Իրագործված մետաղական ջրածնի երազանքն ու գիտական կասկածները - Mediamax.am

9490 դիտում

Իրագործված մետաղական ջրածնի երազանքն ու գիտական կասկածները


Լուսանկարը` Robert Couse Baker


Ամենաթեթեւ տարրը` ջրածինը մետաղի վերածելու մասին գիտնականները երազում են արդեն մոտ 100 տարի: Այդ երազանքը, կարծես թե, կյանքի են կոչել Հարվարդի համալսարանի գիտնականները, որոնց հաջողվել է փոքր քանակությամբ ստանալ մոլորակի ամենաբացառիկ եւ, հնարավոր է, ամենաթանկ նյութը:

Իրենց հայտնագործության մասին գիտնականները բարձրաձայնել են Science ամսագրում տպագրված հոդվածում: Այս պահին մետաղի փոքր հատվածը կարելի է տեսնել միայն երկու ադամանդների արանքում, որոնք օգտագործվել են սառեցման կետից զգալիորեն ցածր ջերմաստիճանում հեղուկ ջրածինը ճնշելու համար:

 

«Սա Երկրի վրա մետաղական ջրածնի առաջին օրինակն է, եւ դուք տեսնում եք մի բան, որը նախկինում գոյություն չի ունեցել»,- ասել է պրոֆեսոր Իսահակ Սիլվերան, ով հեղափոխական բացահայտման փորձն արել է դոկտոր Տանգա Դիասի հետ, գրում է Independent-ը:

 

Մետաղական ջրածնի ստացումը թեորիապես կարող է տեխնոլոգիական հեղափոխություն կատարել իր գերհաղորդական (էլեկտրական հոսանքը առանց դիմադրության եւ կորուստների հաղորդելու) հատկությունների շնորհիվ, ինչը թույլ կտա ստեղծել գերարագ համակարգիչներ, ուլտրաարդյունավետ տրանսպորտային միջոցներ եւ զգալիորեն կատարելագործել այն ամենը, ինչ կապված է էլեկտրականության հետ: Դա նաեւ թույլ կտա մարդկությանը նորովի հետազոտել տիեզերական տարածությունը:

 

Բայց պայծառ ապագայի այս տեսլականը կարող է վտանգի տակ լինել, եթե գիտնականներն իրենց հաջորդ քայլով չապացուցեն, որ այդ մետաղը կայուն է նորմալ ճնշման եւ ջերմաստիճանային պայմաններում:

 

Փորձագետներն արդեն հասցրել են իրենց կասկածները հայտնել. «Հնարավոր է` ֆիզիկոսները սխալ են թույլ տվել` պնդելով, որ ջրածինը մետաղի են վերածել»:

 

Բանն այն է, որ ուսումնասիրությունը Հարվարդի համալսարանի գիտնականներն առաջին անգամ տպագրել են 2016թ.-ի հոկտեմբերին, arXiv կայքում, որը հավաքում է գիտական հետազոտությունները մինչ դրանց` գրախոսվող ամսագրերում տպագրվելը: Եվ այդ պահից ի վեր, այս «բացահայտումը» բազմաթիվ գիտնականների քննադատությանն է արժանացել, ովքեր պնդում են, որ այն հիմված է սխալմունքի վրա:

 

Հոդվածը, որ նախորդ շաբաթ տպագրվել էր հեղինակավոր Science ամսագրում, համաշխարհային տարբեր լրատվամիջոցների առաջին էջերում հայտնված լուրերի պատճառ դարձավ, որոնք ազդարարում էին «մարդկության կյանքում նշանակալի բեկումի մասին, որը կարող է լույս սփռել տիեզերքի շուրջ որոշ կենտրոնական հարցերի վրա»:

 

Nature-ին տված հարցազրույցում տարբեր գիտնականներ իրենց անվստահությունն են հայտնել աղմուկ բարձրացրած գիտական բացահայտմանը: Ըստ նրանց, աշխատանքի ընթացքում փոքրիկ առաջընթացային քայլեր են արվել, բայց որեւէ հետազոտող դեռեւս չի կարողացել ցույց տալ սպասված «փայլուն մետաղը»` ինչպես մանրադիտակի արձանագրած նյութը անվանել են հետազոտությունը արած գիտնականները:

 

Հարվարդի գիտնականներն էլ ասել են, որ դեռեւս չեն կարող ցույց տալ մետաղի կտորը. փորձանմուշը մինչ օրս դուրս չի բերվել ադամանդե սալիկների արանքից, քանի որ, նրանց խոսքով` «հեռացնելու արդյունքում այն կարող է ամբողջությամբ անհետանալ»: Այնուամենայնիվ, գիտնականները հավատում են, որ մանրադիտակով տեսանելի փայլուն փորձանմուշը մետաղական ջրածնինն է:

 

Հակադիր բեւեռի ներկայացուցիչները շարունակում են թերահավատորեն վերաբերվել հետազոտողների հայտարարություններին, ըստ նրանց` հնարավոր է, օրինակ, որ այդ փայլը բարձր ճնշման տակ դրված ադամանդի վրա առկա ալյումինի օքսիդինն է: Նրանք նաեւ քննադատում են լաբորատորիայի մեթոդները եւ նշում, որ հետազոտողները ողջ ընթացքում բավարար մանրամասն փորձարկումներ դեռ չեն արել:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին