exclusive
3564 դիտում

Ջազ, ReAnimania, Հելոուին, նռան փառատոն, SHAKEspeare


Իգոր Բուտմանը
Իգոր Բուտմանը

Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

Հանգստյան օրերին քաղաքը ջազ է լսելու, պատրաստվելու է Halloween-ին, իսկ 7+ երեխաների համար առաջիկա ուիքենդը աշնանային արձակուրդների ուրախ մեկնարկ կլինի: 

28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Ժամը 13:00-ին Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի Անդերսենի հեքիաթի մոտիվներով «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է մոտ մեկ ամիս առաջ: Ներկայացման մեջ հատուկ ուշադրություն է դարձված պարերին, կան բրոդվեյան մյուզիքլի տարրեր:

Տոմսերի արժեքը` 600 դրամ:

***

Երեկոյան 20:00-ին յուրօրինակ հավաքույթ է սպասվում Pubnik.am-ում (Մոսկովյան 33)՝ քաղաքի խուճուճները (եւ ոչ միայն) հրավիրվում են ուրախ ժամանց անցկացնելու` կոկտեյլների եւ երաժշտության ներքո:

Խուճուճ հյուրերը բարից կօգտվեն 10% զեղչով: Բոլոր թաքնված գանգրահերների համար սա լավ առիթ է գոնե մեկ օրով մոռանալ վարսավիրանոցի մասին եւ վայելել խուճուճ լինելու առավելությունը: Մուտքն ազատ է, ամրագրման համար զանգահարեք 055 01 05 51 հեռախոսահամարով:

***

Ժամը 20:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը, որի ընթացքում հանդես կգան «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամները, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, երգչուհիներ Ալլա Սահակյանը, Մարբեյը, Սոնա Ումրոյանը:



Տոմսերի արժեքը` 2 000-ից 10 000 դրամ:

Գարի Քյոսայանը ծնվել է Երեւանում: 1970 թ-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1973 թ-ին ստեղծել է Հայաստանի առաջին ջազ տրիոն: 1988-ին տեղափոխվել է ԱՄՆ եւ երկու տարի անց կազմավորել է «Գարի Քյոսայան քառյակ»-ը: Բազմաթիվ ստեղծագործությունների եւ գործիքավորումների հեղինակ է: Կատարում է պրոգրեսիվ ջազ, ֆանկ, ռիթմ-ն-բլյուզ: 2003-ին տեղափոխվել  է Երեւան եւ շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանք վարել:

***

Ժամը 21:00-ին ջազային համերգ է սպասվում նաեւ Mezzo ակումբում: Բեմում կլինի էթնո-ջազ կատարող Time Report խումբը:



Խումբը ստեղծվել է 1996թ-ին` դաշնակահար Խաչատուր Սահակյանի եւ սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի կողմից: Ելույթ ունենալով Երեւանի առաջին միջազգային ջազ-փառատոնին (1998), խումբն արժանացավ  քննադատների եւ հանդիսատեսի բարձր գնահատականներին եւ նույն թվականին ԱՄՆ-ում թողարկեց իր դեբյուտային ձայնասկավառակը:

Տոմսերի արժեքը` 5 000-ից 20 000 դրամ:

***

Շաբաթ օրը Երեւանում կբացվի 9-րդ միջազգային ReAnimania անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի փառատոնը, որտեղ այս տարի ներառվել է շուրջ 200 ֆիլմ` 5 մրցութային ծրագրերում:

ReAnimania կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը, իսկ փառատոնի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Հոկտեմբերի 28-ը անիմացիայի միջազգային օրն է եւ այդ առիթով Էօն հակասրճարանում սպասվում է հանդիպում Սահակյանց եղբայրների հետ: Հայաստանում ամենամեծ անիմացիոն ստուդիայի հիմնադիրները կպատմեն սիրված մուլտֆիլմերի ստեղծման մասին:


Սկիզբը ժամը 18:00-ին է, տոմսերի արժեքը` 1500 դրամ: Տեղերը սահմանափակ են, ուստի հարկավոր է նախապես գրանցվել:

29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է Yerevan Jazz Fest 2017 փառատոնը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 3-ը: Yerevan Jazz Fest 2017-ն անցկացվում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո, իսկ փառատոնի գլխավոր գործընկերն է Երեւանի կոնյակի գործարանն՝ իր լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակով:


Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա փառատոնային երկրորդ համերգը, որի ընթացքում ելույթ կունենան Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբը, դաշնակահար Լեւոն Մալխասյանը, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը (Ռուսաստան) եւ երգչուհի Անի Արզումանյանը (Ֆրանսիա):
Իգոր Բուտմանը Իգոր Բուտմանը


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096 206 208 հեռախոսահամարով:

***

Կիրակի օրվանից Երեւանում ծավալվելու է Հելոուինին նվիրված ակտիվ գործունեություն: Շատերի կամքին հակառակ «բոլոր սրբերի օրը», այնուամենայնիվ, ամրապնդվեց նաեւ Երեւանում, մենք էլ առանձնացրեցինք այս տարվա թեմատիկ միջոցառումներից մի քանիսը:

Մանկական Հելոուինը նշելու համար «բարի» ուղղվածություն է ընտրվել. Էօն հակասրճարանում Օլօլօ ինտերակտիվ տիկնիկային թատրոնը կանցկացնի Սարսափելիբարի տիկնիկներ պատրաստելու աշխատարան: Բնականաբար, բոլոր Սարսափելիբարիները տուն կգնան իրենց արարիչների հետ:


Աշխատարանը նախատեսված է 6-10 տ. երեխաների համար: Մասնակցության արժեքը 2500 դրամ է՝ ներառյալ բոլոր նյութերը:

Նախնական գրանցման համար զանգահարեք 055 011 019 հեռախոսահամարով:

***

Հաջորդ բարի Հելոուինը տեղի կունենա YesRepublic-ում: Not Spooky Halloween-ի ընթացքում երեխաները ուրախ ժամանց կանցկացնեն` հետաքրքիր փորձությունների, դիսկոտեկի, պղպջակների եւ գիտական թեմատիկ փորձերի առատությամբ:

Միջոցառման ժամերն են`13:00-16:00, 18:00-21:00:

Մանրամասների եւ գրանցման համար զանգահարեք 060 75 00 55 հեռախոսահամարով:

***

Նույնիսկ այդ տոնից ոչինչ չհասկացող մարդիկ տեղյակ են, որ չի լինում Հելոուին առանց զարդարած դդումի: Այս տարի դդում զարդարելը կարող է զանգվածային զվարճանքի վերածվել՝ որոշ սրճարաններում հոկտեմբերի 29-ից 31-ը բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել այդ ուրախ գործընթացին:

Կիրակի օրը, ժամը 18:00-ից սկսած, դդումներ են զարդարելու Square one, Segafredo, Cinnabon սրճարաններում: Մեծ քանակությամբ դդումները կտրամադրվեն կազմակերպիչների կողմից, ձեզ կմնա միայն բացահայտել դդում փորելու սեփական ձիրքի ուժը:

***

Դդումները միշտ կարելի է փոխարինել շոկոլադով: Ավելին`ինքնուրույն պատրաստել այն, ընտրելով նախընտրած ձեւն ու համը: Քաղցր ֆանտազիաները կարող եք իրականացնել THE LOFT-ում կայանալիք CHOCOLAB-ի վարպետության դասի ժամանակ: «Սարսափելի» թեմայի մեջ մնալու համար քաղցրավենիքը կարող եք դդմի տեսքով պատրաստել:

Մասնակցության արժեքը` 4000 դրամ: Գրանցման համար զանգահարել ` 043 408 864

***

Ժամը 19:00-ին «Փոքր թատրոն» գեղագիտական կենտրոնում տեղի կունենա SHAKEspeare պարային ներկայացումը` «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո», «Լիր արքա» ողբերգությունների մոտիվներով: Տոմսերի արժեքը` 1500 եւ 2000 դրամ է:


***

Ինչպես միշտ, կա նաեւ քաղաքից փախչելու այլընտրանքը, այս անգամ` Արցախի Մարտունի քաղաք, որտեղ առաջին անգամ կանցկացվի Նռան փառատոն: Փառատոնի հիմնական նպատակը նռան մշակմամբ զբաղվող այգեգործներին խրախուսելն է: Բացի այդ, կլինեն արցախյան բարիքների տոնավաճառ, ազգագրական խաղեր ու պարեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:


Նռան փառատոնին մասնակցելու համար կարող եք ընտրել տուրիստական գործակալությունների կողմից առաջարկվող տարբերակներից որեւէ մեկը:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am