Գրելով գիտության սիմֆոնիան. երկվորյակները Տիեզերքում ու Երկրի վրա - Mediamax.am

exclusive
6328 դիտում

Գրելով գիտության սիմֆոնիան. երկվորյակները Տիեզերքում ու Երկրի վրա


Լուսանկարը` NASA


NASA-ի Twins Study-ի հետազոտողները փորձում են գրել «գիտության սիմֆոնիան»` օգտագործելով երկվորյակ եղբայրների: Մինչ Սքոթ Քելլին իր կյանքի մեկ տարին էր անցկացնում տիեզերակայանում, տիեզերական տարածության մեջ, նրա երկվորյակ եղբայրը` նախկին աստղագնաց Մարկ Քելլին, բնակվում էր Երկրի վրա:

 

Ինչպես գրում է Phys.org-ը, երկվորյակների կենսաբանական նմուշների համեմատությունը կարեւոր տեղեկություն կտա այն մասին, թե ինչպես է տիեզերական թռիչքն ազդում մարդու օրգանիզմի վրա: Այս գենետիկ հետազոտությունները կօգնեն NASA-ին ապահովել տիեզերագնացների անվտանգ ճամփորդությունը Մարս:

 

Սիմֆոնիան սկսում է տվյալներով, մեծ տվյալներով (Big data). Twins Study-ն հիմնադրվել է որպես տվյալների փոխանակման փորձարարական ուսումնասիրություն: Մինչ արդյունքները հրապարակելը` ուսումնասիրության մեջ ներգրավված տարբեր ոլորտի հետազոտողները համադրում են իրենց արդյունքները (ֆիզիոլոգիական, նյարդավարքային եւ մոլեկուլային տեղեկություններ) եւ հետո միայն տպագրում դրանք: Ամեն մի հետազոտություն մեկ երաժշտական գործիք է, որը «նվագում» է ինքնուրույն, բայց երբ դրանք միացվում են, ստացվում է անհավանական մի բան, որին հեղինակներն արդեն անվանել են «գիտության սիմֆոնիա»:

 

Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտաշխատող Թեջասվինի Միշրան, ով զբաղվում է միասնական բազայի ստեղծմամբ, ասել է, որ «ոչ ոք երբեք չի ուսումնասիրել եւ բնութագրել մարդուն այսքան մանրամասնորեն»:

 

Twins Study-ի հաջորդ քայլը «սիմֆոնիան» կազմելն է: Տվյալները կփոխանցվեն Սթենֆորդի թիմին, որը ղեկավարում է Մայք Սնայդերը, ով կկիրառի տարբեր մեթոդներ` մեծ տվյալների բազմություններն ինտեգրելու համար: Որից հետո հետազոտողները կշարունակեն աշխատանքներն արդեն ինտեգրված տվյալներով:

 

Նվագախումբը դեռ հավաքվում է. NASA-ն եւ հետազոտողները սպասում են անհատական ուսումնասիրությունների արդյունքների զտմանն ու մեկտեղմանը: Հետազոտության արդյունքները կհրապարակվեն 2017թ.-ի վերջին կամ 2018թ.-ի սկզբին, երբ ամբողջապես պատրաստ լինի ինտեգրացված տվյալների միավորը: Այնուհետեւ հետազոտողներն իրենց ստացած արդյունքներն առանձին թեմատիկ հոդվածներով կտպագրեն: Քանի որ NASA-ն պատրաստվում է իր հաջորդ ճամփորդությանը, Twins Study-ի արդյունքները առաջնային տեղ կգրավեն մարդկության հետազոտման լայնածավալ աշխատանքում:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին