Երբ վերականգնվող էներգիան գրավիչ է մասնավոր ներդրողի համար - Mediamax.am

exclusive
5799 դիտում

Երբ վերականգնվող էներգիան գրավիչ է մասնավոր ներդրողի համար


Լուսանկարը` Corwin Majer


2002-ից սկսած ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Կլիմայի փոփոխության ծրագրերի շրջանակներում իրականացնում է մի շարք խոշոր ներդրումային բաղադրիչ ունեցող միջոցառումներ: Դրանցից առաջինն ուղղված էր ջերմամատակարարման ոլորտում էներգախնայողության խթանմանն ու ջերմոցային գազերի կրճատմանը: Ծրագրերի ֆինանսավորման հիմնական աղբյուրը Գլոբալ էկոլոգիական ու Կանաչ կլիմայի հիմնադրամներն են:

 

Իրականացված եւ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ Մեդիամաքսը զրուցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի հետ:

 

Հինը նորի վերածած մշակույթի տարածումը

 

«Երբ նոր էինք սկսում աշխատել այս ոլորտում, մեզ համար կարեւոր էր հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր պահպանել նախկինում եղած կենտրոնացված ջեռուցման համակարգերն ու ներդնել նոր տեխնոլոգիաներ՝ էներգախնայողության ապահովման ու նոր մշակույթի տարածման համար: Մեր հաջողության գրավականն այն էր, որ հնարավոր եղավ Ավան թաղամասի կենտրոնացված ջեռուցման համակարգի վերակառուցման ծրագրում ներգրավել մասնավոր ներդրումներ», - պատմում է Դիանա Հարությունյանը:

 

Մասնավոր ընկերության կողմից կատարվեց շուրջ $ 16 մլն ներդրում՝ վերակառուցելու էներգաարտադրող կայանը: Այն ունի երկու տիպի արտադրանք՝ էլեկտրաէներգիա, որը վաճառվում է էլցանցին, եւ ջերմային էներգիա, որը տրվում է շենքերին՝ տաք ջրի ու ջերմային սպասարկման համար:

 

Ծրագրի հաջողությունն ու նոր մեթոդաբանության կիրառումը

 

«Այս ծրագրի հաջողության ամենակարեւոր մասը սակագների հաշվարկի նոր մեթոդաբանությունն է»,- նշում է ծրագրի համակարգողը:

 

Նա նկատում է, որ կայանի արտադրանքը բնակիչների համար հանդիսանում է այլընտրանք բնակարանի ներսում գազ այրելուն, ինչն էլ սպառողի համար հիմնական գրավչություններից մեկն է: Դիանա Հարությունյանը նկատում է, որ Հայաստանում բացակայում է պարտադրանքի օրենքը, որը կա աշխարհի շատ երկրներում եւ ենթադրում է անհատական ջեռուցման համակարգերի կիրառման արգելք այն դեպքում, երբ շենքը սպասարկվում է կենտրոնացված ջեռուցման համակարգով, որը և հիմնական ռիսկային գործոնն է մասնավոր ներդրումների համար:

 

Ոլորտի ներդրումային գրավչությունը

 

Դիանա Հարությունյանի փոխանցմամբˋ ջերմամատակարարման ոլորտը գրավիչ դաշտ է մասնավոր ներդրումների համար, քանի որ այն ունի սպառման աճ եւ ապահովում է կայուն եկամուտ:

 

«Մեզանում այդ մշակույթը, ի դեմս քաղաքային ջերմային տնտեսության, եղել է, բայց քայքայվել է, քանի որ վճարումը կախված չէր սպառման ծավալից: Ջեռուցման որակը լավը չէր, իսկ բնակչին իր սպառածի դիմաց վճարումը ստիպելու որեւէ լծակ չկար: Նոր համակարգը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած բնակարան հանդես գա որպես առանձին սպառող եւ վճարի այն ծավալի դիմաց, որը սպառել է», - ասում է

Դիանա Հարությունյանը:

 

Ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել նաեւ Ապարանի կենտրոնացված ջեռուցման համակարգին, որից օգտվում է մի քանի բնակելի շենք: Արեւային ջեռուցիչների տրամադրմամբ աջակցություն է տրամադրվել նաեւ սոցիալական նշանակության շենքերին ՝ Մեղրիի եւ Գորիսի հիվանդանոցներին, Քաջարանի մանկապարտեզին, Երեւանի երկու եւ Կապանի մեկ երեխաների խնամքի կենտրոնին:

 

Ծրագրի մաս է կազմել նաեւ կենտրոնացված ջեռուցման համար նախատեսված այլ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը: Մասնավորապես, «Այբ» դպրոցում ներդրվել է կենտրոնացված պոմպերի տեխնոլոգիան, իսկ Արաբկիրի Հայորդաց տանը՝ ինֆրակարմիր ջեռուցման համակարգը:

 

Դիանա Հարությունյանն ասում է, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը շուկան բացելու, նոր ճանապարհներ ստեղծելու եւ առկա խոչընդոտները վերացնելու համար են:

 

«Պարզ է, որ միայն դրամաշնորհային ծրագրով հնարավոր չէ հոգալ երկրի բոլոր կարիքները, սակայն պետք է բացել դաշտը, բացահայտել իրավական, կազմակերպչական խոչընդոտներն ու վերացնել դրանք»,- շեշտում է նա:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին