Քաղցի հորմոնը նպաստում է ուղեղում նոր բջիջների աճին - Mediamax.am

52734 դիտում

Քաղցի հորմոնը նպաստում է ուղեղում նոր բջիջների աճին


Լուսանկարը` Amazaday Dagrait


Երեւան: Մեդիամաքս: Ստամոքսի հորմոնը, որ խթանում է ախորժակը, կարծես թե, նպաստում է ուղեղում նոր բջիջների աճին եւ պաշտպանում է դրանք ծերացումից:

Քաղցի հորմոնը՝ գրելինը, առաջանում է ստամոքսում, երբ այն դատարկ է, եւ մի քանի ժամ քաղցած մնալու արդյունքում դրա մակարդակն արյան մեջ բարձրանում է: Գիտնականների փորձերը ցույց են տվել, որ ցածր կալորիականությամբ սննդակարգով կենդանիների մտավոր կարողություններն ավելի բարձր են, եւ մասնագետները կարծում են, որ դա կապված է նաեւ քաղցի հորմոնի հետ: Մկների մարմնում այս հորմոնի ներարկումից հետո նրանց մոտ բարձրանում է ուսուցման եւ հիշողության թեստերում արդյունավետությունը, եւ ավելանում են ուղեղի նյարդային հանգույցները:

 

Մեծ Բրիտանիայի Սվանսեայի համալսարանի գիտաշխատող Ջեֆրի Դեվիսն իր թիմի հետ նոր ապացույց է գտել, որը վկայում է, որ գրելինը կարող է խթանել ուղեղի բջիջների բազմացմանը: Այս պրոցեսը կոչվում է նեյրոգենեզ: Երբ հետազոտողները մկան՝ արհեստական աճեցված ուղեղի բջիջներում ավելացրել են գրելին, այն վերածվել է մի գենի, որը խթանում է նեյրոգենեզը:

 

«Եթե նույնը տեղի ունենա նաեւ կենդանիների դեպքում, դա կարող է ցույց տալ, թե ինչպես է գրելինն ազդում հիշողության վրա: Ուղեղի երիտասարդ բջիջները, կարծես թե, նպաստում են նոր հիշողությունների ձեւավորմանը»,- ասել է Ջեֆրի Դեվիսը:

 

Այս աշխատանքը կարող է օգտագործվել նեյրոգեներատիվ հիվանդությունների բուժման դեպքում, ինչպես օրինակ՝ Պարկիսնոնի հիվանդությունն է, որը բնորոշվում է միջին ուղեղի սև նյութի եւ այլ հանգույցների դեգեներացիայով: 

 

Դեվիսի թիմը բացահայտել է, որ Պարկինսոնի հիվանդության ժամանակ գրելինն ուղեղի բջիջները պաշտպանում է մահացությունից: Նրանք նաեւ պարզել են, որ այդ հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ գրելինի մակարդակը ցածր է:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին