exclusive
3233 դիտում

«Մանյունյա», «Ժիզել», «Էմերսոն» քառյակ, այց Երերույք եւ JC Smith


Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է պատմել, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին Երեւանում եւ մայրաքաղաքից դուրս:

Առաջիկա ուիքենդը հագեցած է հետաքրքիր միջոցառումներով: Հատկապես աչքի է ընկնում շաբաթ օրը, որտեղ «տեղավորվել» են ամենաբազմաժանր իրադարձությունները՝ օնլայն շոփինգի փառատոնից մինչեւ բալետ:

11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՇԱԲԱԹ

Նարինե Աբգարյանի «Մանյունյան» վերջապես լույս է տեսել հայերեն: Այդ ուրախալի իրադարձության կապակցությամբ ժամը 13:00-ին Պետական կամերային թատրոնում կկայանա գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը`հեղինակի մասնակցությամբ:


«Մանյունյան»` զվարճալի եւ դրական լիցքեր երաշխավորող գիրք է երկու ընկերուհիների` Նարինեի եւ Մանյունյայի մասին, որոնց բազմաթիվ արկածներին ծանոթանալուց հետո կհամոզվեք, որ ձեր երեխաներն այդքան էլ չարաճճի չեն:

Թարգմանիչը Նարինե Գիժլարյանն է, ով գրքի հեղինակի եւ բոլոր հերոսների պես Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, ինչը երաշխավորում է ողջ կոլորիտի փոխանցումը, այդ թվում` որոշ կերպարների բարբառով խոսելը:

Ի դեպ, շնորհանդեսին գիրքը կարող եք ձեռք բերել հատուկ գնով եւ հեղինակի ստորագրությամբ: Մուտքն ազատ է:

***

Մեկ այլ բարի միջոցառում սպասվում է Հովհաննես Թումանյանի թանգարանում: Ժամը 15:30-ին «Օլօլօ» ինտերակտիվ շարժական թատրոնը 4-8 տարեկան երեխաների համար կներկայացնի «Թումանյանի հեքիաթներ» ներկայացումը:

Մուտքն արժե 1000 դրամ, իսկ մեկ ընտանիքից երրորդ երեխան կարող է միջոցառմանը մասնակցել անվճար:

***

Շատ արդիական միջոցառում տեղի կունենա Ամերիկյան համալսարանում: Ժամը 15:00-ին այնտեղ կսկսվի օնլայն գնումներին նվիրված փառատոնը: Քանի որ օնլայն շոփինգը դարձել է շատերիս առօրյայի անբաժանելի մասը, չի խանգարի լրացուցիչ տեղեկություններ իմանալ` այն ավելի շահավետ եւ ապահով կազմակերպելու համար:

Փառատոնի հիմնական թեմաներն են.

«Ինչպես գնել Չինաստանից եւ խնայել 5 անգամ»;

«Սեւ Ուրբաթ (գնումներ ամենամեծ զեղչերով)»

Կլինեն նաեւ թեմատիկ տաղավարներ, որտեղ կարող եք ծանոթանալ մաքսազերծման հարցերին, կատարել առաջին օնլայն գնումը:


Միջոցառմանն իրենց «հստակ խոսքն են» ասելու Գլոբբինգ ընկերության գնումների մասնագետ Անահիտ Հարությունյանը եւ հատուկ հյուր, մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

***

Այս օրերին, երբ եղանակը մռայլ ու անձրեւոտ է, բոլորս կարոտում ենք ամռան վառ գույները, որոնք պատկերելու չգերազանցված վարպետն, իհարկե, Մարտիրոս Սարյանն է: Շաբաթ եւ կիրակի օրերին Սարյանի արվեստին կարող եք ծանոթանալ ոչ միայն նրա տուն-թանգարանում, որը վերջերս նշեց հիմնադրման 50-ամյակը, այլեւ Երեւանի կոնյակի գործարանի Արարատ թանգարանում:


Այստեղ ցուցադրվում է Վարպետի «Ղամարլու» նկարը: Թանգարանում կարող եք տեսնել նաեւ Սիլվա Կապուտիկյանի նամակը Մարտիրոս Սարյանին: Այդ նամակում բանաստեղծուհին գրել է, որ Հայաստանն ունի երկու խորհրդանիշ՝ Արարատն ու Սարյանը: 

Երեւանի կոնյակի գործարանի շենքում գործող թանգարանը այցելուներին ընդունում է առավոտյան 09:00-ից 20:00-ը: Այցելությունները կատարվում են նախնական ամրագրմամբ:

***

Ժամը 18:00-ին քնել սիրող երեխաները հրավիրվում են Yes Republic, որտեղ տեղի կունենա ուրախ Pijama party:


Զվարճանքների ընթացքում բոլոր մասնակիցները կպատրաստեն սեփական փափուկ բարձը: Գրանցման համար հարկավոր է զանգահարել 060 75 00 55 հեռախոսահամարով:

***

Նույն ժամը 18:00-ին մեծերը`անկախ նկարչական ունակություններից, կարող են իրենց մի քիչ Վան Գոգ զգալ` մասնակցելով Ռուսական Արվեստի թանգարանում կայանալիք «Ինքնաբուխ նկարչություն» արտ-երեկոյին: Նկարչի ստեղծագործություններին ծանոթանալուց հետո, երեկոյի մասնակիցները կփորձեն նկարել նրա ամենահայտնի նկարներից մեկը`«Արեւածաղիկները»:


Մասնակցության արժեքը` 1500 դրամ:

Գրանցման համար զանգահարեք 091 464 334 հեռախոսահամարով:

***

LOFT-ում սպորտային տրամադրություն է տիրելու. ժամը 19:00-ին այստեղ կմեկնարկի սեղանի թենիսի մրցաշարը:


Իրենց ուժերը կարող են փորձել  բոլոր ցանկացողները, միայն անհրաժեշտ է գրանցվել այստեղ: Մուտքավճարը` 1500 դրամ:

***

Ժամը 19:00-ին կարող եք ընկնել թատերական ֆանտազիայի գիրկը` ըստ Պարույր Սեւակի ստեղծագործությունների: Երեւանի Դրամատիկական թատրոնում ներկայացված «Անվերջ Վերադարձ»-ի մեջ արտացոլված են Սեւակի պոեզիան եւ հոդվածագրությունը, բանաստեղծի պայքարը կեղծիքի եւ հնաոճության դեմ:



***

Դասականը նախընտրող հանդիսատեսին ժամը 19:00-ին կսպասեն Օպերայի եւ բալետի Ազգային ակադեմիական թատրոնում՝ այստեղ կցուցադրվի «Ժիզել» բալետը:


Քաջ հայտնի պատմության հիմքում ընկած են խեղճ Ժիզելի սիրային ապրումները, դրանց հաջորդած մահը եւ «վիլլիսների» (մինչեւ հարսանիքը մահացած հարսնացուների) գեղեցկագույն, բայց մահացու պարերը:

Տոմսերի արժեքը՝ 1000-6000 դրամ:

***

Բարձրարվեստի իրական գնահատողների համար նվեր է պատրաստել «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը: Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  ելույթ կունենա 9 «Գրեմմի»-ի մրցանակակիր, աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակը:


Քառյակը հիմնվել է Նյու Յորքում շուրջ 50 տարի առաջ եւ մինչ օրս համարվում է կամերային երաժշտության լավագույն մեկնաբանողներից մեկը:

Կհնչեն Բեթհովենի, Վեբեռնի, Բարտոկի ստեղծագործությունները:

Տոմսերի արժեքը՝ 2 000-ից 20 000 դրամ:

***

Նոյեմբերյան կրքոտ երեկո է սպասվում Փաբնիկում: Nouart Aznuni գինու հյուրասիրությունից բացի հնարավորություն կունենաք արգենտինական տանգո պարել, կամ առնվազն սովորել հիմնական քայլերը:


Tango Wine Night-ի սկիզբը` 20:00-ին: Ամրագրման համար զանգահարել` 055 01 05 51:

***

«Կամի» ակումբում շաբաթ օրը բլյուզային երեկո է սպասվում: Հանդես կգա հայտնի բլյուզմեն, վոկալիստ եւ կիթառահար JC Smith-ը: Այս խարիզմատիկ երաժիշտը հանդես է եկել բլյուզի այնպիսի լեգենդների հետ, ինչպիսիք են՝ Buddy Guy-ը, BB King-ը, Hubert Sumlin-ը, Buddy Miles-ը:



2006 թվականին նրա JC Smith Band-ը ճանաչվել է տարվա լավագույն խումբ եւ արժանացել է ԱՄՆ-ում բլյուզային ամենաբարձր մրցանակի՝ ընդգրկվել է բլյուզի Փառքի Սրահում:

Համերգի սկիզբը՝ 21:30-ին: Տոմսերի արժեքը՝ 5000 եւ 10000 դրամ:

12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԿԻՐԱԿԻ

Կիրակի  օրը դպրոցական տարիքի երեխաները կրկին ստեղծագործելու հնարավորություն կունենան: Art Corner նկարչական ստուդիայի նկարիչներին նվիրված ավանդական դասընթացների շրջանակներում այս անգամ Պիկասոյի օր է հայտարարված:


Կներկայացվեն նկարչի կյանքն ու աշխատանքները, իսկ վերջում երեխաները կփորձեն նկարել նրա ոճով: Մասնակցության արժեքը 2000 դրամ է, գրանցվելու համար զանգահարեք 095 58 58 34 հեռախոսահամարով:

***

Մեկ այլ ստեղծագործական միջոցառում տեղի կունենա LOFT-ում: Ժամը 13:00-ին 5-14 տարեկան երեխաներն այնտեղ պատրաստելու են պատի ժամացույց: Սկզբում այն նկարվելու է փայտի վրա, այնուհետեւ ամրացվելու է մեխանիզմը:


Աշխատարանին գրանցվելու համար հարկավոր է զանգահարել 043 408 864 հեռախոսահամարին: Մասնակցության արժեքը կազմում է 5 000 դրամ:

***

Ժամը 13:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ հավաքվելու են հին Երեւանը սիրող եւ քաղաքի պատմությունով հետաքրքրվող մարդիկ՝ քաղաքային զբոսանքին մասնակցելու համար:

Լուսանկարը` Երեւանի պատմության թանգարան


Աբովյան-Նալբանդյան-Հանրապետության փողոցներով շրջելիս կներկայացվեն շենքերի եւ շինությունների, նշանավոր անձանց եւ նրանց գործունեության մասին պատմությունները:

Զբոսանքի արժեքը՝ 3000 դրամ: Գրանցվել կարելի է այստեղ:

***

Ժամը 13:00-ին Աղվերանի Aghveran Best Western հյուրանոցում կանցկացվի Տոլմայի փառատոն: Նախատեսվում է 17 տեսակի տոլմայի ճաշակում, վարպետության դաս, իսկ հետո՝ խաղեր եւ մրցույթներ: Փառատոնին մասնակցելու արժեքը մեկ անձի համար կազմում է 10 000 դրամ: Գրանցվել կարելի է այս հղումով:

Մեկնումը Երեւանից՝ 13:00-ին, վերադարձը՝ 20:00-ին:

***

Shirak Tours-ի շնորհիվ կիրակի օրը հնարավորություն կընձեռվի 8 կմ հեռավորությունից տեսնելու Հայաստանի պատմական Անի մայրաքաղաքը, այնուհետեւ ուղեւորվել Անիպեմզա գյուղ, որտեղ գտնվում է Երերույքը՝ մեր հնագույն տաճարներից մեկը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ուղեւորության արժեքը մեկ անձի համար կազմում է 3500 դրամ: Գրանցվելու համար գրեք Shirak Tours-ի էջին կամ զանգահարեք + 0312 57659:

***

Ժամը 19:00-ին իտալական կրքեր են սպասվում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում, որտեղ բեմադրվել է Դարիո Ֆոյի «Ամեն գող՝ գող չէ» կատակերգությունը:

Աղքատության մեջ ապրող ամուսինները որոշում են գողության դիմել եւ թալանել մի հարուստ զույգի առանձնատունը: Սակայն անհավատարիմ տանտերը որոշում է օգտվել կնոջ բացակայությունից եւ սիրուհու հետ գալիս է տուն այն պահին, երբ այն թալանվում է: Գողի կինն էլ որոշում է զանգահարել ամուսնուն, որպեսզի տեսնի, թե որ փուլում է նա գտնվում, սակայն հեռախոսին մոտենում է տանտիրոջ սիրուհին: Լսելով նրա ձայնը՝ կինը մտածում է, որ ամուսինն իրեն դավաճանում է: Զայրացած, նա որոշում է վրեժխնդիր լինել եւ զանգահարում է տանտիրոջ կնոջը…

Տոմսերը կարող եք պատվիրել այստեղից:

***

Կիրակին լավ եզրափակելու համար գնացեք Ֆորշ Ակումբ, որտեղ ժամը 21:00-ին հանդես կգա Վահան Գեւորգյանը (ով չգիտի՝ դա հենց ինքը Ֆորշն է)՝ Re Minor խմբի հետ:



Մուտքի արժեքը՝ 4000 դրամ:

Աննա Բուբուշյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am