«Եկել է ժամանակը, որ Հայաստանը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին» - Mediamax.am

1657 դիտում

«Եկել է ժամանակը, որ Հայաստանը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. որ «եկել է ժամանակը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ծնեն իրենց նոբելյան մրցանակակիրներին»:

Այդ մասին նախագահն ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի իր ելույթում, որից առանձնացրել ենք մի քանի հատված:

 

Նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ կապի մասին

 

Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլեւ խորացնենք 75 տարվա գիտական ավանդույթներն ու կապերը նախկին ԽՍՀՄ տարածքի գիտնականների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: Անհրաժեշտ է զարգացնել այդ ամենը, որովհետեւ մեր գիտական ներդրումը խորհրդային գիտության մեջ չափազանց ծանրակշիռ է եղել:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Միջազգային գիտահետազոտական կենտրոնների հետ կապի մասին

 

Մենք պետք է լինենք միջազգային գիտական գործընթացների մասը, համահունչ լինենք ժամանակի պահանջներին: Համագործակցությունը պետք է լինի իրական ծրագրերի շուրջ՝ համաշխարհային բոլոր կենտրոնների հետ՝ Ամերիկայից մինչեւ Չինաստան, Ռուսաստանից մինչեւ Հնդկաստան: Եվ այն պետք է ուղղված լինի կոնկրետ թիրախների եւ նպատակների:

 

Ֆունդամենտալ եւ կիրառական գիտությունների մերձեցման մասին

 

Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Nature ամսագրում մեծ հետաքրքրությամբ ընթերցում էի հոդված՝ նվիրված Ջեյմս Էլիսոնին եւ Տասուկու Հոնձյոյին, ովքեր քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել: Սա հիասքանչ հայտնագործություն է, բայց երբ դիտարկում ես այդ հայտնագործության պատմությունը, իրականում խոսքը երկու անհատի մասին չէ, այլ վերջին 50 տարիների ընթացքում կատարված հսկայական, ֆունդամենտալ աշխատանքի մասին, որի արդյունքում բազմաթիվ հայտնագործություններ են կատարվել՝ սկսած T բջիջների բացահայտումից մինչեւ իմունային համակարգի աշխատանքի մեխանիզմներ: Եվ արդյունքում ունենք նոր դեղամիջոց, որը, կարծում եմ, ապագա մի քանի տարիների ընթացքում հասանելի կլինի աշխարհով մեկ: Սա կրկին մեկ օրինակ է, թե ֆունդամենտալ գիտությունն ինչպիսի կարեւոր նշանակություն ունի:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել եւ գնահատվել տարիներ անց: Պարզապես գիտությունից կիրառություն ընկած ժամանակահատվածը, կրկնեմ, աստիճանաբար, տարեցտարի ավելի է կարճանում: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ մեր ֆունդամենտալ գիտությունը հնարավորության դեպքում ուղղված լինի կիրառական արդյունք ստեղծելուն:

 

Գիտության եւ կրթօջախների կապի մասին

 

Կրթական համակարգը, բացի դասական կրթություն տալուց, պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը եւ նրանց կապի իրենց ապագա գիտական գործունեության հետ: Կարծում եմ, որ ակադեմիան ինքը պետք է վաղ շրջանից նպաստի այն երիտասարդ գիտնական կադրերի պատրաստմանը, որոնք ապագայում դառնալու են ակադեմիական համակարգի մասը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին