Առաջին արհեստական «սաղմը»` նոր հնարավորություն գիտնականներին - Mediamax.am

exclusive
8807 դիտում

Առաջին արհեստական «սաղմը»` նոր հնարավորություն գիտնականներին


Լուսանկարը` Alan Molho


Քեմբրիջի համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է, միայն երկու տեսակի ցողունային բջիջներ օգտագործելով, մկան սաղմ հիշեցնող կառուցվածք ստեղծել:

 

Սաղմի վաղ շրջանի զարգացումը հետաքրքրություն է առաջացնում այն առումով, որ դրա իմացությունը կարող է օգնել բացատրել, թե ինչու են կանանց մոտ հաճախակի ընդհատումներ լինում հղիության վաղ ժամանակահատվածում: 

 

Science ամսագրում տպագրված հոդվածում գիտնականները բացատրել են, որ գիտափորձի ժամանակ, օգտագործելով գենետիկորեն ձեւափոխված մկան սաղմնային ցողունային բջիջները, (ESCs, TSCs) եռաչափ արտաբջիջային մատրիցայում կարողացել են աճեցնել մի կառուցվածք, որը շատ նման է բնական սաղմին:

 

«Սաղմնային եւ արտասաղմնային բջիջները սկսեցին «երկխոսել» եւ կազմավորվեցին որպես մի կառուցվածք, որը արտաքին տեսքով եւ իր պահվածքով նման է սաղմի: Մեր գիտափորձը զարմանալի փաստ արձանագրեց. այդ բջիջների փոխազդեցությունն «իրական համագործակցություն է», առանց որի կարեւորագույն կենսաբանական մեխանիզմների զարգացումը ճշգրիտ չի լինի: Բջիջն ունի անատոմիապես ճշգրիտ հատվածներ, որոնք զարգանում են ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին»,- ասել է գիտափորձի ղեկավար պրոֆեսոր Մագդալենա Զերնիկա-Գետցը (Magdalena Zernicka-Goetz): 

 

Համեմատելով արհեստական եւ բնական սաղմերը, գիտնականները ցույց են տվել, որ դրանք նույն սխեմայով են զարգանում: Ըստ հետազոտողների` թեեւ արհեստական սաղմը շատ նման է բնականին, սակայն քիչ հավանական է, որ այն կարող է հետագայում զարգանալ որպես առողջ պտուղ: Դրա համար, հավանաբար, անհրաժեշտ կլինի ցողունային բջիջների երրորդ տեսակը, որը թույլ կտա դեղնուցապարկի զարգացումը, ինչն ապահովում է սաղմի սնունդը, եւ որի շրջանակներում զարգանում է արյան անոթների ցանցը:

 

Մագդալենա Զերնիկա-Գետցը կարծում է, որ այս բացահայտումը կարող է օգնել հաղթահարել սաղմի հետազոտման գլխավոր խոչընդոտներից մեկը` սաղմերի սակավությունը: Ներկայում հետազոտություններն իրականացվում են ծննդատների նվիրաբերած սաղմերի վրա: 

 

«Մենք լավատես ենք եւ կարծում ենք, որ սա թույլ կտա ուսումնասիրել մարդու զարգացման կրիտիկական շրջանի առանցքային պահերը` առանց բնական սաղմի վրա փորձերի անհրաժեշտության: Իմանալով, թե ինչպես է սովորաբար ընթանում զարգացումը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու ինչ-որ բան այնպես չի ընթանում»,- ասել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորը: 

 

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը Մեդիամաքսի հետ զրույցում ասել է, որ այս աշխատանքն առաջին հերթին տեսական մեծ նշանակություն ունի:

 

«Չնայած սաղմնաբանությունը կենսաբանության ամենահին ճյուղերից մեկն է, բայց նույնիսկ այսօր սաղմի զարգացման հետ կապված շատ հարցեր վատ են ուսումնասիրված: Քեմբրիջի գիտնականները կարողացել են ստեղծել հետաքրքիր մի մեթոդ, որը թույլ է տալիս ստանալ սաղմ ոչ թե բեղմնավորված ձվաբջջից, այլ ցողունային բջիջներից: Այդ մեթոդի շնորհիվ նրանք ստեղծել են մկան սաղմ իր զարգացման վաղ փուլերում: Եթե նույն մեթոդը կիրառելի լինի նաեւ մարդկային սաղմի ստեղծման համար, ապա դա հնարավորություն կտա գիտնականներին լիարժեք ուսումնասիրել սաղմի զարգացումը: Ինչո՞ւ լիարժեք, որովհետեւ այսօր կան մարդու սաղմի հետ աշխատելու սահմանափակումներ, մասնավորապես, չի թույլատրվում աշխատել 14 օրականից ավելի մեծ սաղմերի հետ: Արհեստական սաղմը կլուծի նաեւ այս խնդիրը»,- մանրամասնել է Հովակիմ Զաքարյանը:

 

Հարցին, թե որքանով կարող է այս հետազոտությունն օգնել հղիության հետ կապված խնդիրները հետազոտելու ու լուծումներ առաջարկելու մեջ, նա պատասխանել է, որ կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք առաջանում են սաղմի ձեւավորման խանգարումների հետեւանքով:

 

Հովակիմ Զաքարյանը նշել է, ոչ սաղմի առաջացման ու զարգացման գործընթացի լիարժեք ուսումնասիրությունները կարող են օգնել մասնագետներին պայքարել նաեւ այդ հիվանդությունների դեմ.

 

«Օրինակ, զարգացման ամենավաղ փուլերում սաղմը կազմված է մի քանի տասնյակ բջիջներից: Եթե բջիջներից մի քանիսում կան գենետիկական խանգարումներ, ապա որքանո՞վ են դրանք ազդում սաղմի հետագա զարգացման վրա եւ կարելի՞ է արդյոք փոխել այդ բջիջները նորմալ բջիջներով՝ այդպիսով կանխելով հիվանդության առաջացումը»:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին