Դավիդ Յան. Կենսաբանական ռոբոտներն ու գիտակցության անմահությունը - Mediamax.am

5961 դիտում

Դավիդ Յան. Կենսաբանական ռոբոտներն ու գիտակցության անմահությունը


Դավիդ Յանը
Դավիդ Յանը

Լուսանկարը` Այբ դպրոց

Դավիդ Յանը
Դավիդ Յանը

Լուսանկարը` Hightech.fm

Դավիդ Յանը
Դավիդ Յանը

Լուսանկարը` Hightech.fm

Դավիդ Յանը
Դավիդ Յանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիդ Յանը
Դավիդ Յանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ABBYY ընկերության հիմնադիր Դավիդ Յանը հարցազրույց է տվել Sukhov.com-ին, որում խոսել է նեյրոնային ցանցերի եւ դրանց հետ մարդու ուղեղի ընդհանրությունների, կենսաբանական ռոբոտների եւ գիտակցության անմահության մասին: 

 

Մեդիամաքսը հարցազրույցից որոշ հատվածներ է առանձնացրել:

 

Գլխուղեղն ու արհեստական նեյրոնային ցանցերը

 

Երբ սկսեցի փոքր-ինչ հասկանալ, թե ինչպես են ձեւավորվում արհեստական նեյրոնային ցանցերը, մարդկային ուղեղի շատ երեւույթներ ինձ ավելի պարզ դարձան: Արհեստական նեյրոնային ցանցերում կարելի է դիտարկել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են երազները, ինտուիցիան, զգացմունքները եւ ասոցիացիաները: 

 

Այս առումով լավ համեմատություն կարելի է անել ենթագիտակցության հետ: Ենթագիտակցությունը հենց այն կանոնների ու ձեւերի ամբողջությունն է, որն առկա է նեյրոնային ցանցի թաքնված շերտերում: 

 

Օրինակ՝ ծնվելուն պես ուղտի ձագը սկսում է քայլել: Ի՞նչ է դա նշանակում: Նրա ողնուղեղի կառուցվածքն ու նեյրոնային ցանցերը նախապես գենետիկորեն սահմանված են եղել, հետո արդեն նա որոշակի բաներ է սովորում: Այսինքն՝ այն, ինչով մենք ծնվում ենք եւ այն կերպարները, որ ընդունում ենք մեր կյանքի ընթացքում, ամենն է, ինչ դրված է մեր նեյրոնային ցանցում՝ որոշակի ենթագիտակցականության տեսքով: Դա առարկայորեն ազդում է շրջակա աշխարհի նկատմամբ մեր վերաբերմունքի վրա: 

 

Ժամանակակից ավելի բարդ համակարգերում խորը նյարդային ցանցերը պրոցեսորային ժամանակում շատ ավելի բարդ են: Համակարգերը, որոնք աշխատում են Google-ում կամ Facebook-ում, սկզբում ուսուցում են անցնում շատ բարդ մոդելների վրա, հետո վերցվում են դրանցից առավել հաճախակիներն ու ակտիվները: Դրանց ուսումնասիրությունը պարզում է, թե այդ ցանցի որ հատվածներն են ավելի արդյունավետ: Ոչ արդյունավետ հատվածները դուրս են թողնվում կիրառությունից, ինչը 100 անգամ նվազեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը: Դա արվում է, քանի որ նեյրոնային ցանցերն անգամ չեն էլ փորձում հաշվարկել անարդյունավետ ազդանշանները: Այդպիսով՝ ստեղծվում են կոմպակտ մոդելներ: 

 

 

Ես նեյրոֆիզիոլոգիայի մասնագետ չեմ, բայց հնարավոր է, որ մոտավորապես նույն բանն է տեղի ունենում մարդու երազում: Մարդը երազում դասակարգում է այն ամենը, ինչ տեսել եւ լսել է օրվա ընթացքում՝ պարզապես որոշակի կամուրջ կառուցելով: Ինչ-որ կերպ մաքրում է սինապսները, երազում առանձնանում են ֆերմենտները, որոնք կատարում են դա: Փաստացի գիտելիքների համախմբում է տեղի ունենում: 

 

Նման մի բան էլ կատարվում է արհեստական ցանցերում, դրանք օպտիմալացնում են իրենց աշխատանքը՝ հեռացնելով անպետք, անարդյունավետ կապերը:  

 

Կենսաբանական ռոբոտները եւ մատրիցան

 

Կարելի է ասել, որ մարդիկ կենսաբանական ռոբոտներ են, առնվազն մինչեւ հետազոտողները գլխուղեղի աշխատանքում մեկ այլ բան չգտնեն: Հնարավոր է՝ հետագայում հետազոտողները բջիջներում կհայտնաբերեն հատվածներ, որոնք կարող են զգալ, ասենք, գերթույլ էլեկտրամագնիսական ճառագայթում: Այդ դեպքում գիտական հիմք կունենանք առաջ քաշելու տարածության վրա մեկ ուղեղից մյուսը մտքերի եւ ինֆորմացիայի փոխանցման հիպոթեզը, միեւնույն ժամանակ՝ մարդկային ուղեղի եւ արտաքին համակարգերի միջեւ ինտերֆեյս ստեղծելու դաշտ կլինի: Հանկարծ պարզվում է, որ մարդիկ իսկապես միասնական բիոդաշտում են, որը նեյրոցանցերի հսկայական միասնական նեյրոցանցում կապում է 7 միլիարդ մարդու:

 

Դա ինչ-որ առումով մատրիցա է: Ես գործնականում համոզված եմ, որ անկախ այն բանից, թե ինչ կհայտնաբերվի նեյրոնային ցանցերում, ապագայում կոնվերգենցիա տեղի կունենա, եւ կենսաբանական էակները, ներառյալ՝ մարդիկ, իրենց մոդելները կլրացնեն արհեստական նեյրոնային ցանցերի ինտերֆեյսերով ու հակառակը: 

 

Դավիդ Յանը  Դավիդ Յանը

Լուսանկարը` Hightech.fm

 

Բնական նեյրոնային ցանցը տեխնիկապես դանդաղ է, բայց այն ունի մեկ այլ կատարելություն, որը նրա ծախսած էլեկտրականության քանակի մեջ է: Այդ պատճառով էլ այն ֆանտաստիկ արդյունավետ է: Թեորիապես, 86 մլրդ նեյրոնով ցանց կառուցելը ժամանակակից աշխարհում, կարծես թե, հնարավոր է: Այլ հարց է՝ կկարողանա՞նք մենք այդ պահին ստեղծել ծրագրային համակարգ, որը կլինի նույնքան արդյունավետ դա օգտագործելու համար: 

 

Գիտակցության անմահությունը

 

Հարցն այն է՝ կկարողանա՞նք ապագայում մեր բնական նեյրոնային ցանցի արդյունքները ինչ-որ մի «ամպում» «դատարկել»: Այժմ, կարծես, դա միայն ժամանակի հարց է, եւ ֆիզիկական սահմանափակումներ չկան: Պարզապես, ինֆորմացիայի քանակն է հսկայական: 

 

Բջիջները եւ դրանց կապերը, անշուշտ, անսահման չեն, դրանք չեն կարող անվերջ շատ լինել, այդ պատճառով էլ ինֆորմացիան, վաղ թե ուշ, կփոխանցվի «ամպեր»: Ինչը նշանակում է, որ ինչ-որ մի պահից հնարավոր կլինի սեղմել կոճակն ու շարունակել գոյություն ունենալ կենսաբանական մարմնի սահմաններից դուրս: Կստացվի գիտակցության անմահություն, եւ, թեորիապես, ինչ-որ մի ժամանակ հնարավոր կլինի ներբեռնել այդ գիտակցությունն այլ մարմնի կամ նույնիսկ մի քանի մարմինների մեջ: Ես սա բավական հեռու ապագան եմ համարում, բայց առայժմ, կարծես, դա չի հակասում ֆիզիկայի օրենքներին: Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի ապագայում, բայց հետաքրքիր ժամանակներ են սպասվում:

 

Չեմ կարող ասել, թե որքանով կբավարարի արտադրողականության հզորությունը ողջ մարդկության համար, ծայրահեղ դեպքում, այս աշխարհում ինչ-որ մեկը, հավանաբար, կունենա այդպիսի հնարավորություն:

 

Մատրիցայի ճարտարապետը

 

Չեմ կարող ասել՝ արդյոք, կա՞ ճարտարապետ, թե՞ ոչ: Մեզ դեռ հայտնի չէ: Կարո՞ղ էր լինել, կարո՛ղ էր:  Եթե մարդկությունն ինչ-որ պահի կարողանար տեղաշարժվել միջաստղային տարածության մեջ, կարո՞ղ էր փորձել ինչ-որ կյանք ձեւավորել, գաղութ ստեղծել: Հավանաբար, կարող էր: Դրա վկայությունները կա՞ն: Այսպես ասենք՝ բացարձակապես մակերեսային մակարդակում դիտարկելով, թե ինչպես է մարդկային բջիջը կազմված, ինձ համար իսկապես դժվար է հավատալ, որ այս ամենը պարզապես մեկ՝ Երկիր մոլորակի շրջանակներում տեղի ունեցած էվոլյուցիայի արդյունքն է:  

 

Դավիդ Յանը  Դավիդ Յանը

Լուսանկարը` Hightech.fm

 

Մյուս կողմից այդ թեզը երկբեւեռ է, քանի որ բարդ է ենթադրել, որ դա ինչ-որ մեկի պրոակտիվ գիտակցության արդյունքն է: Դժվար է պատկերացնել ինչ-որ առանձին ուղեղ կամ, անգամ, գիտնականների խումբ, որոնք կկարողանային նման բան ոչ միայն մտածել, այլեւ տեխնիկապես իրագործել: Կարծում եմ, որ այդ մասին մենք դեռ շատ բան կիմանանք ինչ-որ պահի: Որքան շատ ենք ուսումնասիրում կենսաբանական համակարգը, այնքան շատ ենք հասկանում, թե ինչ բարդ է այն: Հնարավոր է պատասխանն այն է, որ մեր ողջ հսկայական էկոհամակարգը ոչ նեյրոնային ցանց է, այլ ինչ-որ շատ բարդ օրգանիզմ, որը զարգանում է այդպիսի տարօրինակ ձեւով: 

 

Ես կարծում եմ, որ մենք հենց հսկայական օրգանիզմ ենք, որը տվյալ պահին աճել է Երկիր մոլորակի վրա: Հնարավոր է՝ ինչ-որ պահի կշարունակի մեծանալ: Դրա համար էլ, գուցե, անիմաստ է խոսել թե որն է առանձին մարդու կյանքի իմաստը: Կա հսկայական օրգանիզմ, որն ինչ-որ կերպ ապրում եւ զարգանում է:

 

Պատրաստել է Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին