Տzzան, Բzzան, Գուլպա-մուլպա, թատրոն տանիքում եւ աստղեր Գառնիում - Mediamax.am

exclusive
4599 դիտում

Տzzան, Բzzան, Գուլպա-մուլպա, թատրոն տանիքում եւ աստղեր Գառնիում


Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Լուսանկարը` Գեւորգ Մաթեւոսյան

Լուսանկարը` Ololo ինտերակտիվ տիկնիկային թատրոն

Լուսանկարը` Շիրակ Տուր

Լուսանկարը` «Իմ ձեռագործ Հայաստանը»

Լուսանկարը` Փոքր թատրոն


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

Սեպտեմբերի 30, շաբաթ

 

Աշնանային ուրախ փառատոնները շարունակվում են՝ սեպտեմբերի 30-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա Գաթայի փառատոնը:

 

Նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ գաթայի պատրաստման մրցույթ, արիշտայի պատրաստում, գյուղական ուտեստների ճաշակում, երգեր եւ պարեր:

Լուսանկարը` Գեւորգ Մաթեւոսյան

Ամենակարեւորը՝  հնարավորություն կունենաք համտեսել «աշխարհի ամենամեծ գաթան»:

 

Գաթայի փառատոնին կարող եք մեկնել տարբեր տուրիստական գործակալությունների միջոցով, արժեքը մեկ անձի համար միջինում կազմում է 5000 դրամ:

 

***

 

Մեկ այլ «աուտենտիկ» փառատոն տեղի կունենա Երեւանում՝ Գաֆեսճեան քանդակների պարտեզում (Կասկադ):

 

Ժամը 11:00-18:00-ը ձեզ կսպասեն Հայաստանի մարզերից ժամանած վարպետներ, որոնք ոչ միայն կցուցադրեն իրենց ձեռագործ աշխատանքները, այլեւ ցանկացողների համար կանցկացնեն վարպետության դասեր:

Լուսանկարը` «Իմ ձեռագործ Հայաստանը»

«Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնություններից է եւ նպատակ ունի վերականգնել այնպիսի ավանդական արհեստներ, ինչպիսիք են՝ փայտի եւ քարի փորագրությունը, ասեղնագործությունը, մանրանկարչությունը, գորգագործությունը:

 

***

 

Եթե ցանկանում եք արհեստ սովորել ավելի կամերային միջավայրում, շաբաթ երեկոյան կարող եք այցելել In ArtStudio-ում (Բաղրամյան 30), որտեղ տեղի կունենա Օվկիանոսի թեմայով կավագործության դասընթաց: Այն նախատեսված է 10 տարեկանից բարձր անձանց համար, մասնակցության արժեքը կազմում է 2500 դրամ: Սկիզբը ժամը՝ 19:00-ին է:

 

Գրանցվելու համար զանգահարեք 091 16 69 96 հեռախոսահամարով:

 

***

 

Վերադառնանք շաբաթը հետաքրքիր անցկացնելու ավելի դասական տարբերակին՝ թատրոնին:

 

Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում կներկայացվի Ձուկն առանց ձրի, կամ suicide տրագիկոմեդիան, որը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի հիշատակին:

 

Ներկայացման մեջ հենց նա պետք է մարմնավորեր գլխավոր հերոսին, սակայն դերասանի մահվան պատճառով պիեսում որոշ փոփոխություններ կատարվեցին, իսկ դերը ստանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը:

 

 

Տրագիկոմեդիայի հիմքում ընկած է ծեր դերասան Բարդուղիմեոսի միայնակ կյանքը եւ իր երեւակայության մեջ տեղի ունեցող իրադարձությունները:

 

Ներկայացման սկիզբը՝ 19:00-ին է, տոմսերի արժեքն է 1000-2000 դրամ:

 

***

 

Վերջերս Երեւանի «14-րդ հարկ» հյուրանոցի (Ամիրյան4/6) տանիքում կայացավ Նեդա Նեժդանայի «Միայնության ինքնասպանություն» պիեսի պրեմիերան:

 

Երեւանում «թատրոն տանիքում» ձեւաչափը ներկայացվեց առաջին անգամ եւ, կարծես, սիրվեց:

 

«Միայնության ինքնասպանություն» պիեսի գործողությունները ծավալվում են տանիքում եւ պատմում են երկու երիտասարդի սիրո մասին:

 

Աշնան երեկոները դրսում վայելելու վերջին օրերն են, եւ այս միջոցառումը կարող է հետաքրքիր եզրափակիչ հանդիսանալ:

 

Ներկայացման սկիզբը ժամը 20:00-ին է: Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ, դրանք կարող եք պատվիրել առցանց:

 

***

 

Շաբաթ օրը ժամը 17:00-ին Ololo ինտերակտիվ տիկնիկային թատրոնը Aeon հակասրճարանում երեխաների համար անցկացնելու է Գուլպա-մուլպա տիկնիկների պատրաստման դասընթաց: Ամեն գուլպա-մուլպա կունենա իր անունը, պատմությունը եւ, իհարկե, կգնա իր ստեղծողի հետ տուն:

Լուսանկարը` Ololo ինտերակտիվ տիկնիկային թատրոն

Աշխատարանը նախատեսված է 6-10 երեխաների համար: Մասնակցության արժեքն է` 2500 դրամ` ներառյալ բոլոր անհրաժեշտ պարագաները: Մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել:

 

Հոկտեմբերի 1, կիրակի

 

Հոկտեմբերի մեկնարկը կարելի է նշել քաղաքից դուրս՝այցելելով Հայաստանի գեղեցիկ վայրերից մեկը: Oրինակ՝ Ստեփանավանի դենդրոպարկը:

 

Ստեփանավանի Դենդրոպարկը հայտնի է իր բնական անտառով եւ բույսերի ավելի քան 500 տեսակներով՝ բերված աշխարհի տարբեր երկրներից: Ուղեւորության շրջանակներում կտեսնեք նաեւ Սաղմոսավանքը, ինչպես նաեւ՝ Ստեփանավանից 4,5կմ հեռավորության վրա գտնվող միջնադարյան Լոռե Բերդը:

 

Մեկ անձի համար մասնակցության արժեքը կազմում է 5 500 դրամ: Ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

 

***

 

Հոկտեմբերի 1-ին գյումրեցիները նշում են իրենց քաղաքի տոնը, որին կարող են միանալ նաեւ երեւանցիները՝ մասնակցելով Իմ հին ու նոր Գյումրի միջոցառմանը:

Լուսանկարը` Շիրակ Տուր

Կարող եք շրջել քաղաքի փողոցներով, զգալ կոլորիտը, լուսանկարել ֆիլմերից պատմական դարձած շենքերը, այցելել եկեղեցիները եւ մասնակցել այդ օրը կայանալիք միջոցառումներին՝ ռետրո մեքենաների ցուցադրությանը, արհեստների եւ հացի փառատոնին, ինչպես նաեւ՝ ներկա գտնվել տեղացի երիտասարդ ռոքերների համերգին:

 

Մեկ անձի համար մասնակցության արժեքը կազմում է 2000 դրամ, մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 

***

 

Հոկտեմբերի 1-ին, Եվրոպական օրերի ժառանգության շրջանակում, ժամը 19:30-ից մինչեւ 21:30-ը Գառնու հեթանոսական տաճարի տարածքում բոլոր ցանկացողների համար տիեզերքի անսահմանությունը մի փոքր ընդգրկելու հնարավորություն կընձեռվի:

Լուսանկարը` ՀՀ մշակույթի նախարարություն

Երեխաները եւ մեծերը բարձրակարգ աստղադիտակներով կարող են դիտել երկնային մարմինները, հետաքրքիր տեղեկություններ ստանալ տիեզերքի մասին:

 

Մուտքը անվճար է:

 

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ  «Գուդրայք Ջոն» աստղասերների կազմակերպությունը:

 

***

 

Հոկտեմբերի 1-ը ոչ միայն Գյումրիի տոնն է, այլեւ Սուրճի միջազգային օրը:

 

Մենք` հայերս, ամբողջ աշխարհից ոչ պակաս ենք սիրում եւ գնահատում այդ անփոխարինելի ըմպելիքը, ինչը լավ առիթ է առավոտյան տանը սուրճի պարտադիր չափաբաժնից հետո այցելել մի քանի սրճարան, որտեղ ձեզ կառաջարկեն սուրճի տարատեսակ տարբերակներ:

 

August սրճարանում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ձեզ կառաջարկեն սրճային նոր`տաք եւ սառը խմիչքներ, հետաքրքիր համային համադրություններով եւ համեղ հյուրասիրությունով:

 

Մոսկովյան 3 հասցեում գտնվող the LOFT կենտրոնում կիրակի օրը սուրճին նվիրված ավելի ծավալուն երեկո է սպասվում, որին կմասնակցեն սուրճի ներկրողներ, տեղական արտադրողներ, քաղաքի ամենահամեղ սուրճ մատուցող սրճարանների ներկայացուցիչներ, որոնք հյուրասիրելու են եւ վաճառելու են իրենց սուրճը:

 

Նախատեսվում է նույնիսկ սուրճի գավաթով գուշակություն:

 

Մասնակցության արժեքն է 500 դրամ:

 

Գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 043 408 864 հեռախոսահամարով:

 

***

 

Կիրակի օրը «Փոքր թատրոնում» տեղի կունենա «Տzzան, Բzzան, ZZնգան հեքիաթներ»-ի ուրախ ներկայացումը` բեմադրված Կորնեյ Չուկովսկու եւ Հովհաննես Թումանյանի հեքիաթ-բանաստեղծությունների հիման վրա:

Լուսանկարը` Փոքր թատրոն

Բեմի վրա լինելու են Փոքր թատրոնի պատանի դերասանները: Սկիզբը ժամը 19:00-ին է, տոմսերի արժեքը` 1000 եւ 1500 դրամ:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին