Հիշողության կանոնները «գեղեցիկ» վերաձեւակերպում են ստացել - Mediamax.am

8150 դիտում

Հիշողության կանոնները «գեղեցիկ» վերաձեւակերպում են ստացել


Լուսանկարը` REUTERS


Ի՞նչ է իրականում կատարվում մարդու գլխում, երբ ձեւավորվում են հիշողություններն ու պահպանվում ապագայի համար: Այդ հրաշալի գլուխգործոցի` մարդու ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները պարզելու փորձն այս անգամ արել են ամերիկացի եւ ճապոնացի մի խումբ գիտնականներ. բացահայտումը զարմացրել եւ ուրախացրել է նույնիսկ գիտափորձի հեղինակներին:

 

Հետազոտողները պարզել են, որ ուղեղը «կրկնօրինակում է» յուրաքանչյուր հիշողություն` մարդու ապրած ամեն մի իրադարձությունը գրանցելով երկու անգամ, գրում է BBC-ն: Մի  գրանցումն արվում է տվյալ պահի, րոպեական օգտագործման, իսկ մյուսը` ողջ կյանքի համար:

 

Նախկինում համարվում էր, որ այդ գործընթացը սկսվում է տվյալ հիշողության կարճաժամկետ ձեւավորմամբ, ապա հետզհետե տեղափոխվում է մարդու երկարաժամկետ հիշողություն: Գործընթացում ուղեղի երկու մասերն էլ ակտիվ մասնակցում են. համարվում էր, որ հիպոկամպը կարճաժամկետ հիշողության պահոցն է, իսկ երկարաժամկետ պահեստավորման համար աշխատում է գլխուղեղի կեղեւը:

 

Նոր բացահայտումը, որն անսպասելի էր, հետազոտողներն առավել համոզիչ են համարում: Նյարդային սխեմաների գենետիկայի ուսումնասիրման Riken-MIT կենտրոնի հետազոտողները գիտափորձն արել են մկան վրա, բայց ենթադրվում է, որ արդյունքները կիրառելի են նաեւ մարդկանց դեպքում:

 

Գիտնականներն ուսումնասիրել են շոկային ռեակցիայի արդյունքում ձեւավորված որոշակի հիշողությունները` որպես կապակցված ուղեղային հատվածների փունջ: Այնուհետեւ, ուղեղի վրա ուղղված լույսի թեթեւ ճառագայթի միջոցով նրանց հաջողվել է առանձին նեյրոնների գործունեության վրա վերահսկողության հասնել, ինչը, բառացիորեն, թույլ է տվել «միացնել» եւ «անջատել» հիշողությունները:

 

Science ամսագրում հրապարակված արդյունքների համաձայն` հիշողությունների ձեւավորումը տեղի է ունեցել միաժամանակ հիպոկամպում եւ ուղեղային կեղեւում:

 

Հետազոտական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Շուշումու Թոնեգավան BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ այս արդյունքը հակադրվում է վարկածին, որով մարդկությունն առաջնորդվում է արդեն տասնամյակներ: «Սա մեծ առաջընթաց է»,- շեշտել է նա:

 

Գիտնականները նաեւ ցույց են տվել, որ երկարաժամկետ հիշողությունը երբեք չի «հասունանում», եթե հիպոկամպի եւ ուղեղային կեղեւի միջեւ կապն արգելափակված է լինում: Այսպիսով, ուղեղի երկու մասերի միջեւ կա որոշակի փոխադարձ կապ, եւ ժամանակի ընթացքում գլխուղեղի կեղեւն իր վրա է վերցնում որեւէ հիշողության պահպանման ավելի կարեւոր դերը:

 

Ըստ պրոֆեսոր Շուշումու Թոնեգավայի` այս հետազոտությունը կարող է լույս սփռել, թե ինչ է տեղի ունենում հիշողության կորստի հետ կապված հիվանդությունների ժամանակ:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին