմ դայվինգով: Սուզվելու համար հետաքրքիր վայրեր մեզանում, ցավոք, շատ չունենք: Դրանցից մեկը Սեւանն է: Այն ունի որոշ գաղտնիքններ. «Այաս» ակումբի տղաներով քարանձավ ենք գտել, շինության մնացորդներ: Դայվինգի համար գեղեցիկ վայր է նաեւ Ակնա լիճը»:

 

Արտակ Էլմասակյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին