Արեգ Դանագուլյան. Եթե ուղեղներ չմշակենք, Հայաստանը ձեռնունայն կմնա - Mediamax.am

exclusive
20365 դիտում

Արեգ Դանագուլյան. Եթե ուղեղներ չմշակենք, Հայաստանը ձեռնունայն կմնա


Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արեգ Դանագուլյանը
Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆիզիկոսների ընտանիքում ծնված Արեգ Դանագուլյանը դպրոցական տարիներին շատ էր սիրում մաթեմատիկան եւ այդ ուղղությամբ էլ որոշել էր շարունակել կրթությունը: Ֆիզմաթ դպրոցում սովորելու տարիներին էլ մաթեմատիկային ավելի լավ էր տիրապետում, իսկ ֆիզիկայից թույլ էր: 

 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանն այժմ ինքն է ֆիզիկա դասավանդում եւ, համեմատություն անելով, ասում է գլխավոր պատճառը, թե ինչու էր հենց մաթեմատիկան սիրում, ոչ թե ֆիզիկան. «Մաթեմատիկան այնպես էր դասավանդվում, որ իսկապես գրգռվում էր աշակերտի հետաքրքրասիրությունը, ոգեւորում էր, բայց ֆիզիկան առանձնապես լավ չէր դասավանդվում»:

 

Արեգ Դանագուլյանը որոշում է դիմել Մաթեմատիկայի ֆակուլտետ, բայց իմանալով, որ ընդունելության համար պետք է հանձնել ֆիզիկայի քննություն, սկզբում խուճապի է մատնվում:

 

«Ստիպված վերցրեցի բոլոր գրքերս ու սկսեցի պարապել ֆիզիկա: 7-9-րդ դասարանների ողջ կուրսը զրոյից անցնելով եւ ինքս ինձ ֆիզիկան սովորեցնելով՝ եկա այն եզրակացության, որ սա ֆանտաստիկ գիտություն է եւ դեռ մաթեմատիկայից էլ ավելի հետաքրքիր է: Իմ գնահատականները, իհարկե, կտրուկ բարձրացան, ես որոշեցի, որ ուզում եմ ֆիզիկայով զբաղվել»,- պատմում է Արեգ Դանագուլյանը:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

1993-ին Արեգի ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ էլ նա շարունակում է ուսումնասիրել ֆիզիկա: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) նա մասնագիտանում է միջուկային գիտության եւ ճարտարագիտության մեջ:

 

Միջուկային ֆիզիկայի մասնագետ հայրն Արեգին հորդորում է չընտրել նույն իր ուղին՝ հաշվի առնելով, որ խնդիրները շատ են ու բարդ, բայց նա համառորեն հավատարիմ է մնում իր որոշմանը.

 

«Միջուկային ֆիզիկան փորձում է ուսումնասիրել ամենաֆունդամենտալ օրենքները, որոնցով բնությունն աշխատում է: Եթե ուզում ես ամենախորը մակարդակում հասկանալ եւ զգալ՝ ինչպես է բնությունը կառուցված, ապա պետք է ուսումնասիրես միջուկային ֆիզիկա եւ բարձր էներգիաների ֆիզիկա»:

 

Մեդիամաքսի հետ հարցազրույցում Արեգ Դանագուլյանը խոսել է ֆիզիկայի ժամանակակից միտումների, Հայաստանի հետ արտերկրում ապրող գիտնականների կապերի, կրթական ու գիտական խնդիրների եւ հայկական գիտության հեռանկարների մասին:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենակարող ուսուցիչը

 

Ես եկել եմ այն եզրակացության, որ մասնագիտության եւ կյանքի ճանապարհի ընտրության հարցում շատ մեծ դեր են խաղում ուսուցիչները: Լավ ուսուցիչը կարող է թույլ երեխայի մեջ գրգռել հետաքրքրասիրություն եւ նրան դարձնել ուժեղ աշակերտ, կարող է լինել նաեւ հակառակը՝ ուսուցիչը կարող է ոչնչացնել աշակերտի հետաքրքրությունները գիտության նկատմամբ: Ինչպես անգլերեն ասում են՝ to make it or break it, այսինքն՝ ուսուցչի ձեռքում հսկայական հզորություն կա, որը կարող է կամ շատ դրական ազդել, կամ հակառակը:

 

Երբ սկսեցի կրթությունս շարունակել արտասահմանում, տեսա, որ Հայաստանում եւ Ամերիկայում դպրոցներում դասավանդման հսկայական տարբերություն կա: Անգամ չեմ խոսում սարքավորումներից ու փորձերի հնարավորության բացակայությունից, այլ ավելի հասարակ բաներից. շատ ուսուցիչների վարքը խորը հակամանկավարժական է եւ խաթարում է երեխաների հետաքրքրությունը դեպի գիտելիքներ:

 

Մյուս խնդիրն այն է, որ ուսուցիչներն աշխատում են միայն ուժեղ երեխաների հետ: Դա մեծ սխալ է, լավագույններն իրենց գործը կանեն, պետք է վերցնել թույլերին եւ նրանց խրախուսել, վերեւ բարձրացնել, որպեսզի դասարանում չլինի միայն մեկ տաղանդավոր աշակերտ, այլ լինեն շատ ուժեղ, միջին եւ ցածր ընդունակություններով աշակերտներ: Սա մեր երկրին ավելի օգուտ կտա, քան մի քանի անհատին առաջ տանելը: Ամերիկայում, երբ տեսնում են, որ մի քանի աշակերտ հետ են մնում, հենց նրանց վրա են հատուկ ուշադրությունը սեւեռում:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում կա նաեւ հասարակական արդարության խնդիրը: Մասնագիտացած եւ մասնավոր մեծ վարկանիշ ունեցող դպրոցների խնդիրը պետք է լինի ոչ թե միայն հարուստների երեխաներին կրթելը, այլ օգնելն ամբողջ հասարակությանը, այդ թվում՝ աղքատ ընտանիքների երեխաներին: Օրինակ՝ MIT-ում, Հարվարդում չափանիշներից մեկն է, երբ համալսարաններն իրենք գովազդում են, նշում են, թե իրենց ուսանողների քանի տոկոսն է գալիս այն ընտանիքներից, որոնք բարձրագույն կրթությամբ անդամներ չեն ունեցել: Մարդկանց ցեխից վերեւ քաշելու եւ հասարակության մեջ բարձրացնելու մեխանիզմը շատ կարեւոր է, եթե դա չես անում, ստանում ես բեւեռացված հասարակություն՝ կրթվածներ եւ հարուստներ, որոնք էլ ավելի են հարստանում, եւ չկրթված աղքատներ, որոնք ավելի ու ավելի են խրվում աղքատության մեջ: Դա շատ վտանգավոր է:

 

Մենք պետք է ուշադրություն դարձնենք նաեւ միջնակարգ հանրակրթական դպրոցներին, բոլոր դպրոցները հավասարապես պետք է բարձր մակարդակի դասավանդեն ֆիզիկա եւ մաթեմատիկա, այնինչ մեզ մոտ խայտառակ վատ են դասավանդում: Պետք է հասնել նրան, որ միջնակարգ հանրակրթական դպրոցներում որակը բարձրացվի, ոչ թե երեխան գնա Ֆիզմաթ, որպեսզի կարողանա մաթեմատիկա սովորել, այլ այդ որակյալ կրթությունը ստանա իր գյուղում:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջուկային ֆիզիկայի տրենդերը

 

Մինչեւ դոկտորական կոչում ստանալս զբաղվում էի ֆունդամենտալ միջուկային ֆիզիկայով, իսկ վերջին 10 տարիներին՝ կիրառական միջուկային ֆիզիկայով: 

Այսօր միջուկային ֆիզիկոսները փորձում են հասկանալ, թե որոնք են այն տեսական մոդելները եւ մեխանիզմները, որ կարող են նկարագրել՝ ինչպես է աշխատում բնությունը ֆունդամենտալ մակարդակում: Բարձր էներգիաների ֆիզիկայում այժմ մեծ հետաքրքրություն կա ստանդարտ ընդհանուր մոդելի նկատմամբ, որը վերջին 60 տարում արտակարգ լավ է աշխատում, եւ գիտնականները փորձում են գտնել դեպքեր, երբ դա չի արդարացնում իրեն (Physics beyond the Standard Model): Ֆիզիկոսները շատ են սիրում, երբ այն, ինչ իրենք ունեն, սխալ կամ վատ է աշխատում․ դա նշանակում է, որ իմանալու նոր բան կա:

 

Հիմնական հետաքրքրությունները, դրանից բացի, վերաբերում են միջուկային ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի միաձուլմանը՝ միջուկային աստղաֆիզիկային, որի շնորհիվ փորձում են հասկանալ՝ ինչպես են աշխատում տիեզերական օբյեկտները:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջուկային ֆիզիկան եւ բժշկությունը

 

Հայաստանում զարգացած է եղել թե՛ ցածր, թե՛ բարձր էներգիաների ֆիզիկան: Այժմ Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Անի Ափրահամյանը շեշտը դնում է նաեւ կիրառական միջուկային ֆիզիկայի վրա, որն ընդհանուր տրենդ է ամբողջ աշխարհով մեկ: Ֆիզիկոսները փորձում են գտնել իրենց գիտելիքների կիրառումները հասարակական խնդիրների լուծման համար: Օրինակ՝ ԵրՖի-ին կից «Հայաստանի ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը», որտեղ ռադիոակտիվ իզոտոպներ են արտադրվելու, միջուկային բժշկության կենտրոն է լինելու, հույս կա դա օգտագործել ե՛ւ բժշկության մեջ, ե՛ւ գիտական հետազոտություններում:

 

Հաշվի առնելով, որ միջուկային ֆիզիկան հսկայական ներդրումների կարիք ունի, Հայաստանում պետք է իրատես լինել եւ ֆունդամենտալ հետազոտություններին զուգահեռ նաեւ կիրառականով զբաղվել, ինչը ֆինանսական հոսքեր կապահովի: Այն, ինչ անում են հիմա ԵրՖի-ում, դրա շատ լավ օրինակն է, եւ ես հույս ունեմ, որ նրանք կհաջողեն:

 

Հայաստանը զգալի դեր է ունեցել միջուկային ֆիզիկայի տարբեր խոշոր փորձերում, ծրագրերում: Հեռանկարները կախված են նրանից, թե ինչ կկարողանա անել ԵրՖի գիտական կազմն ու ղեկավարությունը:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչ վերաբերում է տարածաշրջանում միջուկային բժշկության մեջ Հայաստանի դերին, ապա, եթե կարողանան այդ կենտրոնը գործի դնել, շատ լավ կլինի ու բիզնեսից, ֆինանսական հոսքերից եւ բժշկական տուրիզմի զարգացումից բացի՝ հնարավորություն կընձեռի հայերին Հայաստանում ստանալ այդ բժշկական ծառայությունները: Հայաստանում տարեկան 5-10 հազ. մարդ մահանում է քաղցկեղից, մինչդեռ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրության հետեւանքով շատ ավելի փոքր թվով մարդիկ են մահանում: Այսինքն՝ մեր ազգային անվտանգության համար քաղցկեղի խնդիրը շատ ավելի սուր է, քան պատերազմը: Պետք է լրջորեն մոտենանք այդ հարցին, եւ եթե այս կենտրոնը գործի, կարող է լուրջ ազդեցություն ունենալ այդ հիվանդությունը վերահսկելու եւ նվազեցնելու հարցում:

 

Այն գույքը եւ սարքավորումները, ինչ ունեն այսօր կենտրոնում, իսկապես ժամանակակից եւ որակյալ են, շենքը ֆանտաստիկ լավն է, բայց դատարկ կանգնած է: Պետք է լուծել որոշ խնդիրներ եւ գործարկել այն:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարդկային եւ գիտական ներուժը

 

Հայաստանի գիտության հետ իմ կապը մի փոքր աբստրակտ է: Ես լավ ծանոթ չեմ, թե ինչ ներուժ ունի հիմա գիտությունը, բայց մտերիմներ եւ ծանոթներ ունեմ, որոնցից որոշակի տեղեկություններ ստանում եմ: Տարբեր մարդկանց պատմածներից ինձ մոտ տպավորություն է, որ գիտության վիճակը բավական վատ է: 2000-ականներին էլ էր վատ, բայց այն ժամանակ մեծ ակտիվություն կար, շատերը գալիս էին ԱՄՆ, տարբեր կենտրոններում հետազոտություններ էին անում, բայց հիմա, կարծես, այդ ակտիվությունը չկա:

 

Շատերը գանգատվում են, որ կրթական համակարգն իրեն չի արդարացնում, եւ ֆիզիկոսների նոր սերունդ գուցե պատրաստված չէ: Եթե դա իսկապես այդպես է, ուրեմն շատ մտահոգիչ է: Եթե գիտնականների լավ սերունդ չենք կարողանում տալ, այսօր առկա ֆինանսական խնդիրների լուծումից հետո անգամ չենք կարողանա զարգացնել գիտությունը, դա կարող է լուրջ խնդիր դառնալ Հայաստանի համար:

 

Իսկ եթե խնդիրը կրթական համակարգում է, ապա ամեն ինչ ավելի լուրջ է: Մենք չունենք նավթ, բայց ունենք ուղեղներ, եթե այս ուղեղները չմշակենք, չկրթենք, այդ դեպքում ձեռնունայն կմնանք:

Արեգ Դանագուլյանը Արեգ Դանագուլյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուղեղների արտահոսքն ու լավագույնների աջակցությունը

 

Ես շատ ոգեւորված եմ, որ Անի Ափրահամյանի նման մարդիկ գալիս են Հայաստան։ Տեսնում եմ հսկայական ոգեւորություն, եթե անգամ չեն վերադառնում, գոնե մասնակցում են այս երկրի զարգացմանը։ Երբ տեսնում եմ նման դեպքեր, սիրտս հալվում է։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որպեսզի ավելի խրախուսի այդ մարդկանց: Սա ռազմավարական հարց է, ու ես չունեմ կարճ պատասխան։ Պետք է ուսումնասիրել ու հասկանալ, թե այն մարդիկ, որոնք վերադարձել են, ինչի արդյունքում են համաձայնել թողնել իրենց տաքուկ պայմաններն ու գալ Հայաստան։ Երբ տեսնենք, թե որ գործոններն են ազդել, պետք է դրանք ուժեղացնենք։ Ամենաքիչը, որ Հայաստանի կառավարությունը պետք է անի, այս մարդկանց հետ շատ սերտ աշխատելն է։ Պետք է հասկանալ՝ ի՞նչն է նրանց համոզել վերադառնալ, որո՞նք են նրանց հիմնական դժվարությունները, որո՞նք են այն պատճառները, որ կստիպեն վերադառնալ։ Ես գիտեմ ոմանց, ովքեր անընդհատ տատանվում են։ Գոնե պետք է լինի ակտիվ ու անկեղծ, ոչ թե ֆորմալ երկխոսություն: 

 

Այդպիսով, պետք է հասկանալ, թե որ մեխանիզմներն են ավելի արդյունավետ: Իմ կարծիքով՝ մոտեցումը պետք է լինի շատ համակարգված, պետք է լավ մտածել, հասկանալ, թե որն է լավագույն ձեւը։ Երկիրը շատ ռեսուրսներ չունի, եւ դրանք պետք է արդյունավետ կիրառել։

 

Ռեսուրսների արդյունավետ կիրառումը

 

Հայաստանում գիտությունը զարգացնելու համար պետք է գտնել փող աշխատելու ձեւեր, պատվիրատուներ։ Պարտադիր չէ, որ նրանք Հայաստանում լինեն։ Ես, օրինակ, խոսում էի Հայաստանի Միջուկային անվտանգության կառավարման մարմնի մասնագետների հետ, ու նրանք ասում էին, որ ֆինանսավորման ընդամենը 15%-ն է գալիս Հայաստանի Հանրապետությունից, մնացած 85%-ն այս մարդիկ ստանում են այլ պատվիրատուներից։ Սա օրինակ է, որ նման բան կարելի է անել։

 

Կարելի է գտնել պատվիրատուներ, որոնք մասնավոր են ու Հայաստանից դուրս են։ Այդ հնարավորությունները պետք է ակտիվորեն որոնել։ Դա նաեւ նշանակում է ունենալ համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ ցուրտ ու մութ տարիներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը ֆիզիկայով էր զբաղվում այն պատճառով, որ շատ արագ ու էֆեկտիվորեն կարողացել էր կապեր հաստատել Ցեռնի (Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն), Գերմանական Desy-ի, ամերիկյան Ջեֆերսոն լաբորատորիայի հետ։ Ուսանողների փոխանակում էր արվում, եւ դա պահեց իրենց, ցուրտ ու մութ տարիներն անցան, իսկ ֆիզիկան չմեռավ։

 

Մի քանի բան է պարտադիր. պետք է, որ ֆինանսավորման բոլոր հավակնորդներն ակտիվ լինեն, փորձեն գնալ տարբեր գիտաժողովների, պետք է հոդվածներ կարդան, հրատարակեն հոդվածներ, որպեսզի արտասահմանում ճանաչեն նրանց, իմանան, թե ինչ գործ են անում։

 

Հայաստանի դիրքը

 

Պետք է հարց տալ, թե ինչո՞ւ  ենք մենք գիտությամբ ու տեխնոլոգիայով զբաղվում։ Պարզ է, որ Հայաստանում նավթ ու բնական այլ ռեսուրսներ չունենք, բայց ունենք ուղեղներ։ Օրինակ՝ Իսրայելը միակ երկիրն է Մերձավոր արեւելքում, որը նավթ չունի, բայց տնտեսապես, քաղաքականապես ու ռազմականապես ամենաուժեղն է։ Այնպես է ստացվել, որ նրանք կարողացել են ստեղծել հիանալի գիտական, տեխնոլոգիական բազա։ Աշխարհի լավագույն 20 համալսարանից երկուսը գտնվում են Իսրայելում։ Այն Հայաստանի չափ երկիր է, 5 մլն մարդ է ապրում, ունի հսկայական ռազմական ու ռազմավարական խնդիրներ՝ ինչպես Հայաստանը, բայց կարողացել են դա անել։ Նշանակում է, որ դա հնարավոր է, ու պետք է մենք էլ անենք։

 

Երկրորդ հարցն այն է՝ արդյոք պե՞տք է զբաղվենք հիմնարար գիտությամբ, թե՞ միայն կիրառականով։ Իմ կարծիքով, գիտությամբ միշտ պետք է զբաղվել։ Պատճառներից մեկն այն է, որ հնարավոր չէ ունենալ կիրառական գիտություն առանց ֆունդամենտալ գիտության։ Կա նաեւ մյուս հարցը՝ ի՞նչն է տարբերում մարդուն կենդանուց։ Կենդանին ուզում է քիչ աշխատել, շատ սնվել ու բազմանալ։ Մարդկանց մեծամասնությունը հենց դա է անում, բայց հիմնական տարբերությունը, որ մարդուն մարդ է դարձնում, հետաքրքրասիրությունն է։

 

Հարկավոր է զբաղվել գիտությամբ՝ հանուն գիտելիքի։ Մենք փորձում ենք ուսումնասիրել տիեզերքը, բնությունը, ուղղակի որովհետեւ մեզ հետաքրքիր է։ Սա է, որ մեզ տարբերում է կենդանիներից։ Գիտությամբ զբաղվելը, գիտելիքի հետեւից ընկնելը խորը մարդկային հատկանիշ է։ Գիտելիքի որոնումը պետք է լինի հայի ինքնության մի մասը։

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին