exclusive
47274 դիտում

Ընդդեմ ուղեղների արտահոսքի՝ հայրենի գիտություն վերադարձի բանաձեւը


Աշոտ Պապոյանը
Աշոտ Պապոյանը

Լուսանկարը` Ա. Պապոյանի արխիվից

Աշոտ Պապոյանը
Աշոտ Պապոյանը

Լուսանկարը` Ա. Պապոյանի արխիվից


Ուղեղների արտահոսք Հայաստանից եւ ապա բումերանգի էֆեկտով վերադարձող ներդրում հայրենի գիտության մեջ. ԱՄՆ-ում բնակվող Աշոտ Պապոյանն այդ փորձի լավագույն օրինակներից է:

Գիտնականը նկատում է, որ «Հայաստանից ուղեղների արտահոսքը ցավալի ճշմարտություն է, բայց մյուս կողմից արտասահմանյան առաջատար գիտական հաստատություններում հայերի ներկայությունը մեծ առավելություն է Հայաստանի համար»:

Արտերկրում գիտական հաջողությունների հասած Աշոտ Պապոյանը կենսաբանի մասնագիտությունը ստացել է Երեւանի պետական համալսարանում: ԱՄՆ-ում ամառային դասընթացի մասնակցելու ընթացքում ծանոթացել է այդ երկրում ասպիրանտուրայում սովորելու եւ գիտական աստիճան ստանալու հնարավորություններին, իսկ 1999թ.-ին կնոջ՝ Ելենա Բիշարյանի հետ, ով նույն մասնագիտությունն ունի, տեղափոխվել է ԱՄՆ:

Ասպիրանտուրան ավարտելիս Կոռնելի համալսարանի պրոֆեսորներից մեկը նրան եւ կնոջն առաջարկել է աշխատել նորաստեղծ spin-off ընկերությունում: Աշոտ Պապոյանը դարձել է դեղագործական TetraGenetics ընկերության առաջին աշխատողը, հետագայում ընկերությունն ընդլայնվել է, իսկ հայ գիտնականն այժմ դրա փոխտնօրենն է:

Աշոտ Պապոյանը Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF)-ի՝ պրոֆեսոր Երվանդ Թերզյանի նախագահած հետազոտական խորհրդի անդամներից մեկն է: Արտասահմանում գիտական հաջողությունների հասնելուց հետո երիտասարդը բաց չի թողել հայրենիքի գիտությանն աջակցելու առաջին իսկ հնարավորությունը:

«ANSEF-ի գաղափարը ծնվեց Կոռնելի համալսարանի տաղանդավոր հայ պրոֆեսորի՝ Երվանդ Թերզյանի շնորհիվ եւ կյանքի կոչվեց 2001թ.-ին: Այդ տարիների գիտության համար ներդրումը քիչ էր եւ հայ, հատկապես՝ երիտասարդ գիտականներին գիտության մեջ մնալու համար աջակցություն էր հարկավոր: Այդ տարիներից միացա հիմնադրամին, որը համախմբում էր արտերկրում աշխատող հայ էնտուզիաստ գիտնականների: Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի շնորհիվ հիմնադրամը գործում է տարիներ շարունակ, իսկ մենք ապահովում ենք գիտական մասը: Կարեւորում ենք, որ դրամաշնորհների հատկացումը լինի արդար, միջազգային գրանտային հիմնադրամների սկզբունքներով»,- ասում է Աշոտ Պապոյանը:

Հիմնադրամի ադմինիստրատիվ խումբը ստանում է Հայաստանի երիտասարդ գիտնականների աշխատանքները, ծանոթանում դրանց եւ ուղարկում աշխարհի լավագույն մասնագետներին, որոնք իրենց գնահատականն են տալիս, ինչից հետո որոշվում է դրամաշնորհի տրամադրումը: Նրանք օգնում ենք նաեւ դոնորներ գտնել, ընդհանուր առմամբ տարեկան մոտ 125 հազար դոլար են տրամադրվում ֆոնդին:

Աշոտ Պապոյանը Աշոտ Պապոյանը

Լուսանկարը` Ա. Պապոյանի արխիվից


Հիմնադրամի ստեղծումից ի վեր ավելի քան 3 հազար դիմում են ստացել եւ տրամադրել են մոտ 430 դրամաշնորհ՝ ավելի քան 2 մլն դոլար ընդհանուր գումարով: Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը 5000 ԱՄՆ դոլար է: Վերջին մի քանի տարիներին համագործակցում են ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) հետ: Մրցույթի շրջանակներում տրամադրվում է 30 դրամաշնորհ, որից հինգը սահմանված է ԵԳԱԾ-ի կողմից:

Աշոտ Պապոյանի նման Հայաստանին օգնելու պատրաստակամություն ունի արտասահմանում աշխատող հայ մասնագետների 90%-ը: Գիտնականն ասում է, որ արտասահմանյան գիտական հաստատություններում աշխատող հայ գիտնականները հսկայական ներուժ են Հայաստանի գիտությանն աջակցելու համար, սակայն այս ռեսուրսը չի օգտագործվում ինչպես հարկն է.

«Մենք ունենք արտակարգ լավ մասնագետներ, պրոֆեսորներ շատ համալսարաններում, բոլոր ոլորտներից: Այդ ներուժը պետք է օգտագործվի: Եթե ուրիշ երկրներում մեծ գումարներ է հարկավոր ծախսել նման ինտելեկտ ու փորձ յուրացնելու համար, այս մարդիկ բոլորը պատրաստ են անվճար անել դա Հայաստանի համար»:

Արտերկրում գործող հայ գիտնականների հետ կենսաբանը մեկ այլ նախաձեռնություն էլ է պատրաստվում կյանքի կոչել: Կենսատեխնոլոգիաների մայրաքաղաք Բոստոնում հաստատվելուն պես նա սկսել է գտնել բոլոր այն հայերին, որոնք զբաղվում են գիտությամբ: Այժմ մոտ 100-հոգանոց հայերի խումբ ունեն՝ լավագույն ընկերություններում աշխատող գիտնականներ, տնօրեններ, մասնագետներ, ովքեր պարբերաբար քննարկումներ են ունենում եւ առաջիկա տարիներին նախատեսում են անցնել Հայաստանին աջակցելու գործնական քայլերի:

«Այս մարդկանց համար պետք է ճանապարհ բացել եւ հնարավորություն տալ մասնակցել Հայաստանի զարգացմանը: Գիտնականների մի խումբ կա, որն ավելի էնտուզիաստ է, սեփական նախաձեռնությամբ է փորձում հասկանալ՝ ինչ կարող է անել իր երկրին աջակցելու համար: Մի մասն էլ պատրաստ է օգնել, բայց չգիտի ինչ ուղիներով դա անել: Արտասահմանի եւ Հայաստանի գիտնականների ու կառավարության անելիքը պիտի լինի այդ մեխանիզմների ստեղծումը»,- ասում է նա:

Ինչպես նկատում է Հայաստանի գիտնականների աշխատանքներին քաջ ծանոթ Աշոտը, երիտասարդների շրջանում պոտենցիալը շատ մեծ է, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանը փոքր երկիր է, ինչի հետեւանքով գիտնականների քանակը համաշխարհային մասշտաբների համեմատ քիչ է:

Հայաստանում գիտության ապագայի վերաբերյալ, Աշոտ Պապոյանի խոսքով, արտերկրում ապրող գիտնականները երկու փիլիսոփայական մոտեցում ունեն. «Հայաստանի փոքրությունն ու ֆինանսական խնդիրները հաշվի առնելով՝ գուցե հարկավոր չէ, որ գիտության բոլոր ոլորտները ծաղկեն եւ զարգանան, պետք է ընտրել այն ուղղությունները, որոնցում ավելի մեծ հնարավորություններ ու հեռանկարներ ունենք, զարգացնել դրանք: Մյուս մոտեցումն էլ այն է, որ պետք է փորձենք բոլոր ուղղություններն էլ զարգացնել: Այս երկու մոտեցումներն էլ հետաքրքիր են եւ պետք է հասկանալ՝ որն ընտրել: Կարող եմ ասել, որ ընդհանուր որակը բարձր է եւ առաջընթացը շատ լավ զգացվում է, ANSEF-ի սկզբնավորման տարիների եւ այժմ ստացվող գիտական աշխատանքների միջեւ որակական շատ մեծ տարբերություն կա»:

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am