Մասնիկների արագացուցիչը` չիպի վրա - Mediamax.am

25643 դիտում

Մասնիկների արագացուցիչը` չիպի վրա


Լուսանկարը` stanford.edu


$ 13,5 մլն եւ 5 տարի` այսքան գումար եւ ժամանակ են պահանջել գիտնականները հսկայական չափսերի մասնիկների արագացուցիչը չիպի վրա տեղափոխելու համար:

«Արագացուցիչը չիպի վրա» նախագիծը, որի համար մոտ 16 ամիս առաջ դրամաշնորհ է ստացել միջազգային համալսարանների եւ լաբորատորիաների խումբը, կարող է մեծ նշանակություն ունենալ ինչպես հիմնական գիտական հետազոտությունների, այնպես էլ բժշկության համար:

 

Նպատակն է էլեկտրոններն արագացնել 30 անգամ ավելի, քան ավանդական տեխնոլոգիաների դեպքում է` օգտագործելով լազերներ եւ նանոկառուցվածքով սիլիկոնի կամ բրնձի չափ ապակու կտոր: Արդյունքում տեխնոլոգիան պոտենցիալ կարող է համապատասխանել SLAC ազգային արագացուցչային լաբորատորիայի 3,2 կիլոմետրանոց գծային արագացուցչին:

 

«Արագացուցիչը չիպի վրա» նախագծի ղեկավարներից Ջոել Ինգլենդն ասել է, որ գաղափարը, ըստ էության, գալիս է 1960-ականներից, երբ առաջին անգամ հայտնագործվեց լազերը եւ առաջարկվում էր այն որպես միջոց օգտագործել` լիցքավորված մասնիկները մինչեւ բարձր էներգիայի արագացնելու համար:

 

Նախատեսվում է, որ նվազագույն չափսերի բերված արագացուցիչը կաշխատի նույն հիմնարար սկզբունքներով, ինչ մասնիկների` ժամանակակից խոշորամասշտաբ արագացուցիչները: Էլեկտրոններն արագացնելու համար ժամանակակից արագացուցիչները մետաղական, միկրոալիքային խորշեր են օգտագործում: Գիտնականներն էականորեն կրճատում են սնուցման աղբյուրը` սանտիմետրեր երկարությամբ միկրոալիքները փոխարինելով միկրոմետր երկարությամբ ալիքների լազերով:

 

Եթե ապակու նանոկառուցվածքը ճիշտ մշակված լինի, ապա երբ լույսն անցնի դրա միջով, այն էլեկտրական դաշտ կգեներացնի, որը կմատակարարվի լիցքավորված մասնիկներին` դրանց շարժման ժամանակ:

 

5-ամյա ծրագրի նպատակն է հասնել 1ՄԷՎ (մեգաէլեկտրոնվոլտ) արագացման, ինչով կապացուցվի, որ տեխնիկան կենսունակ է:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին