FAST-ը, երիտասարդ գիտնականների մոտիվացիան ու ապագան - Mediamax.am

exclusive
50841 դիտում

FAST-ը, երիտասարդ գիտնականների մոտիվացիան ու ապագան


Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)
Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` FAST

Առնակ Դալալյանը
Առնակ Դալալյանը

Լուսանկարը` FAST

Դավիթ Բունիաթյանը
Դավիթ Բունիաթյանը

Լուսանկարը` FAST

Էրիկ Ազնաուրյանը
Էրիկ Ազնաուրյանը

Լուսանկարը` FAST

Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)
Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` FAST


ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի (NSF) ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը, օտարերկրացի առաջատար գիտնականներից բացի, Հայաստան էր բերել նաեւ արտերկրում իրենց գիտական ուղին շարունակող հայ երիտասարդների:

 

Մեդիամաքսն արտերկրից ժամանած հայ երիտասարդ գիտնականների հետ զրուցել է FAST հիմնադրամի ստեղծած հնարավորությունների, Հայաստանում առկա գիտական խնդիրների, հեռանկարների եւ հայկական գիտության զարգացման մեջ նրանց հնարավոր ներդրումների շուրջ:

 

FAST-ն իսկապես փորձում է օգտագործել ամբողջ ներուժը

 

Էրիկ Ազնաուրյան, Ցյուրիխի գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի համալսարանի գիտաշխատող

 

Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում FAST-ի նման հիմնադրամ է ստեղծվել: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել կազմակերպության Հաջորդ սերնդի խորհուրդը (FAST NextGen Council), որն այժմ ղեկավարում եմ: Մենք հավաքել ենք 15 երիտասարդ գիտնականների ամբողջ աշխարհից, որոնք կօգնեն հիմնադրամի գործունեությանը:

 

Հայաստանում FAST-ի նման կազմակերպության առկայությունը շատ մեծ հաջողություն է: Այս խորհրդաժողովի ընթացքում, բացի մասնագիտական քննարկումներից, մենք ծանոթացանք նաեւ հիմնադրամի աշխատանքներին: Հայաստանում գիտության եւ երիտասարդներին ֆինանսավորելու ծրագրերը, լայնամասշտաբ գիտական հանդիպումների կազմակերպումը, միջազգային մասնագետների ներգրավվումը մեծ դեր կխաղա Հայաստանի գիտության զարգացման գործում: Հիմնադրամի գործունեությունը տարիների ընթացքում կընդլայնվի՝ ներառելով Հայաստանում գիտության տարբեր ճյուղեր: 

 

Առնակ Դալալյան, Փարիզի տնտեսագիտության, վիճակագրության եւ ֆինանսների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (ENSAE/CREST)

 

Շատ կարեւոր է, որ ոչ կառավարական կազմակերպությունը ցանկություն է հայտնում Հայաստանում զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիան: Այդ առումով ես մեծ հույսեր եմ կապում FAST-ի հետ:

 

Տեխնոլոգիաների զարգացումը կարեւոր ազդեցություն կունենա տնտեսության վրա, բայց ինձ հատկապես ուրախացնում է այն, որ Հիմնադրամում տեխնոլոգիայի զարգացումն անմիջապես կապում են գիտության զարգացման հետ: Կարեւոր է, որ գիտություն-տեխնոլոգիա-տնտեսություն շղթան գոյություն ունենա: Եթե օղակներից մեկը կամ դրանց միջեւ կապը բացակայում է, համակարգը չի կարող գործել:

Առնակ Դալալյանը Առնակ Դալալյանը

Լուսանկարը` FAST

Ողջունելի է, որ FAST-ը իսկապես փորձում է օգտագործել ամբողջ ներուժը՝ ինչպես ներսում, այնպես էլ՝ դրսում: Արտերկրում շատ մարդիկ կան, եւ ես իմ ընկերների, կոլեգաների մեջ շատ մարդկանց գիտեմ, ովքեր կապված են Հայաստանի հետ եւ շատ կուզենան ներգրավվել գիտության զարգացման գործում:

 

Դավիթ Բունիաթյան, Փրինսթոնի համալսարանի Համակարգչային գիտությունների ամբիոնի ասպիրանտ

 

Գիտնականներին արտասահմանում գրավում է այն, որ ֆինանսավորման եւ ռեսուրսների խնդիր չկա, կարող են զբաղվել իրենց հետաքրքրություններով՝ չմտածելով, թե ինչպես կարող են այդ ամենը գտնել: Իմ կարծիքով՝ FAST-ը կարող է հիմնարար դեր ունենալ այդ մարդկանց Հայաստանում պահելու հարցում, հնարավորություն տալու նրանց կենտրոնանալ այն ուղղությունների վրա, որոնց հանդեպ հետաքրքրություն ունեն եւ հետագայում արդյունքները կիրառել արտադրությունում: Ինձ թվում է՝ երկրորդ կետը շատ ավելի կարեւոր է: Եթե գիտության արդյունքներն առեւտրայնացվեն, այդ գումարները դարձյալ կվերադառնան եւ կֆինանսավորեն գիտությունը, եւ շատ ավելի մեծ թվով մարդկանց ներգրավվելու հնարավորություն կլինի:

 

Մեքենայական ուսուցման համար շատ մեծ ռեսուրսներ պետք չեն

 

Էրիկ Ազնաուրյան

 

Հաճախ եմ այցելում Հայաստան եւ փորձում եմ մասնակցել տեղի գիտական կյանքին, ծանոթ եմ նաեւ խնդիրներին: Ամենամեծ խնդիրը, գոնե այն ոլորտում, որով ես եմ զբաղվում (կենսաբժշկություն, կենսատեխնոլոգիա), ռեսուրսների եւ սարքավորումների սակավությունն է, ինչի հետեւանքով էլ՝ ուղեղների արտահոսքը:

Էրիկ Ազնաուրյանը Էրիկ Ազնաուրյանը

Լուսանկարը` FAST

Մյուս ուղղությունները, որոնք մեծ քանակով ենթակառուցվածքների կարիք չունեն, օրինակ՝ համակարգչային գիտությունները, մեքենայական ուսուցումը, նեյրոնային ցանցերը, մաթեմատիկան եւ այլն, Հայաստանում միշտ ակտիվ զարգացել են:

 

Մեքենայական ուսուցման համար շատ մեծ ռեսուրսներ պետք չեն, մարդիկ նույնիսկ թղթի վրա կարող են հետեւություններ անել եւ թեորեմներ ապացուցել: Այժմ Հայաստանում այս ոլորտում հիմնական խնդիրն առկա տվյալները թվայնացնելն է: Պետք է բոլոր ոլորտներում սկզբնական ինֆորմացիա հավաքել եւ այն տրամադրել համակարգչային գիտնականներին, որոնք կկարողանան այդ ինֆորմացիան ճիշտ կիրառել եւ վերլուծություններ անել: Եթե առաջիկա 5 տարում ապահովվեն ինֆորմացիոն ռեսուրսները, ապա մենք մեծ քայլերով առաջ կգնանք:

 

Երիտասարդները պետք է կարողանան լիովին իրացնել իրենց ներուժը

 

Էրիկ Ազնաուրյան

 

Արտասահմանում գործունեություն ծավալող երիտասարդ գիտնականներին դեպի Հայաստան գրավելու համար պետք է այստեղ ստեղծել նախագծեր, որոնցում երիտասարդները կկարողանան լիովին իրացնել իրենց ներուժը: Պետք է ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, եւ դրանք ոչ միշտ ֆինանսական բնույթ կրում: 

 

Դավիթ Բունիաթյան

 

Արտասահմանում գիտությամբ զբաղվող հայ երիտասարդները Հայաստանի գիտությանը կարող են աջակցել երկու եղանակով: Առաջինը՝ իրենց փորձն ու գիտելիքները տեղի մասնագետներին փոխանցելն է՝ տարբեր աշխատաժողովների եւ հանդիպումների, համագործակցության միջոցով: Մյուսը՝ փորձել տեղում հաստատել կապեր եւ հետագայում այդ ռեսուրսներն ուղղել Հայաստան:

Դավիթ Բունիաթյանը Դավիթ Բունիաթյանը

Լուսանկարը` FAST

Ես զբաղվում եմ մարդու ուղեղի նեյրոնային համակարգերով: Երեք տարի Անգլիայում եմ սովորել, հիմա ԱՄՆ-ում եմ սովորում, բայց միակ հոգեհարազատ տեղը Հայաստանն է: Այստեղ էնտուզիազմով շատ մարդ կա, նրանց պարզապես մոտիվացում է հարկավոր: Եթե այդ բոլոր հնարավորությունները կարողանանք այստեղ ստեղծել, անկասկած, մեծ հաջողություններ կունենանք:

 

Գիտության հունը գլոբալ շուկան է որոշում

 

Էրիկ Ազնաուրյան

 

Համաշխարհային մակարդակի հաջողությունների հասնելու համար հարկավոր է, որ հայ գիտնականների տեսական արդյունքները գործնական կիրառություն գտնեն: Մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ոլորտներում մեծ տեսական հետազոտություններ են արվում, որոնք այդպես էլ տեսություն են մնում, եւ հազվադեպ են բերվում կիրառական դաշտ:

 

FAST-ի նպատակներից մեկն էլ դա է՝ ապահովել ֆինանսավորում այնպիսի գիտական աշխատանքների համար, որոնք կկարողանան գոյություն ունեցող տեսությունից վերածվել վաճառքի ենթակա ապրանքի:

 

Առնակ Դալալյան

 

Այն հունը, որով Հայաստանը պետք է աշխարհին համընթաց շարժվի, ինքն իրեն կստեղծվի: Հայաստանում բոլոր տեխնոլոգիական ընկերությունները տեսնում են՝ ինչի պահանջարկն ունի աշխարհը: Հունը գլոբալ շուկան է որոշում, եւ մենք պետք է մրցունակ լինենք այդ միջազգային գիտական միջավայրում:

Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ) Առնակ Դալալյանը, Էրիկ Ազնաուրյանը եւ Դավիթ Բունիաթյանը (ձախից՝ աջ)

Լուսանկարը` FAST

Դավիթ Բունիաթյան

 

Հայաստանում մեքենայական ուսուցման ոլորտում լավ մասնագետներ կան եւ մենք համաշխարհային տիրույթում մեծ հաջողություններ կարող ենք ունենալ, եթե առկա ներուժն ապահովվի համապատասխան միջավայրով:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ FAST-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին