Սեպտեմբերի 23/24`Food Fest, էքսթրիմ, GoT, Մուսալեռան հարիսա - Mediamax.am

exclusive
2863 դիտում

Սեպտեմբերի 23/24`Food Fest, էքսթրիմ, GoT, Մուսալեռան հարիսա


Լուսանկարը` Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Լուսանկարը` Yerevan Food Fest

Լուսանկարը` Barev Armenia

Լուսանկարը` «Հանգույց» հիմնադրամ

Լուսանկարը` Mirzoyan Library

Լուսանկարը` Այրուձի հեծյալ ակումբ

Լուսանկարը` YellowStones

Լուսանկարը` Yell Extreme Park


Այս անգամ հանգստյան օրերը «համով» են լինելու. նախ՝ սեպտեմբերի 23-ին շարունակվելու է Yerevan Food Fest փառատոնը, իսկ սեպտեմբերի 24-ին հարիսայի սիրահարները կարող են հավաքվել «մի կաթսայի» շուրջ: Տարբեր ուտեստների համտեսումից հետո կրկնակի հաճելի կլինի շարունակել հանգիստը մշակութային ուղղվածությամբ:

 

***

 

Yerevan Food Fest ուտեստների առաջին փառատոնը, որն անց է կացվում սեպտեմբերի 21-ից 23-ը, «Հարթակ» վարպետության դասերի փառատոնի մաս է կազմում: Երեւանի տարբեր վայրերում կանցնեն վարպետության դասեր՝ ռեստորանատերերի, շեֆ-խոհարարների, գաստրո-լրագրողների, բլոգերների եւ բոլոր ցանկացողների համար:

 

Դասերը վարում են  հայտնի շեֆ-խոհարարներ, ռեստորանային բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ:

Լուսանկարը` Yerevan Food Fest

Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ից 22:00-ը Անգլիական այգում կանցկացվի փառատոնի ամենագրավիչ մասը, որի ընթացքում Երեւանի լավագույն ռեստորանները եւ սննդի ցանցերը կներկայացնեն իրենց արտադրանքը եւ տեղում կվաճառեն ուտեստները հատուկ փառատոնային գներով:

 

***

 

Սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ից 14:00-ը հոգեւոր սննդի ձեր մասնաբաժնի համար կարող եք ներկա գտնվել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կայանալիք Հեքիաթային հանդիպումներին, որտեղ կարդում կամ պատմում են հեքիաթներ, քննարկում են հերոսներին եւ նրանց գործողությունները, հեքիաթների միջոցով բացահայտում են կյանքում հանդիպող բազմատեսակ խնդիրների լուծումները եւ կտրվում են իրականությունից՝ հայտնվելով ուրիշ աշխարհում:

 

Կազմակերպիչը Հայ ժողովրդական հեքիաթներ համայնքն է:

 

Նշենք, որ հանդիպումները նախատեսված են միայն մեծահասակների համար:

 

Յուրաքանչյուր հանդիպումից առաջ ներկայացվում է հեքիաթ, որը հարկավոր է կարդալ: Այս անգամ դա «Քյալ օղլանն» է:

 

***

 

Շաբաթ օրվա մեկ այլ միջոցառում համահունչ է աշնանային գեղեցիկ սեզոնին:

 

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամի շնորհիվ «Մետաքսե ճանապարհ» հյուրանոցում կրկին սկսվում են գորգագործության դասընթացները՝ մեծերի եւ փոքրերի համար: Դասընթացների ընթացքում մասնակիցները կգործեն մեծ տորքի մոտ, կունենան փոքր շրջանակներ՝ իրենց գորգերը հյուսելու համար: Բոլոր նյութերն ու գործիքները տրամադրվում են հիմնադրամի կողմից:

 

Երեխաների դասընթացները նախատեսված են 10-15 տարեկան աղջիկների եւ տղաների համար, եւ անց են կացվում յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 11:00-ին:

Լուսանկարը` «Հանգույց» հիմնադրամ

Մեծահասակների համար դասընթացները վճարովի են եւ տեղի են ունենալու շաբաթական մեկ անգամ: Դասընթացը բաղկացած է 12 պարապմունքից,  արժեքը կազմում է 30 000 դրամ: Ուսանողների համար գործում է 25% զեղչ:

 

Մեծահասակների առաջին հանդիպումը տեղի կունենա նույնպես շաբաթ օրը՝ ժամը 16:00-ին:

 

***

 

Շաբաթ օրը լավ միջավայրում երեկո անցկացնելու մեկ այլ տարբերակ է գնալ Mirzoyan Library եւ մասնակցել Սերեւան Party-ին:

Լուսանկարը` Mirzoyan Library

Երաժշտության համար պատասխանատուներն են Արեգ Սիրավյանը եւ Աշոտ Սնխչյանը: Տրամադրությունը՝ էլեկտրոնային, հիփ-հոփ, ֆանկ:

 

Սերեւան Party-ին կսկսի ժամը 20:00-ին եւ կշարունակվի մինչեւ ուշ գիշեր:

 

***

 

Եթե արկածների եւ սուր զգացողություններ ունենալու ցանկություն ունեք, սեպտեմբերի 23-ի գիշերը կարող եք իրագործել դրանցից մեկը եւ գիշերային թռիչք կատարեք Yell Extreme Park-ում:

 

Այն իրականացվելու է Զիփլայնի երեք գծերով, այնուհետեւ կլինի ընթրիք խարույկի շուրջ:

Լուսանկարը` Yell Extreme Park

Գիշերային թռիչքի արժեքը 15 000 դրամ է, որը ներառում է տեղափոխություն Երեւան- Yell Extreme Park-Երեւան երթուղով, Զիփլայնով թռիչք եւ ընթրիք:

 

Yell Extreme Park գնացող ավտոբուսը շարժվելու է Հանրապետության հրապարակից ժամը 16:00-ին:

 

Նկատած կլինեք, որ սովորաբար կիրակիները ավելի անհետաքրքիր ենք ացկացնում`սկսում ենք  պատրաստվել երկուշաբթիին, փորձում ենք ավարտի հասցնել կուտակված գործերը, կամ էլ պարզապես մնում ենք տանը եւ պասիվ «հանգստանում»: Մինչդեռ կիրակի օրերը նույնպես հագեցած են հետաքրքիր իրադարձություններով, պարզապես հարկավոր է տրամադրվել, ընտրել որեւէ միջոցառում եւ մասնակցել:

 

***

 

Կիրակի, սեպտեմբերի 24-ին, Էջմիածնի հարեւանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում տեղի է ունենալու Մուսալեռան Հերոսամարտի 102-րդ տարելիցին նվիրված տոնակատարությունը, որի ընթացքում օջախների վրա եփվելու է հարիսայի 102 կաթսա:

Լուսանկարը` Barev Armenia

Մուսալեռ գյուղ կարող եք հասնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ` տուրիստական գործակալությունների միջոցով:

 

***

 

Եթե հարիսա չեք սիրում, բայց դասական երաժշտության երկրպագու եք, նույն օրը, ժամը 15:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կարող եք վայելել Օպերային ցերեկույթ տենոր Հայ Վարդանյանի հետ:

Լուսանկարը` Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Համերգային ծրագրում ներառված են արիաներ, ռոմանսներ, նեապոլիտանական երգեր: Կոնցերտմայստերը Կատարինե Հովսեփյանն է: Տոմսի արժեքն է 2000 դրամ:

 

***

 

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին շատ ավելի ռազմատենչ եւ «նեղ մասնագիտական» միջոցառում սպասվում է AEON հակասրճարանում:

 

Այստեղ կկայանա երկրորդ քվեսթը վերջին տարիներին աշխարհում ամենահայտնի եւ ամենասիրված Game of Thrones (Գահերի խաղ) հեռուստասերիալի մոտիվներով:

 

Այն թարմացվել է նոր կանոններով եւ գործողության հնարավորություններով: 

 

Գահերի Խաղի հիմնական կանոններն են՝

 

1. երկաթե գահին տիրանալու համար կմրցեն 5 իշխանական տներ (թիմեր), որոնցից միայն մեկը կհաղթի;

2. խաղի առաջին փուլի ժամանակ տները ձեռք կբերեն հզորության միավորներ, որոնք որոշիչ կլինեն Վեստերոսում իրենց դիրքի համար;

3. բացի այդ միավորներից նրանք ունեն նաև իրենց թուլությունները, որոնք պետք է գաղտնի պահեն մնացած տներից,

4. խաղի ժամանակ տների անդամները պետք է կազմեն ամենալավ ռազմավարությունը հաղթելու համար (օրինակ՝ միավորել իշխանական տները, գտնել համախոհներ, գրավել Վեստերոսի տարածքները և այլն):

 

Մուտքի արժեքը 2000 դրամ է, որը ներառում է թեյ, սուրճ եւ քաղցրավենիք:

 

***

 

Կիրակի ժամը 21:30-ին Kami ակումբում տեղի կունենա ռոքային համերգ` YellowStones խմբի մասնակցությամբ: Խումբը ստեղծվել է 2013 թվականին:

Լուսանկարը` YellowStones

Անվանումը կապվում է աշխարհի ամենամեծ ազգային պարկերից մեկի հետ: Խմբի հինգ անդամները իրենց պատկերացնում են դեղին քարերի կերպարներով, բեմական հագուստի դեղին տարրերն էլ դարձել են YellowStones-ների յուրահատուկ այցեքարտը: Տղաները նվագում են ռոք, բլյուզ-ռոք, funk, սոուլ ոճերում:

 

 

Խումբն ունի նաեւ հեղինակային երգեր եւ աշխատում է սեփական ձայնասկավառակի վրա:

 

Տոմսերի արժեքն է 3000 դրամ:

 

***

 

Եթե, այնումենայնիվ, նախընտրում եք քաղաքից դուրս գնալ, կարող եք կիրակին շատ գեղեցիկ անցկացնել` գնալ Այրուձի հեծյալ ակումբ եւ ձիավարություն սովորել:

 

Միջոցառման կազմակերպիչն է Nrane Travel-ը: Գործակալությունը ծրագիր է կազմել, որում բացի ձիավարության դասից նախատեսված է էքսկուրսիա պատմամշակութային կոթողներով եւ երեկո խարույկի շուրջ ` կիթառի նվագակցությամբ: 

Լուսանկարը` Այրուձի հեծյալ ակումբ

Արժեքը կազմում է 4900 դրամ եւ իր մեջ ներառում է ուղեկցորդի եւ տրանսպորտի ծառայություններ, ձիավարություն: Տեղեր ամրագրելու համար կարող եք գրել Nrane Travel-ի ֆեյսբուքյան էջին:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին