Մեծագույն գիտնական Սթիվեն Հոքինգը հեռացավ դեպի տիեզերք - Mediamax.am

17596 դիտում

Մեծագույն գիտնական Սթիվեն Հոքինգը հեռացավ դեպի տիեզերք


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 76 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը:

The Guardian-ը հայտնում է, որ նրա մահվան մասին այսօր վաղ առավոտյան հայտնել են գիտնականի զավակները:

 

«Նա մեծ գիտնական էր եւ արտառոց մարդ, ում աշխատանքը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ: Նրա խիզախությունը, համառությունը եւ հումորի զգացումը ոգեւորում էին մարդկանց աշխարհով մեկ», - ասված է Հոքինգի զավակներ Լյուսիի, Ռոբերտի եւ Թիմի հայտարարության մեջ:

 

2016 թվականի մարտին Սթիվեն Հոքինգն ասել էր, որ գիտական փայլուն կարիերայով պարտական է իր հայազգի ուսուցիչ Տիգրան Տահտային (Dikran Tahta):

 

Տիգրան Տահտան Սթիվեն Հոքինգի մաթեմատիկայի ուսուցիչն էր Սբ Ալբանսի դպրոցում:

 

«Ուսուցիչներից շատերը ձանձրալի էին, բայց ոչ պարոն Տահտան», - ասել է ֆիզիկոս-տեսաբանը:

 

«Նրա դասերը շատ կենդանի եւ գրավիչ էին: Կարելի էր բանավիճել ամեն ինչի մասին: Միասին մենք կառուցեցինք իմ առաջին համակարգիչը», - հիշում էր Սթիվեն Հոքինգը:

 

«Պարոն Տահտայի շնորհիվ է, որ ես մաթեմատիկայի պրոֆեսոր դարձա Քեմբրիջում, զբաղեցնելով մի պաշտոն, որը ժամանակին Իսահակ Նյութոնինն էր», - ասել էր գիտնականը:

2015 թվականին հայազգի գիտնական Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալը, որը շնորհվում է նրանց, ովքեր ներդրում են ունեցել երաժշտության, արվեստի, կինոյի եւ այլ ոլորտներում գիտությունը եւ գիտական բացահայտումները ներկայացնելու եւ տարածելու գործում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին