Բյուրեղային նյութը կարող է կրկնապատկել արեւային մարտկոցների ուժը - Mediamax.am

39564 դիտում

Բյուրեղային նյութը կարող է կրկնապատկել արեւային մարտկոցների ուժը


Լուսանկարը` businessinsider.com


Պերդյույի համալսարանի եւ Վերականգնվող էներգիայի աղբյուրների ազգային լաբորատորիայի մշակած նոր` բյուրեղային կառուցվածքով նյութը կարող է կրկնապատկել արեւային մարտկոցների արդյունավետությունը:

Բյուրեղային կառուցվածքը պարունակում է ոչ օրգանական (յոդ եւ կապար) եւ օրգանական նյութեր (մեթիլ-ամոնիում) եւ բարձրացնում է արդյունավետությունն այնպես, որ այն կարող է լույսից վերցնել էներգիայի երկու երրորդը` միեւնույն ժամանակ ջերմություն հաղորդելու համար չկորցնելով շատ էներգիա: Այլ կերպ ասած, այս նյութը կարող է կրկնապատկել էլեկտրաէներգիան` առանց ծախսերի զգալի աճի:

 

Ամենատարածված արեւային մարտկոցներում որպես կիսահաղորդիչ օգտագործվում է սիլիկոն, որը կարող է փոխանցել էներգիայի միայն մեկ երրորդը:

 

Պերդյույի համալսարանի քիմիայի դոցենտ Լիբաի Հանգն (Libai Huang) ասել է, որ նոր մշակված նյութը (երկրի մակերեւույթի համար համեմատաբար հազվադեպ հանքանյութի` պերովսկիտների հիբրիդ) կստեղծի ավանդական սիլիկոնային մարտկոցներից ավելի բարակ, ճկուն, էժան եւ հեշտ պատրաստվող արեւային մարտկոցներ:

 

Հանգի եւ նրա գործընկերների մշակած նոր մեթոդը, արագ լազերների եւ միկրոսկոպերի կիրառմամբ, կարող է հետեւել տաք կրիչների շարժման դիապազոնին ու արագությանը:

 

«Տարածությունը, ուր տաք կրիչները պետք է տեղափոխվեն, մոտ 200 նանոմետր է, ինչին նոր նյութը կարող է հասնել: Այս կրիչները կարող են ապրել մոտ 100 պիկովայրկյան (մեկ տրիլիոներորդ վայրկյան)` երկու անգամ ավելի շատ, քան սիլիկոնը»,- ասել է Հանգը:

 

Հաջորդ քայլով հետազոտողները պետք է պատշաճ էներգետիկ մակարդակներում համապատասխան կոնտակտային նյութեր կամ կառուցվածքներ գտնեն եւ զարգացնեն, որպեսզի այդ տաք կրիչները կարողանան գեներացնել հզորությունը:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին