Վերականգնվող էներգետիկա` փոքր ներդրումների մեծ հավակնությունները - Mediamax.am

exclusive
7628 դիտում

Վերականգնվող էներգետիկա` փոքր ներդրումների մեծ հավակնությունները


Լուսանկարը` https://financialtribune.com


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիկական Հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (ՓԴԾ) շրջանակներում, Հայաստանում 2009թ.-ից ի վեր մոտ 50 նախագիծ է ֆինանսավորվել`  2 մլն դոլարին համարժեք ընդհանուր գումարով (մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 50 հազ. դոլար է):

 

Ծրագիրը նախատեսված է շահույթ չհետապնդող ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների համար, ներառյալ համայնքային կազմակերպությունները: Ֆինանսավորվող ծրագրերի 30%-ն ուղղված  է կլիմայի փոփոխության մեղմմանը՝ մասնավորապես վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) օգտագործմանը եւ էներգաարդյունավետության միջոցառումների իրականացմանը:

 

Մեդիամաքսը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիկական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի ազգային համակարգող Հովհաննես Ղազարյանի հետ զրուցել է իրականացվող, ինչպես նաեւ հեռանկարային ծրագրերի ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի հնարավորությունների մասին:

 

Զգալի արդյունքներ` քիչ գումարներով

 

Հովհաննես Ղազարյանն ասել է, որ ՓԴԾ աջակցությամբ համայնքներում լուսավոլտային եւ արեւային ջրատաքացուցիչ համակարգեր են տեղադրվում եւ զուգահեռ բարելավվում է շենք-շինությունների էներգաարդյունավետությունը, որոնք բերում են էներգետիկ ծախսերի և ջերմային կորուստների կրճատմանը:

 

«Մենք նպատակ ունենք օժանդակել նորարարական ցածր- ածխածնային տեխնոլոգիաների ցուցադրմանը, որոնք տրամադրում են կայուն էներգետիկ ծառայություններ եւ համայնքներում բարձրացնում են էներգետիկ անվտանգությունը: Մեր միջոցառումները հիմնականում ուղղված են ջերմոցային գազի արտանետումների կրճատմանը, ծառահատումների նվազեցմանը, էկոհամակարգերի կողմից ածխածնի կլանման բարելավմանը, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարելավմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

 

ԳԷՀ-ի մոտեցումը հավելյալ ֆինանսավորման տրամադրումն է. ենթադրվում է, որ որոշակի պատրաստակամություն պիտի լինի նաեւ տեղում: Շահառու համայնքներում ծրագրերը հիմնականում ակնկալում են ներդրում բնակիչների աշխատանքի տեսքով:

 

«Ռեսուրսների նմանօրինակ կազմակերպման շնորհիվ մենք շատ ավելի մեծ արդյունքներ ենք ունենում, քան կարող են լինել, օրինակ, ավելի մեծ ծրագրերի դեպքում: ՓԴԾ ազդեցությունը մեծացնելու համար փորձում ենք նաեւ որպես զուգահեռ ֆինանսավորում ներգրավել այլ դոնոր կազմակերպություններին, որոնք տվյալ տարածքում ինչ-որ ծրագիր արդեն իրականացնում են»,- մանրամասնել է ծրագրի ղեկավարը:

 

Ծրագրերը հիմնականում իրականացվում են հանրային նշանակության սոցիալական օբյեկտներում և ենթակառուցվածքներում: Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում տեղադրվել է ամենամեծ արևային ջրատաքացուցիչ համակարգը, ինչի շնորհիվ էապես բարելավվել է հիվանդանոցի սանիտարա-հիգիենիկ պայմանները, իսկ Գյումրիի 3-րդ գիշերօթիկ դպրոցում համակարգի տեղադրման և շենքի ջերմամեկուսացման շնորհիվ էներգասպառման կրճատումը հասել է 60%-ի: Արթիկում եւս դրական փորձ է արձանագրվել. բազմաբնակարան շենքերից մեկի շքամուտքի աստիճանավանդակներում արեւային ջեռուցման համակարգին զուգահեռ տեղադրվել են էներգաարդյունավետ դռներ ու պատուհաններ՝ ջերմային կորուստները նվազեցնելու համար: Բնակիչների խնդրանքով նույն շենքի հարևան շքամուտքում, նույնատիպ էներգախնայող միջոցառումներ են իրականացվել լրացուցիչ ֆինանսավորմամբ: Հատկանշական է, որ տեղադրված համակարգերն ու էներգաարդյունավետության բարձրացման տարրերն անխափան շահագործվում են բնակիչների կողմից 2009թ.-ից ի վեր:

 

Ցածր ածխածնային էներգիայի մատչելիության խթանմանը առնչվող ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրերի մյուս ուղղությունը գյուղատնտեսությունն է. ավանդական եւ նոր տիպի արեւային չորանոցներ եւ էներգաարդյունավետ ջերմոցներ են կառուցվել, հեռագնա արոտներում լուսավոլտային եւ արեւային ջրատաքացուցիչ համակարգեր են տեղադրվել:

 

«Վարակելով» մարդկանց

 

Բասենի համայնքային նշանակության միակ շենքում, որտեղ մանկապարտեզը, գյուղապետարանը, բուժկետն ու սպորտդպրոցն են գործում, ծրագրով տեղադրվել են արեւային ջրատաքացուցիչներ : Շենքին կից կառուցվել է էներգաարդյունավետ ջերմոց ու չորանոց, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ՝ ջերմոցային պոմպ, արեւային օդատաքացուցիչ համակարգ:

 

«Ծրագիրն այնքան հաջող էր, որ առաջին հետաքրքրությունը ծնողներից եկավ. երբ իմացան, որ այդ համակարգերի միջոցով հնարավոր է տնտեսումներ անել, ծրագիրը դեռ չավարտված արդեն 20 առանձնատուն իրենց միջոցներով անցան ջրատաքացուցիչների կիրառությանը: Հիմա թիվն ավելի մեծ է: Նույն Բասեն համայնքում եւս մեկ էներգաարդյունավետ ջերմոց հիմնեց մի անհատ ձեռներեց: Բացի այդ, Բասենում ստեղծվեց համայնքային շրջանառու հիմնադրամ, որը սկսեց կառավարել բոլոր տնտեսումները, եկամուտները եւ դրանք ուղղել համայնքի կարիքներին, մանկապարտեզի ընթացիկ ծախսերին եւ այլն»,- պատմել է Հովհաննես Ղազարյանը:

 

Նրա փոխանցմամբ, վերջերս համայնքում հիմնվել է պելետային վառելիքի արտադրություն: Հացազգի բույսերի բերքահավաքից հետո մնացորդային կենսազանգվածը, որ նախկինում գյուղացիներն ուղղակի այրում էին դաշտերում, այժմ հանձնվում է Բասենի հիմնադրամ, որտեղ այն վերամշակվում է եւ վերածվում պելետների (վառելահատիկների): Բասեն համայնքը գազաֆիկացված չէ, եւ կենսաթափոններից պատրաստվող վառելահատիկների արտադրությունը կարող է կիրառության ու տարածման մեծ ներուժ ունենալ հատկապես չգազաֆիկացված համայնքներում: Վառելահատիկները այրում են հատուկ էներգաարդյունավետ վառարաններում:

 

«Այսպիսով, մենք ոչ միայն խուսափում ենք այդ մնացորդային կենսազանգվածի այրման ժամանակ առաջացող ջերմոցային գազերի արտանետումից եւ հողի դեգրադացիայից, այլեւ տնտեսապես օգուտներ ենք քաղում»,- շեշտել է Հովհաննես Ղազարյանը:

 

Ծրագրերի իրականացման աշխարհագրական սահմանափակում չկա, բայց փորձը ցույց է տվել, որ արդյունավետության առումով լավագույն ծրագրերն իրականացվել են Շիրակի մարզում: Ըստ Հովհաննես Ղազարյանի, հավանաբար, դա պայմանավորված է մարզում աղքատության բարձր մակարդակով, երկար ու սաստիկ ձմեռով, բայց, միեւնույն ժամանակ, արեւային էներգիայի մեծ ներուժով:

 

«Հասկանալի է, որ փոքր դրամաշնորհներով գլոբալ խնդիրներ չենք լուծում, բայց մեր այդ մեկնարկային ֆինանսավորման միջոցով նման տեխնոլոգիաների կիրառության հաջող փորձերի ցուցադրումը մեծ ներուժ ունի համայնքներում կրկնօրինակման, տարածման, ինչպես նաեւ առեւտրայնացման համար: Այդ ցուցադրություններով մենք ընդհանուր ընկալումն ենք փոխում, որպեսզի մարդիկ տեսնեն, համոզվեն, որ դա ճիշտ տարբերակ է, եկամտաբեր է, խնայող: Սրանով մենք նաեւ նպաստում ենք աղքատության նվազեցմանը, քանի որ էներգակիրների բարձր գները հիմնականում ազդում են խոցելի խավերի վրա: Միեւնույն ժամանակ մեծ ուշադրություն ենք դարձնում տեղական կարողությունների զարգացմանը, տեղում տեխնոլոգիաները ցուցադրելիս այնպես ենք անում, որ բնակիչները հասկանան, թե դա ինչպես է գործում, որ բարդ բան չէ, եւ իրենք կարող են կիրառել իրենց տներում»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

 

Էներգետիկ համակարգերի արտադրության հայաստանյան հնարավորությունները

 

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում, Հովհաննես Ղազարյանի համոզմամբ, Հայաստանը մեծ ներուժ ունի: Նա նկատել է, որ կառավարության քաղաքականությունում էլ է դրական փոփոխություն նկատվում: Օրինակ, «Վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք մինչեւ 150 կՎտ հզորությամբ ինքնավար արտադրող վերականգվող էներգիայի աղբյուրներին հնարավորություն են  ընձեռնում աշխատել ցանցի հետ զուգահեռ, գրավիչ դաշտ են բացում ՎԷԱ համակարգերի կիրառության ու տարածման համար:

 

Ինչ վերաբերում է Հայաստանում համակարգերի արտադրությանը, ապա նրա խոսքով, ոլորտում ընկերությունները գնալով ավելանում են, մրցակցությունը` եւս: Վերջինը բերել է նաեւ որակի բարձրացմանն ու ավելի ճկուն գնային քաղաքականությանը: Ընկերությունները նաեւ սկսել են երաշխիք տալ, բանկերը՝ վարկեր տրամադրել եւ այլն:

 

«Մեր ծրագրերում փորձել ենք թե տեղական արտադրության, թե ներկրված համակարգեր տեղադրել: Ունեցել ենք նաեւ փորձ, երբ ՀԿ-ն է իր ուժերով է կառուցել համակարգերը: Մեր դրամաշնորհառուները մինչ այժմ նախընտրել են արտասահմանյան համակարգեր և բաղադրիչ մասեր գնել, քանի որ դրանք որակապես ավելի լավն են: Բայց, կարծում եմ, որ հայկական արտադրությունը դեպի բարելավում է գնում»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին