Աղքատության խորության գործակիցը Հայաստանում դեռեւս շատ բարձր է - Mediamax.am

exclusive
6329 դիտում

Աղքատության խորության գործակիցը Հայաստանում դեռեւս շատ բարձր է


Լուսանկարը` Thomas Leuthard

Լուսանկարը` Thomas Leuthard


Հայաստանում վերջին 15 տարիների ընթացքում ընթանում էին ինստիտուցիոնալ, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներ` ուղղված ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) կենսագործմանը: Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ):

 

Հայաստանի կողմից ՀԶՆ-ների իրագործումն ամփոփվել է «Առաջընթացի ազգային զեկույց. Հայաստան 2015թ.» փաստաթղթում, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը:

 

Ըստ զեկույցի՝ սահմանված 65 ցուցանիշից 2015թ. դրությամբ Հայաստանում արձանագրվել է 22 ցուցանիշի կատարում, իսկ չկատարված ցուցանիշներից 10-ի ուղղությամբ արձանագրվել է դրական առաջընթաց: Ստանձնած պարտականությունների, ինչպես նաեւ ՀԶՆ-ների իրականացման գծով երկրի նվաճումների գնահատումը կատարվել է ոչ թե ընդհանրացված եղանակով, այլ յուրաքանչյուր թիրախի ներքո Հայաստանի ստանձնած առանձին ազգային ցուցանիշների իրականացման տեսանկյունից:

 

2015թ.-ը Հազարամյակի զարգացման օրակարգի եզրափակիչ տարին էր: Նպատակ ունենալով խթանել ՀԶՆ-ների իրականացումը եւ ապահովել զարգացման ուղղությամբ ողջ աշխարհում ձեռնարկվող ջանքերի շարունակականությունն ու կայունությունը` ՄԱԿ-ի անդամ պետությունները ընդունել են Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը, որում 17 Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) է արձանագրված:

 

Մեդիամաքսը «Առաջընթացի ազգային զեկույց. Հայաստան 2015թ.»-ից առանձնացրել է աղքատության կրճատմանը վերաբերող բաժնի հիմնական արդյունքներն ու գնահատականները:

 

Ծայրահեղ աղքատության եւ սովի վերացման ուղղությամբ Հայաստանը կատարել է ցուցանիշների կեսը: Ըստ զեկույցի՝ ընդհանուր առմամբ վերջին երկու տասնամյակներում աղքատության կրճատման ուղղությամբ Հայաստանում արձանագրվել է զգալի առաջընթաց:

 

Աղքատության կրճատման գործընթացի հիմնական շարժիչ ուժը տնտեսական զարգացումն էր: Մինչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը ձեւավորվել էին նպաստավոր պայմաններ՝ աշխատատեղերի ստեղծման եւ եկամուտների գոյացման համար, ինչն էլ իր հերթին նպաստել է աղքատության նվազեցմանը: Սոցիալական պաշտպանության եւ սոցիալական աջակցության մեխանիզմների, այդ թվում` թոշակներն ու ընտանեկան նպաստները մեծապես անդրադարձել են աղքատության կրճատման վրա, հատկապես` թերսնված կամ ծայրահեղ աղքատ անձանց թիվը նվազեցնելու առումով: Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, ընդհանուր աղքատության դեմ պայքարում Հայաստանն իրեն պակաս արդյունավետ է դրսեւորել: 2013թ. դրությամբ բնակչության 2,7%-ը թերսնված էր, իսկ երկրի բնակչության մեկ երրորդն ապրում էր աղքատության պայմաններում:

 

Վերջերս հրապարակվեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համատեղ զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում բազմաթիվ տնային տնտեսություններ ունեն սնվելու լուրջ խնդիրներ՝ ի դեմս մեծ թվով թերաճություն ունեցող երեխաների:

 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում եւ տնային տնտեսությունների 28%-ը, ցնցումների ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ:

 

«Առաջընթացի ազգային զեկույցը» կազմած մասնագետների գնահատմամբ, երկու արտաքին գործոն վտանգում են Հայաստանի ապագա վերականգնումը` դրանով իսկ լուրջ բացասական հետեւանքներ թողնելով աղքատության կրճատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի վրա:

Լուսանկարը` Thomas Leuthard

Խոսքը հատկապես 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, ինչպեu նաեւ Հայաստանի խոշոր տնտեսական եւ առեւտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանի դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցների եւ դրանց հաջորդած տնտեսական անկման մասին է:

 

2008-2013թթ. աճել է աղքատների եւ ծայրահեղ աղքատների թիվը: Տարածաշրջանում միգրանտ փախստականների ներհոսքի աճը, որը պայմանավորված է եղել տարածաշրջանում վատթարացող աշխարհաքաղաքական իրավիճակով, եւս մեկ կարեւոր գործոն էր, որն անդրադարձել է Հայաստանի սոցիալական վիճակի վրա: Աղքատության կրճատման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների տեսանկյունից՝ լրացուցիչ մարտահրավեր է դարձել Սիրիայում հակամարտության հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում պաշտպանություն հայցող 17 հազար անձանց ներհոսքը:

 

Աղքատության վերացման համար Հայաստանը թիրախներ է ընտրել, որոնցից առաջինը մինչեւ 2015 թվականը աղքատության մակարդակը նվազեցնելն է` իջեցնելով այն 1990թ. արձանագրվածից ցածր մակարդակից:

 

Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը (967 հազար բնակիչ) 2013թ. դրությամբ դեռեւս համարվում էր աղքատ: Ծայրահեղ աղքատության մակարդակը 1,7 անգամ ավելի բարձր էր, քան 2008թ. ցուցանիշը: Միջին աշխատող խավի զարգացման առնչությամբ (օրական 4 ԱՄՆ դոլարից ավել գումարով ապրող անձինք) Հայաստանում արձանագրված արդյունքները հետ են մնում համաշխարհային մակարդակով գրանցված արդյունքներից:

 

Դեռեւս շատ բարձր է նաեւ աղքատության խորության գործակիցը, թեպետ վերջին տարիներին այն նվազել է: «Սոցիալական աջակցության ուղղությամբ հատկացվող միջոցները բավարար չեն աղքատության խորությունը հաղթահարելու համար: Միջազգային փորձը վկայում է, որ արդյունավետ հասցեագրումը խիստ բարդ է, ինչը ենթադրում է, որ աղքատության խորության հաղթահարման համար կպահանջվեն զգալիորեն ավելի մեծ ռեսուրսներ, քան ՀՆԱ-ի 2%-ը:

 

Աղքատության վերացման համար առանձնացված մյուս թիրախը եղել է 1990-2015թթ. ընկած ժամանակահատվածում սովից տառապող անձանց թվի կիսով չափ պակասեցումը:

 

Նյութական աղքատության առումով առավել խոցելի է 0-ից 5 տարեկան տարիքային խումբը: Բացի այդ, Հայաստանում աղքատությունն ավելի մեծ չափով սպառնում է երեք կամ ավելի երեխա ունեցող տնային տնտեսություններին: Չնայած աղքատության ընդհանուր մակարդակի կրճատմանը՝ 2012թ. համեմատ 2013թ.-ին 1,1 տոկոսային միավորով աճել է մանկական աղքատության մակարդակը:

 

Մյուս թիրախը բոլորի՝ այդ թվում` կանանց եւ երիտասարդների համար լիարժեք ու արդյունավետ զբաղվածություն եւ պատշաճ աշխատանք ապահովելն է:

 

2008-2014թթ. գործազրկության մակարդակը չի բարելավվել, այլ տատանվել է 16,5-19%-ի սահմաններում: Հայաստանը կատարել է ՀԶՆ-ների ներքո սահմանված իր թիրախը, այն է` աշխատանքային տարիքի բնակչության ավելի քան կեսի համար ապահովել է զբաղվածություն: Բայց եւ այնպես, աշխատանքային տարիքի անձանց եւ հատկապես երիտասարդների հետ կապված իրավիճակը, ըստ մասնագետների, մտահոգիչ է:

 

Հայաստանը չի կատարել իր առջեւ դրված թիրախը երիտասարդների 70%-ի համար աշխատատեղեր ապահովելու մասով: Երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակն ավելի քան երկու անգամ գերազանցում է ընդհանուր գործազրկության մակարդակին (36%` 17,6%-ի համեմատ):

 

Հայաստանը չի կատարել իր առջեւ դրված թիրախը զբաղված աղքատների թիվը մինչեւ 5% նվազեցնելու մասով: Մտահոգիչ նշաններից է այն փաստը, որ զբաղված անձանց ավելի քան մեկ քառորդը դեռեւս աղքատ է, չնայած այն հանգամանքին, որ վերջին տասնամյակում աշխատավարձներն աճել են ավելի քան 5 անգամ:

 

Աշխատուժի արտադրողականությունը գրեթե կրկնապատկվել է վերջին տասնամյակում, սակայն դեռեւս բավական հեռու է 31.000 ԱՄՆ դոլարի չափով սահմանված թիրախից:

 

Մարտահրավերներ եւ հեռանկարներ

 

Կառավարության առջեւ ծառացած հիմնական միջնաժամկետ մարտահրավերն արտաքին ցնցումների տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու մեջ է, միաժամանակ շարունակելով՝ քաղաքական եւ ինստիտուցիոնալ այն բարեփոխումները: Այս իմաստով կարեւոր առաջնահերթություններից են արտաքին ցնցումների նկատմամբ տնտեսության դիմակայունության բարձրացումը եւ զարգացման նոր հնարավորությունների ստեղծումը:

 

Անհանգստացնող եւ ահազանգող նշան է դարձել այն իրողությունը, որ 2000թ. ի վեր արձանագրվել է թերսնված եւ թերաճ մինչեւ 5 տարեկան երեխաների մասնաբաժնի աճ: Մինչեւ 5 տարեկան երեխաները կազմում են հասարակության առավել անապահով եւ խոցելի խմբերից մեկը, իսկ նրանց հետ կապված խնդիրները պետք է առաջնահերթություն ստանան աղքատության կրճատմանն ուղղված պայքարում: Բացի այդ, կարեւոր է, որ Հայաստանում առաջնահերթությունը տրվի սննդամթերք ստանալու իրավունքին եւ ապահովվի բոլորի համար սննդամթերքի հասանելիությունը:

 

Հայաստանի համար աշխատատեղերի ստեղծումը եղել է եւ կլինի մարտահրավեր: Երկրի աշխատանքային ռեսուրսների գրեթե 40%-ը տնտեսապես ոչ ակտիվ է, իսկ երիտասարդ տղամարդկանց եւ կանանց մեկ երրորդը չի սովորում եւ ոչ էլ ունի աշխատանք: Ավելին, Հայաստանը ստիպված կլինի անդրադառնալ տնտեսության արտադրողականության բարձրացման մարտահրավերին, որպեսզի զբաղված անձանց զերծ պահի աղքատությունից եւ նրանց հնարավորություն ընձեռի պատշաճ ապրուստ վաստակել: Նման մարտահրավերը կարելի է արդյունավետ կերպով հաղթահարել միայն պետական եւ մասնավոր հատվածների երկխոսության եւ համագործակցության միջոցով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին