Լուսինը պարբերաբար «լողում է» Երկրից եկող թթվածնում - Mediamax.am

7943 դիտում

Լուսինը պարբերաբար «լողում է» Երկրից եկող թթվածնում


Լուսանկարը` REUTERS


Յուրաքանչյուր ամիս մի քանի օր Երկիր մոլորակի արտաքին շերտից թթվածին է ուղեւորվում դեպի Լուսին: Այս եզրակացության է եկել ճապոնացի հետազոտողների թիմը՝ ուսումնասիրելով Լուսնի շուրջը պտտվող «Կագույա» տիեզերանավից ստացված տվյալները:

Մինչ այս գիտնականներին հայտնի էր, որ արեւային քամու մասնիկները պարբերաբար «հրետակոծում են» Լուսինը, ինչպես նաեւ այն, որ Երկիր մոլորակը, գտնվելով Արեգակի եւ Լուսնի արանքում, ամիսը մեկ անգամ պաշտպանում է վերջինիս արեւային քամու հարվածներից:

 

Nature Astronomy ամսագրում տպագրված հոդվածում գիտնականները նկարագրել են այդ կարճ պարբերական ժամանակահատվածում թթվածնի իոնների տեղափոխումը Երկիր մոլորակի արտաքին մթնոլորտից Լուսնի մակերես, գրում է Phys.org-ը:

 

Թթվածնի ատոմներն իոնացվում են Երկրի մթնոլորտի վերին շերտում` ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետեւանքով: Երբեմն` դա ստիպում է իոններին այնպիսի արագություն հավաքել, ինչի հետեւանքով դրանք պոկվում են մթնոլորտից եւ տեղափոխվում Երկրի մագնիտոսֆերա:

 

Մագնիտոսֆերան ամեն ամիս հինգ օր շրջապատում է Լուսինը, արդյունքում այն ծածկվում է նաեւ «երկրային» իոններով:

 

«Կագույա» տիեզերանավից եկած տվյալները փաստում են, որ այդ իոնների մի մասը թթվածին է: Հետազոտողները պարզել են, որ ամեն հոսքի ժամանակ թթվածնի շուրջ 26 հազար իոն է հարվածում Լուսնի մակերեւույթի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը: 

 

Քանի որ թթվածնի իոնների ավելացումն արձանագրելու պահին Լուսինն արեւային քամուց պաշտպանված է եղել Երկիր մոլորակով, հետազոտողները վստահ են, որ այդ իոնները գալիս են Երկրից: Որպես վարկածի ապացույց հետազոտողները ներկայացրել են այն փաստը, որ այդ պահին արձանագրված իոնները շատ ավելի դանդաղ են շարժվել, քան արեւային քամու հետ եկող իոններն են շարժվում: Բացի այդ, նրանք նշել են, որ ուսումնասիրել են նաեւ Լուսնի հողային շերտի նմուշներ, որոնք պարունակել են թթվածնի այնպիսի իզոտոպներ, որոնք տիեզերքում առկա չեն եւ հայտնաբերվել են միայն Երկրի օզոնային շերտի վրա:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին