Մոսկվայում կայացել է «օգանեսոնի»-ի ինաուգուրացիան - Mediamax.am

9252 դիտում

Մոսկվայում կայացել է «օգանեսոնի»-ի ինաուգուրացիան


Յուրի Հովհաննիսյանը՝ ձախից
Յուրի Հովհաննիսյանը՝ ձախից

Լուսանկարը` Jinr.ru

Նատալյա Տարասովան միջոցառման ժամանակ
Նատալյա Տարասովան միջոցառման ժամանակ

Լուսանկարը` Jinr.ru


Մոսկվայում մարտի 2-ին կայացել է Մենդելեեւի պարբերական աղյուսակի` «մոսկովիում»(Mc), «օգանեսոն» (Og) եւ «տենեսին» (Ts) անունները ստացած նոր քիմիական տարրերի բացահայտմանը նվիրված հանդիսավոր արարողությունը:

 

Ինաուգուրացիայի արարողությունը վարել է Տեսական եւ կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) նախագահ Նատալյա Տարասովան, ով ասել է, որ «նոր տարրերի բացահայտումը տարբեր սերունդների գիտնականների երազանքն է, որը հաջողվել է կյանքի կոչել միայն ընտրյալներին»:

 

«Ինձ համար մեծ պատիվ է նման կարեւոր եւ պատմական իրադարձությանը մասնակից լինել»,- ասել է Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւան եւ հավելել,- «Մենդելեեւի աղյուսակը համալրվել է նոր գերծանր տարրերով:  Ե´ւ այդ տարրերի բացահայտումը, ե´ւ փաստը, որ դրանցից երկուսը Ռուսաստանի եւ ռուս գիտնականների հետ կապված անուններ են ստացել, 115-րդը` մոսկովյան հողի պատվին` «մոսկովիում», իսկ 118-րդը` Յուրի Օգանեսյանի պատվին` «օգանեսոն», անխոս կարելի է դասել մեր ժամանակների ամենավառ ձեռքբերումների շարքին»: 

 

Նա նշել է, որ այսօր գիտնականների առաջ դրված խնդիրների բարդությունն ու մասշտաբներն այնպիսին են, որ դրանց լուծման համար պահանջվում է բազմաթիվ երկրների ջանքերի միավորում:

 

«Հետազոտությունները, որ մեզ բերել են այսօրվա միջոցառմանը, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ ամերիկացի մեր գործընկերների համատեղ աշխատանքի հրաշալի օրինակն են»,- ասել է նա:

Նատալյա Տարասովան միջոցառման ժամանակ Նատալյա Տարասովան միջոցառման ժամանակ

Լուսանկարը` Jinr.ru

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանը ծնվել է 1933թ.-ին Դոնի Ռոստովում:

   

1989-1997 թթ. նա եղել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրեն, իսկ 1997 թվականից լաբորատորիայի գիտական ղեկավարն է: 1971 թվականից՝ նույն լաբորատորիայի ծանր միջուկների հետազոտման բաժնի պետն է։

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին