Ինտեգրված մոտեցում՝ մարզերում կյանքը փոխելու համար - Mediamax.am

exclusive
6794 դիտում

Ինտեգրված մոտեցում՝ մարզերում կյանքը փոխելու համար


Լուսանկարը` Xavier Allard

Լուսանկարը` Viktorija Eksta

Լուսանկարը` Asian Development Bank


Ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), որոնցից, թերեւս, կարեւորագույնը աղքատության հաղթահարումն է: ՄԱԿ-ի կառույցները օգնում են Հայաստանին պայքարել աղքատության  դեմ միաժամանակ  մի քանի ուղղություններով:

 

Աղքատությունը բազմաբովանդակ եւ բազմաչափ երեւույթ է: Եթե նյութական աղքատությունը, որն արտահայտվում է դրամային ցուցանիշներով՝ մարդու կողմից որոշակի կենսամակարդակի ընդունելի նվազագույնի ապահովման անկարողությունն է, ապա ոչ նյութական աղքատությունն ավելի ընդգրկուն է՝ ոչ արժանապատիվ կեցություն, վատ առողջություն, կրթվածության ցածր մակարդակ եւ որակյալ կրթության անմատչելիություն, սոցիալական անտեսվածություն, իրավունքների կիրառելիության անհնարինություն, ձայնի ոչ լսելի լինելը, չպաշտպանված ինքնահարգանք եւ այլն։  

 

Աղքատությունը Հայաստանում

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի տնտեսագետ/համայնքային զարգացման մասնագետ Հռիփսիմե Մանուկյանն աղքատությունը բնորոշելիս հիշում է Ադամ Սմիթի միտքը, թե դա այլոց հետ շփվելու անկարողությունն է:

 

«Այլ բառերով ասած` անզորություն ներկայանալու մարդկանց` առանց ամոթի զգացում ապրելու»,- ասում է տնտեսագետը:

 

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը աղքատությունը Հայաստանում գնահատում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով: Միջազգային փորձից ելնելով՝  ընդունված է, որ սպառումը եկամտի նկատմամբ ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, այդ իսկ պատճառով հետազոտության մեջ օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը։

 

Հայաստանում բնակչությունը ըստ կենսամակարդակի բաժանվում է աղքատ եւ ոչ աղքատ տնային տնտեսությունների։ Աղքատները (սպառումը մեկ չափահաս անդամի հաշվով ցածր է աղքատության վերին ընդհանուր գծից` ամսական 40 264 դրամ) իրենց հերթին ներառում են շատ աղքատներին (սպառումը ցածր է աղքատության ստորին գծից՝  ամսական 33 101 դրամ), իսկ վերջիններս՝ նաեւ ծայրահեղ աղքատներին (սպառումը մեկ չափահաս անդամի հաշվով ցածր է պարենային գծից՝ ամսական 23 384 դրամ):

 

2014թ.-ին աղքատ է եղել բնակչության 30%-ը` շուրջ 900 հազ. մարդ, նրանցից շատ աղքատները` մոտ 330 հազ, իսկ վերջիներիս մեջ ներառյալ ծայրահեղ աղքատները կազմել են մոտ 70 հազ. մարդ։ Երկրի 10 բնակչից 3-ը վերին աղքատության գծից ցածր են գտնվել, թեեւ 2013թ.–ի նկատմամբ 2014թ-ին աղքատության մակարդակը իջել է 2 %-ով։

 

Աղքատության հաղթահարման առավել արդյունավետ միջամտությունները

 

Հռիփսիմե Մանուկյանը նկատում է, որ «տնտեսական զարգացումն» ավելի լայնիմաստ հասկացություն է, քան «տնտեսական աճը»։ Զարգացումը պարունակում է ոչ միայն աճ, այլեւ բաշխման, վերաբաշխման եւ կառուցվածքային այնպիսի փոփոխություններ, որոնք ենթադրում են մարդկանց կենսամակարդակի բարելավում։

 

«Ակնհայտ է, որ այս երկու հասկացությունները փոխկապակցված են: Առանց հաստատուն տնտեսական աճի, անիրական կլինեն երկրի բնակչության եւ տնտեսության ֆունկցիոնալ հնարավորությունների շարունակական բարեփոխումները։ Սակայն, հարկ է նկատի ունենալ, որ կան նաեւ բացառություններ, երբ տնտեսական աճը ամենեւին չի հանգեցնում տնտեսական զարգացման՝ եկամուտների «ուրույն» բաշխման եւ տնտեսական աճի ոչ ներառական լինելու պատճառով։ Տնտեսական օգուտը կարեւոր է, սակայն ավելի կարեւոր է այդ արդյունքի ստեղծման գործընթացը եւ վերաբաշխումը»,- ասում է տնտեսագետը:

Լուսանկարը` Viktorija Eksta

Ըստ փորձագետի` հարկ է որդեգրել այնպիսի տնտեսական քաղաքականություն, որն ուղղված է տնտեսական աճի իրական աղբյուրներին, որոնք են` ներդրումները ֆիզիկական (սարքավորումներ) եւ մարդկային կապիտալում (գիտելիքներ եւ հմտություններ), տեխնոլոգիական առաջընթաց  (նորացում եւ նորարարություն էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերում, ծախսերի կրճատում եւ այլն), արդյունավետ տնտեսական կազմակերպում (տնտեսության  կազմակերպման կատարելագործում):

 

ՄԱԶԾ-ի կողմից Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում մեկնարկել է համայնքների դիմակայունության բարձրացման նոր ծրագիրը, որի

նպատակն է ինտեգրված սոցիալ-տնտեսական զարգացման մոտեցմամբ ապահովել ՀՀ մարզերի համաչափ զարգացում, ինչպես նաեւ բարձրացնել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության կյանքի որակն ու եկամտի մակարդակը:

 

«Ծրագրի շրջանակներում «ինտեգրված» մոտեցումը բազմաշերտ է՝ այն ներառում է ինչպես կայուն զարգացման հիմքերի՝ սոցիալական, տնտեսական եւ էկոլոգիական հարցերի վերաբերյալ, այնպես էլ  պետական, մարզային եւ համայնքային մակարդակներում է հանդես բերվում ինտեգրված մոտեցում։ Ծրագրի գլխավոր նպատակներից մեկը տեղական բնակչության դիմակայունության բարձրացումն է՝ սոցիալ-տնտեսական եւ բնական ռիսկերի նկատմամբ, ինչպես նաեւ սահմանամերձ համայնքների գյուղական բնակչության կյանքի որակի ու եկամտի մակարդակի բարձրացումը»,- ասում է Հռիփսիմե Մանուկյանը:

Լուսանկարը` Asian Development Bank

Ծրագրի կարեւոր բաղադրիչներից է մասնակցային մեթոդաբանությամբ (առաջնահերթությունների սահմանմանը եւ որոշումների կայացմանը մասնակցում է համայնքի բնակչությունը) համայնքների ինտեգրացված զարգացման պլանավորումը։ Ծրագիրը նպատակ ունի նվազագույնը 90 էներգա-ջրախնայող ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերքի  հավաքման միջհամայնքային 3 կետերի եւ սառնարանային տնտեսությունների, գյուղատնտեսական տեխնիկայի միջահամայնքային 4 հավաքակայանների հիմնում, գյուղմթերքի վերամշակման առնվազն 30 փոքր մասշտաբի ժամանակակից  արտադրամասերի ստեղծմանն աջակցություն, 120հա պտղատու նոր այգիների հիմնում կամ նորացում, առնվազն 10 համայնքային ենթակառուցվածքների վերականգնում, առնվազն 6 համայնքներում խմելու եւ ոռոգման ջրագծերի վերականգնում:

 

Մասնակիցներից  կպահանջվի առնվազն 20%-ի չափով համաֆինանսավորում, որը կմեծացնի սեփականության զգացողությունը եւ կապահովի միջամտությունների կայունությունը:

 

Մանկական աղքատությունը Հայաստանում

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)  հայաստանյան գրասենյակի երեխաների իրավունքների մոնիթորինգի եւ գնահատման բաժնի ղեկավար Լուսինե Երեմյանը նկատում է, որ մանկական աղքատության գնահատման համար անհրաժեշտ է կիրառել բազմաչափ մոտեցում:

 

«Այդ մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի սահմանվեն հատկապես խոցելի եւ բացառված խմբերը, եւ քաղաքականության իրականացումը կենտրոնացվի հասարակության առավել կարիքավոր խմբերի վրա՝ ելնելով նրանց աշխարհագրական եւ սոցիալական առանձնահատկություններից: Աղքատությունը   երեխաների վրա վնասաբեր է ազդում ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք ապրում են աղքատ պայմաններում, այլ հաճախ ունենում է նաեւ երկարաժամկետ հետեւանքներ: Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ) վերջերս ընդունեցին աղքատության բազմաչափ գնահատման կարեւոր դերը, ինչպես նաեւ այն փաստը, որ աղքատությունը բնակչության տարբեր խմբերի վրա կարող է տարբեր ազդեցություն ունենալ: Այս համատեքստում, երեխաներին ուղղված բազմաչափ աղքատության ցուցիչն անհրաժեշտ է Կայուն զարգացման նպատակներին ուղղված առաջընթացի վերահսկման համար»,- ասում է փորձագետը:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերջերս իրականացրել է Ազգային բազմակի եւ համընկնող խոցելիության/կարիքավորության վերլուծություն (National Multiple Overlapping Deprivation Analysis (N-MODA))` հիմքում ունենալով նորարական մեթոդաբանություն: Այն հիմնվում է երեխաների իրավունքների միջազգային շրջանակի վրա՝ կառուցելու երեխաների բարեկեցության չափումները գոյատեւման, զարգացման, պաշտպանության եւ մասնակցության ոլորտներում: Վերլուծությունը նպատակ ունի նպաստել բազմաչափ աղքատության մեջ ապրող երեխաների հայտնաբերմանը, մշտադիտարկմանը եւ աջակցել այդ երեխաների թվի կրճատմանը:

 

Ուսումնասիրությունը նյութական աղքատությանը զուգահեռ դիտարկում է կարիքավորության հետեւյալ չափիչները՝ սնուցում, վաղ մանկական տարիքի կրթություն եւ խնամք, կրթություն, ժամանց, սոցիալական փոխհարաբերություններ, հագուստ, տեղեկատվություն, նյութական/կոմունալ պայմաններ, կացարանային պայմաններ:

 

Ըստ այս հետազոտության` եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատ/կարիքավոր է յուրաքանչյուր երկրորդը: Երեխաների մեծ մասը զրկված է կոմունալ ծառայություններից (ոչ բավարար ջրամատակարարում եւ ջեռուցում), բնակարանային պայմաններից (գերբնակեցում, վատ պայմաններ) եւ ժամանցային հնարավորություններից (ժամանցի պարագաների պակաս եւ խաղալու տարածքի բացակայություն):

 

Ըստ Լուսինե Երեմյանի` սպառման եւ կարիքավորության կապը գծային չէ. դրամական կարողությանը/փոխանցումներին աջակցող քաղաքականությունը կարող է օգնել, բայց չի լրացնի բոլոր բացերը:

 

«Հայաստանում երեխաների մեկ երրորդը կարիքավոր է, բայց ոչ աղքատ (36%): Այս երեխաներն անմիջական միջամտությունների կարիք ունեն կարիքավորությունը հաղթահարելու համար եւ կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատությանը: Քաղաքականությունները պետք է հիմնված լինեն ամբողջական պատկերի վրա, որը ստեղծվում է աղքատության երկու՝ բազմաչափ եւ նյութական չափումների փոխլրացնող գործիքների կիրառման միջոցով»,- ասում է նա:

 

Մյուս կարեւոր բացահայտումը, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետի, այն է, որ 6-14 տարեկան երեխաների գրեթե կեսը զրկված է սոցիալական փոխհարաբերություններից, այսինքն, առկա է սոցիալապես բացառված լինելու վտանգը, իսկ 15-17 տարեկան երեխաներն ամենախոցելին են ժամանցից զրկված լինելու պատճառով:

 

Գյուղաբնակ երեխաների 82%-ը կարիքավոր է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53% է կարիքավոր. գյուղ-քաղաք այս կտրուկ խզումը նյութական/կոմունալ վատ պայմանների եւ տեղեկատվության հասանելիության մեջ է:

 

«Սա պահանջում է մեծ աշխատանք՝ զարգացնելու երեխայի եւ հասարակության միջեւ եղած հարաբերությունները եւ մատնանշելու այդ հարաբերությունների դինամիկան՝ երաշխավորելով երեխաների հավասար հնարավորությունները առողջ, լավ սնված, համայնքում ընդգրկված լինելու եւ վայելելու սեփական անձի նկատմամբ ունեցած հարգանքի սոցիալական հիմքերը»,- ասում է Լուսինե Երեմյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին