Էներգարդյունավետ շենքեր եւ տնտեսված միջոցներ - Mediamax.am

exclusive
6857 դիտում

Էներգարդյունավետ շենքեր եւ տնտեսված միջոցներ


Լուսանկարը` Pascal Poggi


2002-ից սկսած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Կլիմայի փոփոխության ծրագրերի շրջանակներում իրականացնում է մի շարք խոշոր ներդրումային բաղադրիչ ունեցող միջոցառումներ: Դրանցից առաջինն ուղղված էր ջերմամատակարարման ոլորտում էներգախնայողության խթանմանն ու ջերմոցային գազերի կրճատմանը: Ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը Գլոբալ էկոլոգիական ու Կանաչ կլիմայի հիմնադրամներն են:

 

Իրականացված եւ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի հետ:

 

Ներդրողի կողմից էներգախնայողության կարեւորության գիտակցումը

 

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի մյուս բաղադրիչը նախորդի տրամաբանական շարունակությունն է:

 

«Շենքերում էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման հիմնական ծավալն ուղղվում է ջեռուցման նպատակին, մինչդեռ ջեռուցման կենտրոնացված համակարգերով հնարավոր է էներգախնայողություն ապահովել կամ սպառումը պակասեցնել՝ փոխելով շենքերի ջերմային բնութագրիչները: Այս ծրագիրը հիմնականում ուղղված էր բնակարանային հատվածին եւ նպատակ ուներ օրենսդրական փոփոխությունների միջոցով նոր մոտեցում ապահովել նորակառույց շենքերի համար եւ գործնականում ապացուցել, որ դա մեծ բեռ չէ կառուցապատողի համար եւ ունի մեծ սոցիալական, բնապահպանական ու տնտեսական արդյունք: Գորիսում նոր կառուցվող սոցիալական շենքում իրականացված ծրագիրը ցույց տվեց, որ շենքի ջերմային բնութագրիչները լավացնելու եւ շենքի կառուցման արժեքը միայն 6 տոկոսով բարձրացնելու դեպքում կարող ենք ունենալ 60 տոկոս էներգախնայողություն»,-պատմում է Դիանա Հարությունյանը:

 

Հաջորդ օրինակն Ավան վարչական շրջանում 9 հարկանի պանելային շենքի ջերմամեկուսացումն էր, ինչի շնորհիվ հաջողվեց ապահովել էներգասպառման 57 տոկոս նվազեցում:

 

Երրորդ ծրագիրը, որը ներկայումս շարունակվում է կառավարության կողմից, իրականացվում է Ախուրյանում աղետի գոտու բնակարանաշինական ծրագրի շրջանակներում կառուցվող շենքում է:

 

Ծրագրի կարեւոր ձեռքբերումներից մեկը մեր զրուցակիցը համարում է մասնավոր ներդրողին էներգախնայողության կարեւորության գիտելիքի մեջ ներգրավելը:

 

«Օրինակ՝ «Կասկադ հիլզ»-ն իր կողմից կառուցվող 8 շենքերի նախագծերը տրամադրեց մեզ, մենք վերանայեցինք դրանք ու նոր մոտեցում առաջարկեցինք: Շինարարության արժեքն որոշակի չափով աճեց, սակայն ավելացավ նաեւ կառուցապատողի ակնկալվող շահույթը, քանի որ ավելի բարակ, սակայն ավելի լավ մեկուսացված պատերի շնորհիվ նա ստացավ վաճառքի ենթակա ավելի մեծ մակերեսներ», - նկատում է Դիանա Հարությունյանը: Բացի դրանից, ասում է նա, ջերմամեկուսացված նորակառույցը ավելի գրավիչ է հավանական գնորդների համար, քանզի վերջիններս գիտակցում են, որ ավելի քիչ կլինեն ջեռուցման ծախսերը:

 

«Ծրագրի համար իրազեկման մեծ արշավ ենք կատարել: Երեւանում չեխական և բրիտանական փորձագետները դասընթացներ են անցկացրել նախագծողների եւ կառուցապատողների համար: Երկու լաբորատորիա ենք ստեղծել, որոնցից մեկը Ճարտարապետական համալսարանում: Օգնել ենք վերանայել Ճարտարապետական համալսարանի առարկայական ծրագրերն ու ներկայացրել ենք հատուկ դասագիրք՝ «Կանաչ ճարտարապետություն» եւ, որպես հիմնական առարկա, այն ներդրվել է ուսուցման ծրագրում» ,- պատմում է Դիանա Հարությունյանը:

 

Պետության հետ համագործակցության ու միջոցներ տնտեսման նոր օրինակը

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագիրն այժմ աշխատում է «Կանաչ լուսավորության» ուղղությամբ՝ հիմնական գործընկերը Երեւանի քաղաքապետարանն է: 

 

«Ծրագրի նպատակը փողոցային լուսավորության բարեփոխումն է: Առաջինˋ ցուցադրական փուլում, նպատակը Ծովակալ Իսակովի պողոտայի լուսավորության փոխելն էր,  որի արդյունքում ունեցանք 63 տոկոս էներգախնայողություն, լուսավորության մակարդակի բարձրացում եւ նոր՝ լուսադիոդային տեխնոլոգիայի ներդրում: Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագիր ունենք, ըստ որի՝ մենք գրանտային ծրագիր ենք անում, իսկ ֆինանսավորման մի մասը (սյուների վերականգնումն ու տեղադրումը) իրենք են ապահովում: Հիմնական ձեռքբերումն այն է, որ քաղաքը ստեղծում է շրջանառու հիմնադրամ, որտեղ տնտեսված միջոցները կուտակվում եւ նոր ծրագրի իրականացման միջոց են դառնում», - ընդգծում է Դիանա Հարությունյանը: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում կուտակված տնտեսման արդյունքը կազմում է մոտ 50 հազար դոլար:

 

«Շրջանառու հիմնադրամի միջոցներով նոր ուղղություն սկսեցինք՝ Մաշտոցի պողոտան մինչեւ Մատենադարան տանող հատվածի լուսատուների փոխումը: Հիմա աշխատում ենք երրորդ փուլի վրա, որը ներառում է Հաղթանակի կամրջից մինչեւ Ծիծեռնակաբերդ  տանող ճանապարհահատվածի լուսատուների փոփոխությունը: Այս ծրագրի շրջանակներում փոխվել է մոտ 29 կմ լուսավորություն ցանց: Երեւանից բացի շրջանառու հիմնադրամի սկզբունքով գործող ծրագրի շրջանակներում աշխատել ենք նաեւ Ալավերդիում, Սպիտակում, Սեւանում, Աբովյանում, Ստեփանավանում, Արարատում, Գորիսում, Կապանում, Քաջարանում եւ Գավառում: Այս համայնքներում եւս շրջանառու հիմնադրամում հավաքված տնտեսման գումարները ներդրվել են փողոցներում լուսավորության ծրագիր սկսելու համար», - պատմում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգողը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին