Այց Արենի, «Պեպո», կիթառի երեկո, գունավոր հովազներ ու «Հովեր» - Mediamax.am

exclusive
4877 դիտում

Այց Արենի, «Պեպո», կիթառի երեկո, գունավոր հովազներ ու «Հովեր»


Լուսանկարը` ArtCorner ստուդիա

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Լուսանկարը` Արենու գինու փառատոն

Լուսանկարը` Ռաֆայել Մեգալի կայք


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

 

Հոկտեմբերի 7, շաբաթ

 

ArtCorner նկարչական ստուդիան (Օրբելի 65) դպրոցական տարիքի երեխաների համար կազմակերպում է հետաքրքիր եւ ոգեշնչող դասընթացներ, որոնց ընթացքում ներկայացվում է աշխարհահռչակ որեւէ նկարչի արվեստը, նրա կյանքն ու անցած ուղին, որից հետո երեխաները փորձում են ստեղծագործել այդ նկարչի ոճով:

 

Շաբաթ օրվա դասընթացը նվիրված կլինի ֆրանսիացի գեղանկարիչ Էդգար Դեգային:

Լուսանկարը` ArtCorner ստուդիա

Սկիզբը ժամը 13:00-ին է: Դասընթացի արժեքը 2 000 դրամ է: Մասնակցության համար պետք է նախապես գրանցվել` զանգահարելով 095 58 58 34 հեռախոսահամարով:

 

***

 

Ուրախալի է, որ Հայաստանում շարունակում է զարգանալ գինու մշակույթը, ինչի մասին վկայում են օրեցօր ավելացող գինու տեսակները, նոր գինետները եւ այն, որ նույնիսկ դասական խնջույքների ժամանակ շատերը ոգելից խմիչքներից նախընտրում է հենց գինին:

 

Առաջարկում ենք շաբաթ օրը մեկնել Վայոց ձորի մարզի Արենի գյուղ եւ մասնակցել արդեն ավանդական դարձած Գինու փառատոնին: Միջոցառման հիմնական նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը եւ խթանել խաղողագործությունը համայնքներում:

Լուսանկարը` Արենու գինու փառատոն

Ըստ եղանակի կանխատեսումների՝ շաբաթ օրը տեղումներ չեն սպասվում, այնպես որ կարող եք հանգիստ վայելել «ոսկե աշունը» եւ մեկ անգամ եւս համոզվել, որ «ճշմարտությունը գինու մեջ է»:

 

Փառատոնին կարող եք մեկնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ տուրիստական գործակալությունների միջոցով:

 

***

 

Եթե գինին ցանկանում ենք վայելել երեկոյան, ցերեկը կարող եք գնալ Մհեր Մկրտչյան Արտիստական Կենտրոն եւ դիտել «Ձախորդ փանոսի կտակը» ներկայացումը, որտեղ կհանդիպեք նաեւ այլ հեքիաթներից հերոսների, այն էլ՝ միմյանց հետ բարեկամական կապեր ունեցող:

 

Ահա պատմության կարճ բովանդակությունը.

 

Ձախորդ Փանոսի հարեւան Գյուլմարը երեք աղջիկ ունի՝ Նռնոն,Դռնոն եւ անբան Հուռին: Նա ցանկանում է, որ իր աղջիկները ամուսնանան, եւ անբան Հուռին դառնա Փանոսի կինը: Գյուլմարը, Նռնոն ու Դռնոն ամեն ինչ անում են այդ ամուսնությունն իրականացնելու համար: Գյուղի ավագները եւ երիտասարդները գալիս են շնորհավորելու ձախորդ Փանոսին: Նրանց նորակազմ ընտանիքում հերոսների երեւակայությամբ ծնվում է Կիկոսը, որի հայտնությունը գյուղում ծնում է աշխուժություն եւ ուրախություն: Փանոսը որսի գնալու ժամանակ լճում կորցնում է կացինը, այդ ժամանակ էլ նրա մոտ դողէրոցք է սկսվում: Գյուղի ավագները նրա համար քարաբաղնիս են պատրաստում: Քարաբաղնիսի ժամանակ Փանոսը…

 

Մնացածը կիմանաք` ներկայացումը դիտելով: Այն կսկսվի ժամը 15:00-ին, իսկ տոմսերը կարող եք պատվիրել այստեղ:

 

***

 

Շաբաթ երեկոյան՝ ժամը 20:00-ին, կիթառային երեկո կկայանա The Beatles փաբում: Իր պայծառ եւ բարի կատարումներով հանդես կգա Ելենա Երեւանը:

 

 

Հոկտեմբերի 8, կիրակի

 

Կիրակի օրը կարելի է առնչվել գեղեցիկի հետ՝ այցելելով Ազգային պատկերասրահ, որտեղ բացվել են բուլղարահայ գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռաֆայել Մեգալի աշխատանքները:

Լուսանկարը` Ազգային պատկերասրահ

Պետիկ Պետրոսյանի (1912-1989) «Նավամատույցներ» ցուցահանդեսում ընդգրկված են ավելի քան 90 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 3-ը:

 

Ռաֆայել Մեգալի (Ռաֆայել Մելիքյան) «Հովազները իմ ծաղկած այգում» անհատական ցուցահանդեսի շրջանակում նկարիչը պատկերել է բնության մեջ ընկղմված հովազներին՝ միաժամանակ ընդգծելով նրանց նրբագեղությունն ու ագրեսիան:

Լուսանկարը` Ռաֆայել Մեգալի կայք

Այս հավաքածուն Մեգալը ներկայացրել էր նաեւ Վենետիկի բիենալեի հայկական տաղավարում:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 25-ը:

 

***

 

Կիրակի երեկոյան Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում կարող եք դիտել «Պեպո»-ն՝ Արմեն Էլբակյանի մեկնաբանությամբ, որը փորձել է հնարավորինս չշեղվել բնօրինակից: Ներկայացման պրեմիերան կայացել էր անցյալ տարի, երբ թատրոնն իր դռները բացեց վերանորոգումից հետո:

 

Սկիզբը ժամը 19:00-ին է, տոմսերի արժեքը`1000, 1500, 2000, 3000 դրամ:

 

***

 

Կիրակի՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի ինստիտուտ-թանգարանում ելույթ կունենա «Հովեր» պետական կամերային երգչախումբը` կհնչեն հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները:

 

 

25-ամյա պատմություն ունեցող երգչախումբը թողարկել է 7 ձայնասկավառակ, մասնակցել է մի շարք ֆիլմերի («Արարատ», «Խոստումը» եւ այլն) եւ «Պեպո» ներկայացման երաժշտական աշխատանքներին:

 

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին