2018թ.-ի տեխնո-տրենդերը, Լուսին եւ Մարս հասնելու հեռանկարը - Mediamax.am

15878 դիտում

2018թ.-ի տեխնո-տրենդերը, Լուսին եւ Մարս հասնելու հեռանկարը


Իլոն Մասկը
Իլոն Մասկը

Լուսանկարը` REUTERS

OSIRIS-REx-ը
OSIRIS-REx-ը

Լուսանկարը` REUTERS

SpaceX Falcon Heavy-ի մեկնարկը
SpaceX Falcon Heavy-ի մեկնարկը

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Future today ինստիտուտը հրապարակել է զարգացող տեխնոլոգիաների 2018թ.-ի տրենդերը, որոնք կազդեն բիզնեսի, կառավարության, կրթության, մեդիայի եւ հասարակության վրա: Մեդիամաքսն առանձնացրել է զեկույցի այն կետերը, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին եւ Տիեզերքի ուսումնասիրությանը:

 

Կոմերցիոն տիեզերական թռիչքներ

 

2018թ-ին մեկնարկում են տիեզերական թեստային կոմերցիոն թռիչքները: Այս կետը զեկույցում հայտնվել է առաջին անգամ: Թռիչքների նախապատրաստությունները, ինչպես նշվում է զեկույցում, արդեն ընթանում են SpaceX-ում եւ Boeing-ում՝ որպես NASA-ի կոմերցիոն խմբի ծրագիր:

 

Երկու ընկերությունները նախատեսում են կառավարել վեց անձնակազմային առաքելություններ դեպի Միջազգային տիեզերակայան 2019թ.-ից մինչեւ 2024թ-ը: Մինչդեռ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ նախատեսում է մարդկանց տանել Մարս արդեն 2024 թ.-ին: Իսկ 2018թ.-ի հունվարի սկզբին Virgin Galactic VSS Unity-ն ավարտեց իր 7-րդ թեստային թռիչքը:

 

Ամեն մեկը չէ, որ համապատասխանում է տիեզերական թռիչքներին: Կառլ Սագանն իր «Overview Effect» գրքում գրում է. «Մեր մոլորակը միայնակ կետ է տիեզերքը ծածկող մթության մեջ: Մեր անորոշության եւ այս ողջ անբացատրելիության մեջ չկա որեւէ ակնարկ, որ ինչ-որ տեղից օգնություն կգա՝ փրկելու մեզ մեզանից իսկ»:

 

Կան նաեւ գործնական սահմանափակումներ. դեպի Մարս ուղեւորության տեւողությունը գնահատվում է երեք տարի: Լուսին հասնել եւ վերադառնալն ավելի հեշտ է՝ միայն մեկ շաբաթ է հարկավոր հետադարձ ուղեւորության համար: Ճանապարհորդները ստիպված են նաեւ պայքարել «տիեզերական հարմարվողականության սինդրոմ» կոչվող երեւույթի եւ բարձր ճառագայթման մակարդակի հետ: 

 

Փոքր արբանյակներ

 

Ձեռնարկատերերը կառուցում եւ պատրաստում են գործարկման հազարավոր էժան, բայց բարձրարժեք արբանյակներ հաջորդ երեք տարիներին: Այս արբանյակները փոքր են, կարող են հաղորդակցվել միմյանց հետ եւ կնկարեն Երկրի մակերեւույթի յուրաքանչյուր թիզն ամեն օր: 

 

Փոքր արբանյակները՝ հայտնի որպես CubeSats, նոր տեխնոլոգիա չեն: Դրանք տարիներ շարունակ օգտագործվել են տիեզերական գործակալությունների կողմից:

Խոշոր ներդրումները շարժիչային համակարգերում, չհաշված տեխնոլոգիաների եւ ավելի էժան բաղադրիչների նշանակալի առաջընթացը, ավելի հեշտացնում են փոքր արբանյակների զանգվածային արտադրությունը եւ դրանց գործարկումը տարբեր նպատակներով, ինչպես օրինակ՝ հանքարդյունաբերություն, երթեւեկության վերահսկում, գյուղատնտեսություն, հետախուզություն, լոգիստիկա եւ այլն:

Լուսանկարը` REUTERS

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը 2018-2020թթ.-ին նախատեսում է «աննախադեպ թվով» արբանյակների գործարկում: Սա թույլ կտա լրագրողներին, ընկերություններին, կառավարություններին եւ մասնավոր քաղաքացիներին ամենատարբեր նպատակներով հասանելիություն ունենալ լուսանկարներին եւ գործիքներին:

 

Աստերոիդների հանքարդյունաբերություն՝ ռեսուրսների համար

 

Աստերոիդների հանքարդյունաբերությունը կարող է անգնահատելի լինել Երկրի հետազոտողների համար:

 

2017թ.-ին Արիզոնայի պետական համալսարանի աստղաֆիզիկոսները մեկնարկեցին OSIRIS-REx տիեզերական առաքելությունը դեպի Բեննու աստերոիդը, որը կարող էր գաղտնիքներ բացահայտել արեւային համակարգի վաղ պատմության մասին: OSIRIS-REx-ը կքարտեզագրի աստերոիդը եւ կվերադառնա Երկիր 2023թ.-ին:

OSIRIS-REx-ը OSIRIS-REx-ը

Լուսանկարը` REUTERS

Տարբեր ազգային տիեզերական գործակալություններ եւ կառավարություններ այս ուղղությամբ համաձայնագրեր ունեն: Ըստ էության, խոսքը աստերոիդների վրա օգտակար հանածոների, ենթադրաբար՝ ջրի մասին է:

 

Մի քանի ընկերություններ նախատեսում են 2021թ.-ին Երկրի մոտակա աստերոիդ հանքարդյունաբերական սարքավորումներ եւ տիեզերանավ ուղարկել: Թռիչքի առաջին փուլի նպատակը հետախուզումն է:

 

Տիեզերքի հետազոտություն

 

Մենք տիեզերական հետազոտության բումի մեջտեղում ենք: Նախորդ տարի թոշակի անցած ամերիկացի զինվորականը հայտարարեց, որ կառավարությունն օտար քաղաքակրթություն է որոնում եւ ձգտում գտնել:

 

Ստարթափերն աշխատում են Մարսի վրա բնակեցման ծրագրերի ուղղությամբ եւ լուրջ ներդրողներ ունեն: Տարբեր ընկերություններ արդեն սկսել են մշակել սարքավորումներ, որոնց միջոցով կարելի կլինի հասնել Լուսին եւ վերադառնալ, իսկ ամենը, ինչ հարկավոր է, ֆինանսական միջոցներն են՝ ցանկացած մարդ, ով կկարողանա վճարել, կհայտնվի Լուսնի վրա:

 

Մյուս կողմից էլ աստղագիտական գործակալություններն են զարգացնում սարքավորումները՝ ավելի խորը տիեզերական հետազոտությունների համար:

 

Անցած երեք տարիներին մենք տեսանք հաջողված (եւ դժբախտաբար՝ որոշ անհաջող) կոմերցիոն տիեզերական գործարկումներ:  2018թ-ի հունվարին Իլոն Մասկի SpaceX-ն իրականացրեց Falcon Heavy-ի գործարկումը. աշխարհն ականատես եղավ ինչպես են Tesla Roadster-ը եւ «Տիեզերքի մարդը» հասնում ուղեծիր: 

SpaceX Falcon Heavy-ի մեկնարկը SpaceX Falcon Heavy-ի մեկնարկը

Լուսանկարը` REUTERS

Եվրոպայի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունները հույս են փայփայում այնքան մոտենալ աստերոիդին, որ կարողանան այնտեղ հանքարդյունաբերություն անել կամ փոխել դրա ուղին: Չինաստանն ու Հնդկաստանը կդառնան գլխավոր խաղացողներ:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին